Վտարված
բնակիչները՝ իրավազուրկ Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանին են դիմել Բուզանդի
փողոցի վտարվածները: «Կողբացի 28 հասցեի շենքը, որտեղ ապրում էր հիմնադիր ընտանիքը
1930թ. եւ Վարդանյանները` 9 անձով, տարածքի համատեղ սեփականատերերն էին: Այդ բազմաբնակարան
եւ բնակիչների կողմից սեփականաշնորհված շենքի տակի հողը՝ առանց սեփականատերերին տեղյակ
պահելու եւ նախապատվության իրավունքով գնման առաջարկելու, Կենտրոն թաղապետարանը 1000
քմ-ն 5000 դոլարով վաճառեց «Անուր» ՍՊԸ-ին, որը չնչին գումարներով փորձեց ազատել
տալ շենքը եւ շուկայականից ցածր գնով, դատարանի միջոցով խլեց հանրային կարիքների
անվան տակ»,- գրում են վտարվածները: Վտարում իրականացնողները չեն ստորագրել պայմանագիր,
փոխհատուցումն ըստ էության չի տրված: Մնում է, որ իրավաբանները պատասխանեն՝ արդյո՞ք
առանց իրավական փաստաթղթի վտարումը հանցագործություն չէ: «Պուշկինի 34 հասցեի
Եդիգարյանների սեփական տունը կառուցվել է 130 տարի առաջ իրենց նախապապի կողմից, որը
գնելով՝ 612.2 քմ այդ հողատարածքի վրա կառուցել էր բնակելի երկկողմանի ճակատային
տուն՝ 265.8 քմ, որտեղ բնակվել են սերնդե-սերունդ: Շենքն իբրեւ պատմական եւ մշակութային
հուշարձան արգելվում էր քանդել եւ պահպանվելու էր պետության կողմից»: Պետությունը
փոխհատուցեց 5 ընտանիքների, այն դեպքում, երբ այն ունեցել է 12 վարձակալ: Եդիգարյան
քույրերը իրենց սեփականության իրավունքի խախտման հարցով դիմեցին դատարան: Դատարանը,
ըստ նամակագիրների, չճանաչեց անգամ Եդիգարյանների ժառանգական իրավունքը: «Վտարումն
իրականացնելու ժամանակ կտրուկ սրվեց Նորա Եդիգարյանի առողջական վիճակը: Կանչված շտապ
օգնությունը անթույլատրելի համարեց մահամերձ կնոջ վտարումը, որին պատգարակով էին
հանում պապական տնից: ԴԱՀԿ-ին դա չէր հետաքրքրում. մի քանի ժամ անց Եդիգարյանը մահացավ»:
Մի՞թե կատարվածը սպանություն չէր: Նամակագիրները նշում են Պապյանների, Ղասաբյանների,
Բաղդասարյանների, Մկրտչյանների վտարումները՝ տարաբնույթ ձեւերով ու իրավախախտումներով:
«Դատարաններում անօրինական գործողությունների զոհն ենք դարձել»,- գրում են անտուն
ու իրավազուրկ դարձածները՝ ակնկալելով հարցի վերջնական լուծում: Ռ.
Մ.