Հատվածներ
ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանի «Ռեգնում» գործակալությանը
տված հարցազրույցից: – Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան եւ կոսովյան հակամարտությունների
«նմանությունը»: – Նախ, երկու դեպքերում էլ Ադրբեջանի եւ Սերբիայի մեջ գոյություն
ունեցող ինքնավարությունները՝ համապատասխանաբար կոսովյան ալբանացիների եւ ղարաբաղյան
հայերի, վերացվել էին այդ միութենական հանրապետությունների իշխանությունների որոշումներով՝
համապատասխանաբար 1989 եւ 1991 թվերին: Կոնֆլիկտների սկիզբը ե՛ւ Կոսովոյում, ե՛ւ
Ղարաբաղում նշանավորվեց Սերբիայի եւ Ադրբեջանի կողմից անձնագրային ստուգման, ֆիլտրացիայի
եւ բռնագաղթի ռեպրեսիվ ռազմա-ոստիկանական ռեժիմների կայացմամբ, համապատասխանաբար՝
ալբանական եւ հայկական բնակչությունների նկատմամբ: Երկու դեպքերում էլ միութենական
հանրապետությունների՝ Սերբիայի եւ Ադրբեջանի իշխանությունները ի պատասխան Կոսովոյի
եւ Ղարաբաղի՝ ինքնորոշվելու քաղաքական պահանջներին, նրանց վախեցնելու եւ կամքը ճնշելու
համար նրանց նկատմամբ սկսեցին զանգվածային բռնարարքների դաժան գործողություններ՝
էթնիկ պատկանելության սկզբունքով: Երկու կոնֆլիկտներն էլ միությունների քանդման ընթացքում
մի կողմից՝ Հարավսլավիայի, մյուս կողմից՝ ՍՍՀՄ-ի, բերեցին ազգային- ազատագրական շարժումների
եւ Կոսովոյի ու Ղարաբաղի բնիկների ինքնորոշմանը: Երկու դեպքերում էլ ազգային-ազատագրական
շարժումները սկզբնական շրջանում կրում էին իրրեդենտ (վերամիավորում պահանջող) բնույթ՝
Կոսովոն ուզում էր միանալ Ալբանիային եւ ԼՂ-ն՝ ՀՀ-ին, իսկ հետագայում քաղաքական գործընթացները
հանգեցրին նրան, որ երկուսն էլ ցանկացան ստեղծել ազգային հանրապետություններ՝ անկախ
նախկին գաղութատիրական Սերբիայից եւ Ադրբեջանից: Հակամարտությունների զինված բազաները
նախաձեռնվել են Սերբիայի մետրոպոլ իշխանությունների եւ ՍՍՀՄ-ի ու Ադրբեջանի կողմից՝
ընդդեմ Կոսովոյի եւ Ղարաբաղի խաղաղ բնակչությունների, ինչն էլ առաջ բերեց ինքնապաշտպանության
անկանոն ուժերի պարտադրված ստեղծում՝ կոսովյան ալբանացիների եւ ղարաբաղյան հայերի
կողմից: Երկու հակամարտություններում էլ Կոսովոյի ալբանացիներին եւ Ղարաբաղի հայերին
պաշտպանում էին համապատասխանաբար կամավորները նրանց սահմանակից եւ արյունակից Ալբանիայից
եւ Հայաստանից: – Մի քանի խոսք էլ, խնդրեմ, տարբերությունների մասին: –
Որպես տարբերություն պետք է նշեմ այն փաստը, որ ի տարբերություն Կոսովոյի ադմինիստրատիվ
ղեկավարության, ԼՂՀ-ն ստեղծվել էր ՍՍՀՄ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն՝
Ադրբեջանական հանրապետության ստեղծմանը զուգահեռ՝ ՍՍՀՄ-ի ապաինտեգրացման արդյունքում
եւ առանց կոնֆլիկտային գոտի օտարերկրյա ռազմական խաղաղապահ ուժեր մտցնելու: ԼՂՀ-ի
ինքնորոշման հանրաքվեն անց էր կացվել համաձայն ՍՍՀՄ 1990թ.-ի «Միութենական հանրապետության՝
ՍՍՀՄ կազմից դուրս գալու» օրենքին համաձայն: Տարբեր են նաեւ կրակի դադարեցման ռեժիմների
պահպանման միջոցները: Կոսովոյի դեպքում՝ միջազգային խաղաղապահների վերահսկողությամբ,
իսկ Ղարաբաղի դեպքում՝ ԼՂ Հանրապետության, ՀՀ եւ Ադրբեջանի կանոնավոր բանակների մասնակցությամբ՝
առանց միջազգային ուժային կառույցների ներգրավման: – Այսպիսով, ինչպե՞ս կգնահատեք
կոսովյան եւ ղարաբաղյան հակամարտությունների նմանություն-տարբերությունները: –
Անցկացնելով քաղաքական, իրավական եւ պատմական զուգահեռներ այդ կոնֆլիկտների միջեւ,
զերծ մնալով կողմերի էթնոկրոնական բնութագրումներից, կարելի է որոշակի վերապահումներով
պնդել, որ Կոսովոն, Ալբանիան եւ Սերբիան իրենց ընդհանուր բնութագրական սխեմատիկ զուգահեռներով
կարող են համադրվել Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Այլ խոսքերով, կոնֆլիկտային
վերլուծության տեսակետից Կոսովոյի ալբանացիների հանդեպ Սերբիան հանդես եկավ շովինիստական
գաղութատիրության նույն դերում, ինչպես Ադրբեջանը՝ ԼՂ հայերի հանդեպ: