Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային Ստեփանավան

Փետրվար 18,2006 00:00

Ստեփանավանում երկրաշարժից հետո հարյուրավոր ընտանիքներ
մինչ օրս ստիպված են ապրել ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ գտնվող շենքերում: Այսօր
Ստեփանավանում 12 բազմաբնակարան շենք համարվում է վթարային: Տասը տարի առաջ «Հայսեյսմշին»
կազմակերպության կատարած ուսումնասիրությունների արդյունքում այդ վթարային շենքերը
բաժանվել են կարգերի, ըստ որի 2-ը երկրորդ կարգի վթարային է համարվել (դեռ կարելի
է ապրել), 8-ը՝ 3-րդ (փլվելու վտանգն ավելի մեծ է), իսկ մյուս 2-ը՝ 4-րդ կարգի (ապրելն
արգելվում է օրենքով): Վերջին կարգավիճակի շենքերում, չնայած օրենքի պահանջներին,
շարունակում են մարդիկ ապրել: Ստեփանավանի քաղաքապետարանում բացատրում են, որ այդ
ընտանիքները բնակարանով ապահովվել են դեռեւս անցյալ տարի՝ առաջնահերթության ցուցակի
համաձայն: Շենքում ապրողները չեն հերքում այդ փաստը, բայց ավելացնում են, որ երկրաշարժից
հետո իրենց ընտանիքները մեծացել են, երեխաներն ամուսնացել են, ուստի մեկ բնակարանը
քիչ է: Չարենցի 179 շենքը համարվում է 3-րդ կարգի, բայց՝ անհապաղ վերանորոգման
ենթակա: Այս շենքում 48 ընտանիք է ապրում: Նրանցից շատերն այստեղ են շենքի շահագործման
օրվանից՝ արդեն 33 տարի: 77-ամյա Արաքսյա Մարդոյանը իր աղջկա հետ ապրում է շենքի
5-րդ հարկում: Այս հարկի բնակիչները շենքի կիսախարխուլ վիճակի պատճառով ամենից շատ
են տուժում: «Շան տանջանք ա սկսվում անձրեւոտ օրերին, մեկ էլ՝ ձնհալի ժամանակ, տանը
զոնտիկով ենք ման գալիս, սաղ պոլերին աման-չաման ենք շարում, որ տանը ջրհեղեղ չլինի,
հարեւանի տուն չլցվի, կռիվ չսկսվի, ներքեւի հարեւանի հետ էլ ամեն շաբաթ կռվում եմ,
նրա տունն էլ ջոգ ա փչանում»,- բողոքում է Ամալյա Մարդոյանը: Շենքում լուրջ
խնդիր է նաեւ ներքին կոյուղացանցի եւ ջրատար խողովակների մաշվածությունը: Դրանց հետեւանքով
ջուրը լցվում է շենքի հիմքը՝ մեծացնելով առանց այդ էլ փլվելու պատրաստ շենքում ապրելու
վտանգը: Քաղաքապետարանում նշում են, որ քաջածանոթ են խնդրին, բայց քաղաքաշինության
նախարարությանը դիմելուց բացի՝ ոչինչ անել չեն կարող. տեղական բյուջեի հնարավորությունները
սուղ են, իսկ առաջնահերթությունը անտուն մնացածներինն է: Անօթեւան ընտանիքների
թիվը Ստեփանավանում ցուցակով 164 է, բացի այդ՝ գոյություն ունի պետական բնակարան
չկորցրած, բայց անօթեւան համարվող ընտանիքների եւս մեկ ցուցակ՝ թվով 612: Նրանց մեծ
մասն ապրում է վագոն-տնակներում, եւ ՏԻՄ ուշադրության կենտրոնում հենց այսպիսի ընտանիքներն
են: Երկու տարի առաջ 3-րդ կարգի վթարային շենքերից մեկի պատշգամբը փլվելու
հետեւանքով մի կին մահացավ: Այդ մասին խոսեցին մեկ շաբաթ: Հետո տունը վաճառեցին,
նոր տանտերը նոր պատշգամբ կառուցեց, ու բոլորը մոռացան, որ շենքի կիսախարխուլ վիճակը
մարդկային կյանք արժեցավ: Իսկ վթարային շենքերում շարունակում են ապրել: ՑՈԼԻՆԵ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ hetq.am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել