Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ

Փետրվար 17,2006 00:00

ԱՅՍՕՐ ԿՄՐՑԵՆ ՄԵՐ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐՆ ՈՒ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԸ Մարզական լրագրողներ Սլավա Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը Թուրինից հաղորդում են Հայ մարզիկների մեկնարկը Թուրինում անհաջող էր: Դահուկորդներ Էդմոն Խաչատրյանն ու Հովհաննես Սարգսյանը նախատինք են ստացել դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանից: Իսկ երեկ ֆեդերացիայի նախագահն ու ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը լուրջ զրուցել են նրանց ու մարզիչի հետ, որպեսզի այսօր 15 կմ դասական ոճով մրցաձեւում չարատավորեն երկրի անունը: Նրանք խոստացել են ավելի լուրջ մոտենալ մեկնարկին: Այդուհանդերձ, այսօր հայ մարզասերների ուշադրությունը բեւեռված է լինելու գեղասահքի հայաստանյան զույգի ելույթի վրա: Վիճակահանությամբ նրան բաժին է ընկել առաջին համարը: Ասել է, թե պարային զույգերի պայքարը բացելու է Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան երկյակը: Նրանք մարզվում են ՌԴ վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Գորշկովի եւ խորեոգրաֆ, ՌԴ վաստակավոր արտիստ, բալետմայստեր Սերգեյ Պետուխովի ղեկավարությամբ: Պարտադիր ծրագիրը կտեւի մոտ երկու րոպե: Ցավոք, փետրվարի 3-ին Օդինցովոյում մարզվելու ժամանակ Անաստասիան վնասել է ոտքը: Սակայն դա չի ընկճել մարզուհուն: Անաստասիան Թուրինում մարզվում է ամեն օր ու վստահեցնում, որ բարձր կպահի Հայաստանի անունը, կարդարացնի վստահությունը: Բայցեւայնպես, մեր երկյակն այն համոզման է, որ հայաստանցի մրցավարի ներկայությունն այս օլիմպիադայում թույլ կտար պայքարել ավելի բարձր տեղերի համար: Նաստյան ու Վազգենն ընդամենը մեկ անգամ են մրցումների մասնակցել հայ մրցավարի ներկայությամբ: Դա եղել է 2005-ի աշնանը՝ Նագանոյում, աշխարհի գավաթի խաղարկության փուլում եւ գրավել են մրցանակային 3-րդ տեղը: Օլիմպիական խաղերը նաեւ տարբեր երկրների մարզական ղեկավարների հանդիպման, փոխշահավետ, գործնական բանակցություններ վարելու հիանալի առիթ է: Օրինակ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել Կանադայի օլիմպիական պատվիրակության ղեկավարի հետ, որն ազգությամբ հայ է եւ 2010 թվականի Վանկուվերի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահության անդամ: Նա բանակցություններ է վարել նաեւ սպորտային հանդերձանքի ճապոնական «Միլունո» ֆիրմայի ղեկավարության հետ: Վերջիններիս առաջարկով հնարավոր է համագործակցություն հաստատվի ՀԱՕԿ-ի հետ: Իսկ Արմեն Երիցյանը երեկ հանդիպել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի լեռնադահուկային սպորտի պատասխանատուին եւ քննարկել հետագա համատեղ ծրագրերի իրականացման ուղիները, այս տարի Ծաղկաձորում միջազգային մրցաշար անցկացնելու հնարավորությունները: Առաջիկա օրերին նախատեսված է նաեւ Ա. Երիցյանի հանդիպումը միջազգային ֆեդերացիայի դահուկավազքի պատասխանատուի, Ավստրիայի իր գործընկերների հետ: Ավստրիացիները նախապես առաջարկել են բանակցել համատեղ ուսումնամարզական հավաքներ, մարզիկ-մարզուհիների եւ մարզիչների վերապատրաստման ծրագրեր կազմակերպելու հեռանկարների շուրջ: Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հինգերորդ անդամը՝ լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը, ամենայն լրջությամբ է նախապատրաստվում իր հերթին: Մինչեւ Թուրին ժամանելը ծաղկաձորցի մարզիկն ուսումնամարզական հավաքներն անցկացրել է Ֆրանսիայում: Նրա խոսքերով՝ այդ մարզումները շատ են օգնել իրեն վարպետությունը բարձրացնելու հարցում: Նա Սեստրիերեում էլ շարունակում է մարզվել ամեն օր: Բայց նաեւ ասում է, որ Թուրինում անգամ մարզումային մրցուղին չի կարելի համեմատել մեր ունեցածի հետ: «Այստեղ դու սահում ես գրեթե մերկասառույցի վրա,- պատմում է նա:-Ավելանում է արագությունը, դժվարանում դարպասները շրջանցելը: Պատկերացրեք, թե որքան դժվար է լինելու եզրագծին հասնելը հիմնական մրցուղում, պաշտոնական մեկնարկի ժամանակ»: Իրոք, որ հեշտ չի լինելու: Եվ ոչ միայն Աբրահամի համար: Սա է օլիմպիական խաղերի իմաստն ու էությունը: Իսկ մեզ մնում է հուսալ, որ Աբրահամը իր դահուկավազորդ թիմակիցների նման խայտառակ չի անի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել