Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԻՆ

Փետրվար 17,2006 00:00

«ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ» Պնդում է ԼՂՀ խորհրդարանի «ՀՅԴ-Շարժում-88» խմբի անդամ Գեղամ Բաղդասարյանը – Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ԼՂՀ խորհրդարանը շուրջ 10 տարի ղարաբաղյան հակամարտության առնչվող խնդիրները չքննարկելուց հետո՝ այժմ է նախաձեռնել մարտին անցկացնել այդ թեմայով լսումներ: – Իմ կարծիքով, աբսուրդ է այն, որ ԼՂՀ խորհրդարանը մինչեւ հիմա չի քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը: Շատ ու շատ միջազգային ատյաններում, տարբեր երկրների խորհրդարաններում քննարկվել է այդ հարցը, սակայն բուն Ղարաբաղում այս հիմնահարցը քննարկման թեմա չի եղել երբե՛ք: Սա ԼՂՀ-ում տիրող ընդհանուր վիճակից բխող երեւույթ է: Ցավալի է, բայց Ղարաբաղում հրատապ չէ ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչն ունի մի շարք պատճառներ, որոնց չէի ցանկանա անդրադառնալ, քանի որ դա մի առանձին թեմա է: Պատճառներից մեկը, որ խորհրդարանը մինչեւ հիմա չի քննարկել այդ հարցը՝ այն է, որ բանակցային գործընթացում այժմ իբրեւ հակամարտության կողմ ներկայացված չէ Ղարաբաղը: Մեր ամենամեծ սխալն էր, որ թույլ տվեցինք ԼՂ-ն վերածել բանակցությունների սուբյեկտից օբյեկտի: Հայկական կողմից հիմնախնդրի կարգավորումն իր վրա է վերցրել Հայաստանի իշխանությունը, իսկ ԼՂՀ ներկայացուցչական մարմինը եւ իշխանությունն ամբողջությամբ սպասողական եւ, ըստ իս, կրավորական կեցվածք ունեն, որը չի հանգեցնի ոչ մի բարի հետեւանքի: Թեպետ, մյուս կողմից էլ, թվում է, թե խորհրդարանական լսումներով սայլը կարծես թե շարժվում է տեղից: – «Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդեց, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Ալիեւին չի հաջողվել համաձայնության գալ միայն 2 կարեւոր հարցում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ Քելբաջարից հայկական ուժերի դուրսբերման: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե համաձայնության են եկել քննարկվող 9 հարցերից 7-ի շուրջ: ԼՂՀ օրենսդիր մարմինն ունի՞ գոնե մոտավոր պատկերացում, թե ո՞ր հարցերի շուրջ են համաձայնել: – Ցավով եմ նշում, որ ղարաբաղյան հանրությունը բացարձակապե՛ս տեղյակ չէ ոչ միայն Ռամբույեում կայացած հանդիպման, այլ ընդհանրապես բանակցային գործընթացի նրբերանգներին: Համոզված եմ՝ սա վերաբերում է ոչ միայն հանրությանը. ԼՂՀ իշխանությունները եւս 100 տոկոսով չեն տիրապետում այդ տեղեկատվությանը: Համենայնդեպս, երբ փետրվարի 15-ին ԼՂՀ խորհրդարանի նիստում հարց հնչեց Ռամբույեի արդյունքների մասին՝ արտգործնախարարության ներկայացուցիչն ընդամենը նշեց, թե այդ հանդիպումից հետո Հայաստանի ու Ղարաբաղի արտգործնախարարներն են հանդիպել, որից հետո գուցե ինչ-որ բան պարզ լինի ե՛ւ մեր իշխանությանը, եւ ղարաբաղյան հանրությանը: Ինչ վերաբերում է հարցին, թե որոշակի ինչ թեմաների շուրջ է ձեռք բերվել կամ չի բերվել պայմանավորվածություն՝ հարկ է ասել. մի քիչ հանգիստ ենք նայում այդ ամենին, քանի որ գտնում ենք, որ այնուամենայնիվ՝ վերջին խոսքը մերն է լինելու: Վաղուց է խոսվում, թե հարկ է հստակեցնել բանակցային գործընթացում հայկական երկու պետականությունների իրավասությունների շրջանակները, թե որոշակի ո՛ր հարցում է իրավասու Հայաստանը եւ ո՛ր հարցում՝ ԼՂՀ-ն: Համենայնդեպս, կան մի քանի հարցեր, որոնք հենց ԼՂ իրավասության շրջանակներում են՝ կարգավիճակը, տարածքների եւ փախստականների Ղարաբաղ վերադարձի հարցը: Ցանկացած բանակցություն կամ պայմանավորվածություն կարող է իսկապես օգտակար լինել, բայց ընդգծում եմ՝ այնուամենայնիվ՝ մեզ ենք վերապահում վերջին խոսքի իրավունքը: Չգիտեմ, թե որքանով է սա ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը: Համենայնդեպս՝ ղարաբաղյան հանրությունում այս մտայնությունն է, թե առնվազն այս 2-3 հարցերի շուրջ վերջին խոսքը պետք է լինի Ղարաբաղի ժողովրդինը: – Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը բացահայտեց՝ Ռամբույեում Ռոբերտ Քոչարյանն «առաջարկել է ընդհանրացնել բանակցությունները, երբ պարզ է դարձել, որ արդյունքների հասնել չի հաջողվի: Նախագահ Քոչարյանը գնահատում է իր ժամանակը եւ անլուրջ է համարում բանակցությունների իմիտացիան, այդ թվում սքանչելի Փարիզում գտնվելը երկարաձգելու համար»: Արդարացվա՞ծ եք համարում բանակցությունների դադարեցումը: – Ինձ համար դժվար է գնահատական տալն այդ ամենին: Կարծում եմ՝ այդ գնահատականը պետք է տան Հայաստանի քաղաքական ուժերը: Մենք այսօր փաստորեն կողմնակի դիտորդի դերում ենք եւ ընդամենն ուշադրությամբ հետեւում ենք դեպքերի զարգացմանը: Եթե հարցը տեղափոխվի Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների հարթություն, ապա ե՛ւ մեզ համար դա կլինի ավելի բարենպաստ դիրք, ե՛ւ Հայաստանի վիճակն ավելի կլավանա: Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է լինի ԼՂ բնակչության անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավորը՝ ընդամենն այսքանը: Եվ քանի դեռ այդպես չէ՝ մենք շարունակելու ենք մնալ դիտորդի դերում: – Հայաստանյան գործիչներն առաջարկում են, թե քանի որ բանակցություններում քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակը հետաձգված հանրաքվեով որոշելու հարցը (սա ոչ ոք չի հերքել), ապա պետք է տարվի քաղաքականություն, որ 1990-ից հետո ԼՂՀ-ից հեռացածներն իրենց ընտանիքներով վերադառնան Ղարաբաղ՝ հանրաքվեի ժամանակ տոկոսային հարաբերությունը պահպանելու համար: Արդյոք տեղի՞ն առաջարկ է: – Չեմ կարծում, թե ճիշտ է մոտեցումը: Այն պարզ պատճառով, որ մենք առաջարկում ենք կոնկրետ քայլեր դեռեւս չեղած ու շատ հնարավոր է՝ ընդհանրապես չլինելիք մի երեւույթի կապակցությամբ: Բացի դրանից, ըստ իս, վաղուց ժամանակն է, որ Հայաստանում ղարաբաղյան հիմնախնդիրը դադարի լինել ներքաղաքական զարգացումների, իշխանափոխության կամ իշխանապահության հիմնական գործոն: Հակամարտության կարգավորման գործընթացում այս պահին կան շատ ավելի լուրջ խնդիրներ, եւ խորհուրդ կտայի ողջ ուշադրությունը կենտրոնացնել այդ հարցերի վրա: Իմ կարծիքով, այս պահի ամենակարեւոր խնդիրը բանակցություններն Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հարթություն տեղափոխելն է, ինչում մեծ անելիքներ ունեն Հայաստանի եւ ԼՂՀ-ի իշխանությունները: Այսինքն՝ Ղարաբաղի իշխանությունները պետք է վերջապես քաջություն ունենան վարելու ինքնուրույն քաղաքականություն եւ ամեն անգամ չսպասեն, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են արձագանքում այս կամ այն երեւույթին: Մնացած հարցերը, կարծում եմ, ածանցյալ են: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել