Հայաստանում
ՌԴ դեսպանատան բյուրոկրատիան աշխատում է Գոգոլի եւ Սալտիկով-Շչեդրինի նկարագրած «ավանդական»
ոճով: Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան հետ կապված փաստաթղթային
որեւէ խնդիր ունեցող քաղաքացիները (դրանք հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն
ընդունած, սակայն ազգությամբ հայերն են) դեսպանատան դռներին ամիսներով հերթ կանգնելուց
հետո միմյանց հանդեպ արդեն պարզապես hարազատական զգացմունքներ են տածում: Հայերն
այդպիսի «սովորություն» ունեն. նրանք, որպես կանոն, իրենց ավելի ապահով են զգում,
երբ իրենք կամ առնվազն իրենց ընտանիքի անդամներից որեւէ մեկը Ռուսաստանի Դաշնության,
ԱՄՆ-ի, եվրոպական որեւէ երկրի քաղաքացիություն ունի: Հանուն այդ «վեհ նպատակի»՝ նրանք
հանդուրժում են, որ օրերով, ամիսներով իրենց նվաստացնեն մեր երկրում օտարերկրյա դեսպանատների
չինովնիկները՝ արեւին, անձրեւին ու ձմռան սառնամանիքին որեւէ փաստաթղթի համար դրսում
անորոշության մեջ պահելով: Օտարերկրյա չինովնիկներից այս մարդիկ դժգոհ չեն սոսկ այն
պատճառով, որ նրանք ունեն մի հիմնական «առավելություն»՝ ՀՀ քաղաքացի չեն: Ժամանակին
երկար հերթեր էին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան դռանը: Հիմա արդեն նման հերթեր են նաեւ
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դարպասների մոտ: Այստեղ գործում է խորհրդային ժամանակներին
խիստ բնորոշ ամենակարեւոր ատրիբուտը՝ ամեն օր «թարմացվող» հերթը: Կորած անձնագրերի
վերաձեւակերպման, քաղաքացիության ստացման եւ նմանատիպ այլ խնդիրներ ունեցողների համար
հատկացված է շաբաթը երկու օր՝ երկուշաբթի՝ ժամը 9-11-ը եւ 14:15-ից 17:45-ը եւ ուրբաթ՝
16:15-ից՝ 18:30: Դեսպանատան համապատասխան աշխատակիցներն իրենց առանձնապես նեղություն
չեն տալիս, հետեւաբար մեկ օրվա ընթացքում դեսպանատուն է մտնում միջինը 4-5 հոգի:
Եվ քանի որ ցուցակն էլ խիստ մարդաշատ է, մյուսները ստիպված են վերահերթագրվել հաջորդ
ընդունելության համար նախատեսված ցուցակում. կարգն է այդպիսին: Հերթագրման այս պրոցեսը
կարող է տեւել մեկ ամսից մինչեւ տասը ամիս կամ անգամ մեկ տարի. «Վախենալու բան չունեմ,
բայց անունս չեմ ասի,- պատմեց հերթագրվածներից ամենաքաջը,- ուղիղ մի տարի է՝ գնում-գալիս
եմ: Կորցրել եմ անձնագիրս»: Այս մարդուն երկուշաբթի օրը բախտը վերջապես ժպտացել էր.
նրան ընդունել էին, սակայն ձեռնունայն ճանապարհել էին՝ խոստանալով առաջիկայում կանչել:
ՌԴ դեսպանատան մուտքի հերթը մի այլ յուրահատկություն եւս ունի: Մեկ ամիս ամեն
օր հերթագրման ներկայացած կանանցից մեկը պատմում էր. «Դեսպանատունը կոնսուլտացիոն
բաժին չունի: Մեկ ամիս ամեն օր հերթագրվելուց հետո այսօր վերջապես ընդունեցին, սակայն
պարզվեց, որ փաստաթղթերից մեկը պակաս է»: Բայց հաջորդ օրը պակասը լրացնելու հնարավորություն
այդ կնոջը չէին տվել: «Անհրաժեշտ փաստաթուղթը ներկայացնելու համար ես դարձյալ պետք
է… հերթագրվեմ»: Վերջին մեկ ամսում իր բարեկամուհու համար օրվա տարբեր ժամերին
հերթագրվող Հարություն Սարաֆյանը (ի դեպ, միակ մարդը, որ ներկայացավ) պատմում է.
«Ե՛վ գիշերվա ժամերին՝ ժամը 23-ին, 24-ին, ե՛ւ առավոտյան ժամը 6-ին, 7-ին գալիս եմ
ցուցակագրվում, որ, ինչպես ասում են, գեթ մեկ անգամ բարեկամուհիս կարողանա մտնել
դեսպանատուն: Խայտառակ վիճակ է. գալիս են բազմաթիվ մարդիկ՝ հերթագրվելու, սակայն
եթե ցուցակում 30-ից ավելի հերթագրվածներ են լինում, մյուսներն արդեն չեն էլ հերթագրվում,
անհույս թողնում, գնում են»: Երկուշաբթի օրը, երբ մենք ներկա էինք հերթագրման
պրոցեսին, դեսպանատնից կանչեցին մեկին, որի հերթը մի քանիսի բացակայության պատճառով
հասել էր, սակայն վերջինս, պարզվեց, բոլորովին հույս չունենալով, որ իրեն կհրավիրեն,
անգամ փաստաթղթերը չէր վերցրել: Ավելորդ է ասել, որ օրվա ավարտին նա եւս շտապեց իր
համար արդեն ավանդական պրոցեսին՝ հերթագրվելուն: Այս անհեթեթ իրավիճակը պարզաբանելու
նպատակով դիմեցինք դեսպանատան մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Ռոման Տիտովին: Վերջինս մեզ խորհուրդ տվեց նամակ գրել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր
դեսպան Նիկոլայ Վիկտորովիչ Պավլովի անունով եւ այնտեղ շարադրել մեր առաջարկները՝
«խնդրի կարգավորման շուրջ»: Դեսպանատան պարզաբանումը մեզ պետք էր ընդամենը
լրագրողական նյութում՝ հակառակ կողմի փաստարկները լսելու եւ հրապարակելու նպատակով:
Կամ գուցե դրա համար նույնպե՞ս պետք է հերթագրվել: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ