Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԻՖԼԵՅՄԻ»

Փետրվար 17,2006 00:00

«ՕՐԻՖԼԵՅՄԻ» ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻՆ ՄԻ ԽԱԲՎԵՔ Ընկերության վաճառքի քաղաքականությունը «կլորացված» է՝ ի վնաս սպառողների Շվեդական բնական կոսմետիկա արտադրող «Օրիֆլեյմ» ընկերության ցանցը Հայաստանում օրեցօր մեծանում է, ընկերության արտադրանքը վաճառողների թիվը՝ նույնպես: Սա արդեն իսկ հիմք է տալիս եզրակացնել, որ ընկերության բիզնեսը Հայաստանում գնալով ծաղկում է: Ընկերության ցանցը հիմա նույնիսկ մեղվի փեթակ է հիշեցնում, որովհետեւ անգործներին փող վաստակելու ռեալ հնարավորությունից բացի, առաջարկում է «կարիերա»՝ ճարպիկ վաճառողներին դարձնելով «ադամանդե», «ոսկե», «սապֆիրե» եւ այլ կլասի ներկայացուցիչներ: «Օրիֆլեյմը» առհասարակ բավականին ճանաչված եւ հեղինակավոր ընկերություն է ամբողջ աշխարհում եւ մի շարք երկրներում ունի ներկայացուցչություն: Թե ինչպես է ընկերությունը տարբեր երկրներում ծավալում իր բիզնեսը, ինչ ճանապարհներով է եկամուտներ ստանում, դժվար է ասել, բայց Հայաստանում այն ուղեկցվում է սպառողների եւ հենց աշխատակիցների համար որոշ խաբեություններով: Նախ, «Օրիֆլեյմի» արտադրանքը վաճառելու համար ընկերության ներկայացուցչությունը պայմանագիր է կնքում քաղաքացու հետ: Այժմ մեր ձեռքի տակ է նորակոչիկներից մեկի հետ կնքած պայմանագրերից մեկը, որի 2-րդ կետի համաձայն, «այն դեպքում, երբ տվյալ ապրանքը բացակայում է պահեստում, պետք է իրականացվի պատվերի արժեքի համաչափ նվազեցում»: Ընկերության մեր աշխատակից-աղբյուրների վստահեցմամբ՝ իրենք պայմանագրի այդ կետից երբեւէ չեն օգտվել. «Շատ հաճախ է լինում, երբ ընկերությունը ներողություն է խնդրում պահեստում այս կամ այն ապրանքի բացակայության համար, լինում է, որ պատվիրված ապրանքը գալիս է ուշացումով՝ մյուս ամսվա պատվերներին կցված, բայց նույն գնով է լինում, ինչ կատալոգով էր նշանակված»: Ընկերությունը ցածրակարգ վաճառողներին մշտապես հորդորում է հավաքել 150 միավոր եւ դառնալ գոնե «բիզնես կլասի» աշխատող, որը հնարավորություն կունենա բավականին զեղչ գներով սեփական օգտագործման համար ապրանքներ գնել հատուկ ցուցակից: Այդ միավորները չհավաքած աշխատողներին հաշվի վերջում ընկերությունն ամեն անգամ ամոթանքի պես մի բան է տալիս, թե «դուք հավաքել եք ընդամենը 35 բալ, պիտի աշխատեք եւս 115 միավոր ձեռք բերել, որ օգտվեք բիզնես կլասից»: Վաճառողները շատ դեպքերում «վիզ են դնում» եւ բիզնես կլասի համը զգալու համար այնպիսի պատվերներ կատարում, որոնք հետագայում կարող են եւ չվաճառվել, իսկ արդյունքում պարզվում է, որ բիզնես կլասի առաջարկածն այնքան էլ «եսիմինչ» չէ: Նախ, այդ հատուկ ցուցակում այնպիսի ապրանքներ են ընդգրկում, որոնք, կոպիտ ասած՝ իրենց վրա է մնացել ու լճացել, օրինակ՝ գրիչներ, ճամփորդական զարթուցիչներ, վատ գույների մատիտներ, ստվերաներկեր ու շրթներկեր: Բացի այդ, թերթիկում ներկայացված է, թե իբր դրանք առաջարկվում են 65% զեղչով: Մինչդեռ նախկին եւ ներկա գները համեմատելիս ու հաշվելիս պարզ է դառնում, որ զեղչն իրականում ավելի ցածր տոկոս է կազմում: Նման մանր-մունր «աֆերիստություններ» կարելի է նկատել գնորդներին առաջարկվող պատվերների կատալոգում: Օրինակ՝ 2005-ի ապրիլի 4-30-ի համարում ծերանալու պրոցեսը դանդաղեցնող կրեմի գինը 14.50 պայմանական միավորից (դոլարին գրեթե համարժեք գումար է, որը հաշվարկվում է այդ ամսվա փոխարժեքով) զեղչի արդյունքում դարձել է 10.65, մինչդեռ նախորդ կատալոգում այն ավելի էժան է եղել՝ 9.99: Ապրիլին թողարկված նույն կատալոգում նշված է իբր «Indulgence» օծանելիքը եղել է 21 պ.մ., բայց զեղչ է կիրառվել եւ դարձել է 15.55, մինչդեռ նախորդ համարում որպես այդ օծանելիքի իրական արժեք նշված է եղել ոչ թե 21, այլ 20.70 պ.մ.: Այսինքն՝ զեղչը ուռճացված է եւ գնորդին կարող է սխալ կողմնորոշել: Ի դեպ, 2005-ի դեկտեմբերին եղել են աշխատակիցներ, որոնք բիզնես կլաս մտնելու համար իրենց կոտորել են եւ հավաքել 150 միավորը, բայց միայն հաշիվը ստանալուց հետո են տեղեկացվել, որ այդ ամիս կլասի առաջարկած զեղչերից չեն կարող օգտվել: «Օրիֆլեյմի» քաղաքականությունից բողոքում են նաեւ գնորդները. վերջերս կատալոգներից մեկում առաջարկվել էր խնձորի շամպունից եւ բալզամից կազմված հավաքածու՝ էժան գներով: Բայց դարձյալ պահեստում չլինելու պատճառաբանությամբ ընկերությունն ուղարկել էր միայն բալզամները՝ թանկ գնով, եւ այն այլեւս վերադարձնել հնարավոր չէր: Այս ամենի առնչությամբ ընկերության մի քանի օֆիսներից խուսափեցին որեւէ պարզաբանում տալ: Դրանցից մեկի տնօրենը համաձայնեց պատասխանել մեր հարցերին միայն այն դեպքում, երբ կասեմ ինձ «պաս տվողների» անունները ու նրանց հետ կներկայանամ օֆիս: Ավելի ցածր կլաս ունեցող աշխատակիցների ներկայացմամբ՝ «ոչ մի խաբեություն էլ չի եղել, պարզապես զեղչի տոկոսը կլորացվել է, հո չէին գրի 63.088 տոկոս»: Հաշվի առնելով, որ ընկերությունն ապրանքների գները հաշվում է նույնիսկ 0.999-ով, պատասխանն ըստ էության հիմնավոր չէ, ուստի ակնկալում ենք նաեւ «ոսկիների» կամ գոնե «արծաթների» դասին պատկանող ներկայացուցիչների պարզաբանումը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել