Պետավտոտեսուչներին
տրվել է փող աշխատելու նոր հնարավորություն Երեկվանից ուժի մեջ են մտել տրանսպորտային
միջոցների շահագործման հետ կապված «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» մի
շարք փոփոխություններ, որոնց կիրառումը գործնականում անհնար է: Ներկայացնում ենք
փոփոխված հոդվածներից մեկից՝ թիվ 124-ից մի հատված, որի՝ Ազգային ժողովի վեբ կայքում
տեղ գտած «օրիգինալ» տարբերակն այս տեսքն ունի. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային
միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպես նաեւ կանգառի կետերի
տարածքից դարս կանզստ կատարելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ
տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի
չավավ»: Եթե չկառչենք տեքստն անհասկանալի դարձնող ուղղագրական սխալներից, պետք է
հասկանալ, որ երեկվանից տրանսպորտային փոխադրամիջոցները պետք է կանգնեն միայն կանգառի
նշան համարվող «զոնտիկների» կամ ծածկերի մոտ, թե չէ ավտոտեսուչը վարորդին կտուգանի
7000 դրամով, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 15000 դրամ: Հետաքրքիր
է, օրենսդրական փոփոխությունը մշակելիս հեղինակները գոնե մեկ անգամ օգտվե՞լ են ներքաղաքային
որեւէ փոխադրամիջոցից ու նկատե՞լ են, որ ոչ մայրաքաղաքում, ոչ հանրապետության այլ
մեծ ու փոքր քաղաքներում, ոչ էլ առավել եւս՝ միջքաղաքային մայրուղիներում կանգառի
հիշյալ «նշանները» հատուկենտ են: Երեւանի քաղաքապետարանը նոր-նոր է նախատեսում ընդունված
անվտանգության եւ այլ չափանիշերով քարտեզագրել եւ տեղադրել կանգառի նորմալ նշաններ,
իսկ դրանց մոտ նաեւ՝ տեղումներից ու արեւից պաշտպանվելու ծածկեր եւ նստարաններ: Դրա
համար քաղաքապետարանը դեռ մեծ անելիք ունի՝ հաստատել մայրաքաղաքի երթուղային ցանցը
եւ տրանսպորտի ժամանակացույցը, որի մասին մի քանի տարի է, ինչ խոսում ու ոչինչ էլ
չեն անում: Իսկ դա անհրաժեշտ է, որպեսզի կանգառանշանների վրա նշվի, թե որ համարի
տրանսպորտատեսակը որ կանգառում ու երբ կհայտնվի: Մյուս քաղաքների, իսկ քանի որ օրենքում
հստակ առանձնացված չէ՝ «քաղաք», ուրեմն նաեւ՝ գյուղերի եւ ավտոճանապարհների մասին
նույնիսկ խոսակցություն չկա: Իսկ վարորդներին ստիպել, որ հրաժարվեն որտեղ
ասես կանգնած ու ձեռքը բարձրացրած «գումարից»՝ ուղեւորից, որոնց քանակից է կախված
իրենց օրվա հասանելիքը՝ խիստ բարդ հարց է: Ծայրահեղ դեպքում փոփոխությանը կարող են
ենթարկվել խոշոր շարժակազմերի, օրինակ՝ տրոլեյբուսների, ավտոբուսների վարորդները,
որոնց ուղեւորները իրենց էժան-սիրելի տրանսպորտին սպասում են երկար ու համառորեն:
Իսկ երթուղային տաքսիների վարորդներին նորույթը հաստատ դուր չի գա: Ասենք, ուղեւորներին
էլ հեշտ չէ բացատրել, որ երթուղային տաքսին այլեւս տաքսի չէ եւ չի կարող կանգնել
իր ուզած շենքի մոտ: Հետեւաբար, եթե վերանում է ավտոբուսի ու տաքսու տարբերությունը՝
առաջինն ավելի էժան է եւ ձեռնտու, որովհետեւ փոխադրամիջոցներով գերծանրաբեռնված մայրաքաղաքում
բոլոր տեսակներն էլ գրեթե հավասարաչափ ժամանակում են տեղ հասնում: Մի հետաքրքիր
հանգամանք էլ կա՝ քանի որ վարորդները կանգնում են ուղեւորի ուզած՝ մեքենայից ազատ
տեղում, պետավտոտեսչությունն ունի՞ այնքան տեսուչներ, որ «շարի» բոլոր ավտոճանապարհների
եզրերին, որպեսզի կարգազանց վարորդին «բռնացնելիս» անմիջապես տուգանի: Իսկ եթե, այնուամենայնիվ,
մի քանիսին տուգանեն՝ հաշվի չառնելով դեռեւս չկոնկրետացված կանգառների հանգամանքը,
ապա վստահաբար կարելի է ասել, որ դրան կհետեւի սոցիալական նոր լարվածություն եւ վարորդների
գործադուլ: Վերջիններս առանց այդ էլ գոհ չեն իրենց աշխատանքի պայմաններից՝ նյարդային
լարվածությունից, ճանապարհների վիճակից, ու դրա դիմաց վաստակից, եւ այդ մասին մշտապես
բարձրաձայնում են ուղեւորների հետ ամենաչնչին ընդհարման ժամանակ: Խնդիր, որ չունեն,
ասենք՝ միայն կանգառներում կայանող Մոսկվայի վարորդները: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ