Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ

Փետրվար 18,2006 00:00

Երեկ
խորհրդարանական պատմության մեջ երկրորդ անգամ խորհրդարան էր եկել գործարար, ԱԺ պատգամավոր
Գագիկ Ծառուկյանը: Պարոն Ծառուկյանի այցը իսկական իրադարձություն դարձավ ոչ
միայն խորհրդարանական լրագրողների, այլեւ պատգամավորների համար: Մի քանի րոպե խորհրդարանում
ներկա բոլորը կենտրոնացել էին այդ փաստի վրա: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանին
ընտրելուց հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց չհեռանալ եւ պատասխանել լրագրողների հարցերին:
Հարցերը առաջին հերթին վերաբերում էին նրա նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան»
կուսակցությանը: Գործարարը վերահաստատեց իր մտադրությունը՝ ուժեղացնել կուսակցությունը,
կառույցներ ստեղծել հանրապետության տարբեր մարզերում եւ մասնակցել խորհրդարանական
ընտրություններին: Ասաց. «Մենք կուսակցություն ենք ստեղծել եւ այդ կուսակցությամբ
պետք է զբաղվենք»: Գագիկ Ծառուկյանին հարցրին՝ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ
կուսակցությունը գլխավորելու է Վիկտոր Դալլաքյանը: Պատասխանեց. «Ես հայտարարում եմ,
որ մեր դռները բաց են, եւ կապ չունի, դիմություն-ընդդիմություն, բոլոր այն մարդիկ,
ովքեր ընդունված են ժողովրդի կողմից՝ պիտանի են մեր քաղաքական գործունեությանը, ինձ
համար կապ չունի, մեզ մոտ դռները բաց են: Ես ընդհանրապես ոչ մեկին առաջարկություն
չեմ արել, չեմ էլ անելու, մարդիկ՝ նայելով մեր ծրագրերը, մեր գաղափարը, մեր կուսակցությունը,
ինքնըստինքյան, եթե կցանկանան, թող գան»: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞
կուսակցություն է լինելու «Բարգավաճ Հայաստանը» եւ ո՞ւմ համար: Ասաց, որ դա լինելու
է ժողովրդի համար, ոչ մեկին չի ծառայելու եւ լինելու է կուսակցություն՝ ժողովրդի
համար: Անուններ չտրվեց, ասաց, որ պատրաստվում են կուսակցության բոլոր գրասենյակները,
եւ շուտով նաեւ անդամների անունները հայտնի կլինեն. «Պետք է ընդգրկված լինեն այնպիսի
մարդիկ, որոնք ի ծնե քաղաքական գործիչներ են ե՛ւ գաղափարով, ե՛ւ ապրած կյանքով, բայց
հիմա իրենք կարիք ունեն ուշադրության, տնտեսական ուժի, եւ համատեղ մենք դա կիրականացնենք:
Պետք է ընդգրկված լինեն այնպիսի մարդիկ, որոնք ժողովրդի կողմից հարգանք են վայելում՝
իրենց ապրած կյանքով, եւ վստահություն են ներշնչում: Այսօր Ծառուկյան Գագիկը այդ
կուսակցությունը ստեղծել է ոչ թե նրա համար, որ Ծառուկյան Գագիկին պաշտոն է պետք
կամ ինչ-որ ակնկալիք ունի: Դուք այսօր շատ լավ տեսնում եք, որ պարոն Ծառուկյանը իր
ապրած կյանքով եւ աշխատանքով անում է ամեն ինչ՝ կայացման, զարգացման, բարելավման
համար: Ես կուզենայի, որ մեր հարգելի լրագրողները եւ ժողովուրդը մեկնաբանությունները
ճիշտ անեն: Ամեն ինչ փողի մեջ չի, հարգելի լրագրողներ»: Հետաքրքրվեցինք, թե բացի
փողից, ի՞նչն է լինելու «Բարգավաճ Հայաստանի» երաշխիքը. «Իմ կուսակցության երաշխիքը
լինելու է աշխատանքը, գործը, հավատքը, եթե կուսակցությունը մի հայտարարություն արեց,
ինքնըստինքյան այդ հայտարարությունը անմիջապես իրականանալու է»,- պատասխանեց Գագիկ
Ծառուկյանը: 2007-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության ակնկալիքների
մասին հարցին Գագիկ Ծառուկյանը չուզեց առայժմ պատասխանել, ասաց, որ դրա պատասխանը
կտա ժողովուրդը: Կուսակցության հիմնադիր համագումարը կհրավիրվի մինչեւ օգոստոս ամիսը:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել