Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակվում է ռազմավարություն

Փետրվար 18,2006 00:00

Երեկ գումարվեց ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Նիստին մասնակցում էին նախարարներ, ԿԲ նախագահը, փոխնախարարներ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը եւ այլք:

Առաջին նիստի աշխատանքների եւ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի մասին լրագրողներին ասուլիսում մանրամասներ հաղորդեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ազգային անվտանգության ռազմավարության համար որպես հիմք ընդունված է պաշտպանության նախարարության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի մշակած փաստաթուղթը, որը Սերժ Սարգսյանը 2004-ին ներկայացրել է ՊՆ օպերատիվ շտաբին: «Դրանից հետո այդ փաստաթուղթը ուղարկվեց պետական բոլոր գերատեսչություններին, որ նրանք ներկայացնեն իրենց կարծիքները»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա գնահատմամբ, ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է լինի մի փաստաթուղթ, որն արտահայտում է հասարակության հիմնական խավերի ցանկությունը. «Այս փաստաթուղթն ուղղված է նրան, որ մեր մոտեցումները տարբեր հարցերի նկատմամբ համակարգվեն եւ լինեն մի տեղ հաստատված: Մենք նկրտումներ չունենք, թե ստեղծելու ենք մի փաստաթուղթ, որը հեղափոխական է լինելու, հեղափոխություն է անելու եւ այլն: Ես հանձնաժողովի նիստի ընթացքում մի օրինակ բերեցի, որն այժմ կկրկնեմ: Երեւի հենց դուք ամենից առաջ շատ հաճախ նկատում եք, որ պետական շատ պաշտոնյաներ միեւնույն խնդրի կապակցությամբ տարբեր կարծիքներ են արտահայտում: Կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում առնվազն 7-8 պաշտոնյաներ տարբեր կարծիքներ են արտահայտում: Ինչի՞ց է, որ այդպես է: Որովհետեւ չկա ռազմավարություն, չկա հաստատված փաստաթուղթ»:

2007-ի սկզբին փաստաթուղթը ներկայացվելու է կառավարությանը, ապա, հավանության արժանանալու դեպքում՝ այն որպես օրենքի նախագիծ շրջանառության մեջ կդրվի խորհրդարանում: Մինչեւ ընդունվելը այդ ռազմավարությունը պետք է ներկայացվի հասարակության քննարկմանը: Հայաստանի ազգային անվտանգության փաստաթղթի լրամշակված տարբերակը ուղարկվելու է նաեւ փորձաքննության՝ ՌԴ նախագահին կից Ակադեմիայի մասնագիտական խորհուրդ եւ ԱՄՆ ազգային ռազմական համալսարանի գիտական խորհուրդ: «Այս փաստաթուղթը մշակելիս հաշվի են առնվել տարբեր երկրների՝ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի, թե՛ Մերձբալթյան երկրների փորձը: Բայց պետք է ասեմ, որ այս մեր ազգային անվտանգության ռազմավարությունը լինելու է ազգային փաստաթուղթ, որը իհարկե չի կարող խախտել միջազգային ընդունված չափանիշները»,- ասաց ՊՆ նախարարը: Խորհուրդ տվեց չզարմանալ, եթե ռազմավարության մեջ լինի շատ ժողովրդավարություն: «Այստեղ էլ գրված է, որ առանց ժողովրդավարության չի կարող լինել անվտանգություն»,- փաստաթղթի նախագիծը ցույց տալով՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա, հանձնաժողովում պայմանավորվել են ընդունել միայն որոշակի առաջարկներ, ասենք՝ այսպիսի. «1-ին գլխի 4-րդ պարբերության այսինչ նախադասությունը առաջարկում ենք ձեւակերպել այսպես»: Եվ եթե ընդդիմադիրներն ունենան նման առաջարկներ, ապա նրանք եւս կհրավիրվեն հանձնաժողովի նիստին եւ կներկայացնեն իրենց առաջարկները:

Հարցին ի պատասխան, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը մինչ այժմ չուներ անվտանգության հայեցակարգ՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես պատասխանեց. «Սուբյեկտիվ կողմն այն է, որ կարծիք կար, թե ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում եթե ամեն ինչ գրելու ենք՝ բոլորն իմանալու են, խնդիր ենք ունենալու»: Նաեւ խոստացավ, թե սա լինելու է ճկուն փաստաթուղթ, որն անհրաժեշտության դեպքում կարող է ենթարկվել փոփոխության:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել