Լրահոս
Օրվա լրահոսը

Սնամեջ հաղթանակներ

Փետրվար 18,2006 00:00

Սնամեջ
հաղթանակներ Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա
Ֆերերո Վալդները երեկ Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց, թե Եվրոպական
հանձնաժողովը չի ֆինանսավորի «Կարս-Ախալքալաք» երկաթգծի կառուցումը եւ առհասարակ
ԵՄ-ն դեմ է տարածաշրջանում ՀՀ մասնակցությունը բացառող նախագծերում մասնակցություն
ունենալուն: Տիկին Բենիտայի այս հայտարարությունը, անշուշտ, կարելի էր գնահատել
իբրեւ Հայաստանի հերթական դիվանագիտական հաղթանակ: Սակայն բոլոր հիմքերը կան ենթադրելու,
որ «Կարս-Ախալքալաքի» նախաձեռնողները, ֆինանսավորման առումով, կարծես թե հեշտությամբ
յոլա են գնում նաեւ առանց ԵՄ-ի: Այսինքն՝ վերոհիշյալը դիվանագիտական հաղթանակ է այնքանով,
որ Հայաստանում ոմանց համար հաճելի է գիտակցել, որ «Կարս-Ախալքալակը» կառուցվում
է ոչ թե Եվրամիության, այլ ուրիշ կազմակերպությունների փողերով: «Համագործակցությունը
եղել եւ մնում է Եվրամիության առաջնային նպատակներից մեկը: Առանց տարածաշրջանային
համագործակցության՝ Հարավային Կովկասում չի լինի կայունություն եւ բարգավաճում»,-
թեմայի համատեքստում շարունակեց ԵՄ արտաքին կապերի հանձնակատարը: Երեկվա հաջորդ
դիվանագիտական հաղթանակն այն էր, որ ըստ տիկին Ֆերերո-Վալդների, ԵՄ-ն դեմ չէ Իրան-Հայաստան
գազատարի կառուցմանը: «Մենք միշտ կողմ ենք էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը
եւ կարծում ենք, որ Հայաստանն իրավունք ունի դիվերսիֆիկացնել էներգիայի իր աղբյուրները»,-
ասաց ԵՄ հանձնակատարը: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Բենիտա Ֆերերո-Վալդները
հաջորդաբար նշեցին, որ իրենց առանձնազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել
են նաեւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Տիկին հանձնակատարը մասնավորապես ասաց,
որ ԵՄ-ն շարունակում է Իրանի հետ բանակցությունները: «Հուսով ենք, որ Իրանը կօգտվի
ՌԴ տարածքում միջուկային վառելիքի վերամշակման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունից
եւ այդպիսով՝ փոխզիջումային լուծում գտնելու հնարավորություն կստեղծվի: Մենք ակնկալում
ենք, որ Իրանն իրեն մեկուսացման մեջ չի դնի»,- ասաց Ֆերերո-Վալդները: Նա անդրադարձավ
նաեւ Թուրքիայի թեմային՝ նշելով, որ այդ երկրի հետ ԵՄ բանակցությունների սկսման համաձայնությունը
ենթադրում է Հայաստանի հետ սահմանի բացում: «Դա հարց է, որը պետք է լուծվի բանակցությունների
գործընթացում»,- նշեց հյուրը: Դա էլ ձեզ՝ մեր երրորդ սնամեջ հաղթանակը: «Եվրոպական
հարեւանության քաղաքականությունը Հայաստանի առջեւ բացում է նոր հեռանկարներ տարբեր
ասպարեզներում: Այս նախաձեռնության մեջ ներգրավումը կնպաստի Հայաստանի ինտեգրմանը
միացյալ եվրոպական շուկային»,- ի ամփոփումն՝ ավետեց եվրատիկինը: Տ.
Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել