Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԱՎԱԴՍԿՈՅ ԴԵՖԵԿՏ»

Փետրվար 18,2006 00:00

Երաշխիքային
սպասարկում՝ առանց երաշխիքի Բժիշկ Հովսեփ Շամախյանը 2004թ. դեկտեմբերին Սայաթ-Նովայի
24 հասցեում գտնվող «Ֆիլիպս» խանութից գնում է «Ռայփուլ» («Whirlpool») ֆիրմայի սառնարան,
որը, ի վերջո, նրան հասցնում է դատարան: Գնման օրից 7 ամիս անց՝ երաշխիքային
ժամկետի ընթացքում, 465 դոլար արժողությամբ սառնարանը սկսում է չիրականացնել իր հիմնական՝
սառեցման ֆունկցիան: Խանութն ուղարկում է մի քանի մասնագետ, որոնցից առաջինն անսարք
դետալը փոխարինում է այլ ֆիրմայի դետալով՝ պատճառաբանելով, թե «Ռայփուլ» ֆիրմայի
դետալներ չեն բերվում, իսկ օրեր անց ի հայտ եկած նույն թերությունն արդեն երկրորդ
մասնագետը ոչ մի կերպ չի կարողանում վերացնել: Վերջինս նշում է, որ անսարքությունը
գործարանային է, եւ պետք է ուղղակի փոխել սառնարանը: Ի դեպ, 2 մասնագետներն էլ հրաժարվում
են լրացնել երաշխիքային կտրոնը՝ պնդելով, թե խանութի աշխատողներ չեն ու պահանջում
են վճարել իրենց կատարած աշխատանքի եւ փոխված դետալի համար: Խանութի տնօրինությանը
հանդիպելու՝ Հ. Շամախյանի փորձերն ապարդյուն են անցնում: «Ամեն անգամ վաճառողներն
ասում էին, թե տնօրենը քաղաքում չէ, մենեջեր չկա, իսկ սառնարանը փոխելու պահանջս
մերժում էին՝ պատճառաբանելով, որ այն իմ մեղքով է փչացել»,- պատմում է Հ. Շամախյանը:
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ «ապրանքը նմանօրինակ
նմուշի ապրանքով փոխարինելու» պահանջով բժիշկ Շամախյանը գրավոր դիմում է խանութին,
բայց ապարդյուն: Հետո նույն պահանջով հայց է ներկայացնում դատարան: Նրան փաստաբանական
օգնություն է տրամադրում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը:
Հ/կ-ի աշխատակից Վարդուհի Սարոյանի խոսքերով՝ հայցի մերժման համար պատասխանողը պետք
է դատարանում ապացուցի, որ ապրանքի թերությունը սխալ օգտագործման հետեւանքով է առաջացել,
ինչն էլ մեզ հետ զրույցում ընդգծում էր «Ֆիլիպս» խանութի վաճառող Աշոտ Ավետյանը:
Ըստ նրա՝ սառնարանի անսարքության ամենահավանական պատճառը գերծանրաբեռնված շահագործումն
է եղել. «Զավադսկոյ դեֆեկտը» մինչեւ 20 օրը կերեւար, ոչ թե 7-8 ամիս հետո: Էդ «խալադելնիկը»
դրել «նագռուզկի» տակ աշխատացրել են, ուզում են չփչանա՞: Ութ ամսում մարդն ա մաշվում-մեռնում…»,-
ասում է նա: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը
(դատավոր՝ Հրաչ Հովհաննիսյան) պատասխանող կողմի՝ «Ֆիլիպս» խանութի սեփականատեր «Նոր
վերելք» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Նարինե Ասլանյան) չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգեց:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի ներկայացուցիչ Վ. Սարոյանը
վստահ է, որ դատարանը հայցը կբավարարի: Իսկ «Ֆիլիպս» խանութի վարքագիծը նա պայմանավորում
է նրանով, որ այսօր պրակտիկայում հազվադեպ է լինում, երբ սպառողը գլխացավանքների
գնով փորձում է պաշտպանել իր ոտնահարված իրավունքները. «Մարդիկ գերադասում են վնաս
կրել, քան դատարան դիմել»,- շեշտում է նա: ԱՐԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել