Մարզական
լրագրողներ Սլավա Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը Թուրինից հաղորդում են Հայ
մարզիկների մեկնարկը Թուրինում անհաջող էր: Դահուկորդներ Էդմոն Խաչատրյանն ու Հովհաննես
Սարգսյանը նախատինք են ստացել դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանից:
Իսկ երեկ ֆեդերացիայի նախագահն ու ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը լուրջ
զրուցել են նրանց ու մարզիչի հետ, որպեսզի այսօր 15 կմ դասական ոճով մրցաձեւում չարատավորեն
երկրի անունը: Նրանք խոստացել են ավելի լուրջ մոտենալ մեկնարկին: Այդուհանդերձ,
այսօր հայ մարզասերների ուշադրությունը բեւեռված է լինելու գեղասահքի հայաստանյան
զույգի ելույթի վրա: Վիճակահանությամբ նրան բաժին է ընկել առաջին համարը: Ասել է,
թե պարային զույգերի պայքարը բացելու է Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան երկյակը:
Նրանք մարզվում են ՌԴ վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Գորշկովի եւ խորեոգրաֆ, ՌԴ վաստակավոր
արտիստ, բալետմայստեր Սերգեյ Պետուխովի ղեկավարությամբ: Պարտադիր ծրագիրը կտեւի մոտ
երկու րոպե: Ցավոք, փետրվարի 3-ին Օդինցովոյում մարզվելու ժամանակ Անաստասիան
վնասել է ոտքը: Սակայն դա չի ընկճել մարզուհուն: Անաստասիան Թուրինում մարզվում է
ամեն օր ու վստահեցնում, որ բարձր կպահի Հայաստանի անունը, կարդարացնի վստահությունը:
Բայցեւայնպես, մեր երկյակն այն համոզման է, որ հայաստանցի մրցավարի ներկայությունն
այս օլիմպիադայում թույլ կտար պայքարել ավելի բարձր տեղերի համար: Նաստյան ու Վազգենն
ընդամենը մեկ անգամ են մրցումների մասնակցել հայ մրցավարի ներկայությամբ: Դա եղել
է 2005-ի աշնանը՝ Նագանոյում, աշխարհի գավաթի խաղարկության փուլում եւ գրավել են
մրցանակային 3-րդ տեղը: Օլիմպիական խաղերը նաեւ տարբեր երկրների մարզական
ղեկավարների հանդիպման, փոխշահավետ, գործնական բանակցություններ վարելու հիանալի
առիթ է: Օրինակ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել Կանադայի օլիմպիական
պատվիրակության ղեկավարի հետ, որն ազգությամբ հայ է եւ 2010 թվականի Վանկուվերի օլիմպիական
խաղերի կազմկոմիտեի նախագահության անդամ: Նա բանակցություններ է վարել նաեւ սպորտային
հանդերձանքի ճապոնական «Միլունո» ֆիրմայի ղեկավարության հետ: Վերջիններիս առաջարկով
հնարավոր է համագործակցություն հաստատվի ՀԱՕԿ-ի հետ: Իսկ Արմեն Երիցյանը երեկ հանդիպել
է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի լեռնադահուկային սպորտի պատասխանատուին եւ քննարկել
հետագա համատեղ ծրագրերի իրականացման ուղիները, այս տարի Ծաղկաձորում միջազգային
մրցաշար անցկացնելու հնարավորությունները: Առաջիկա օրերին նախատեսված է նաեւ Ա. Երիցյանի
հանդիպումը միջազգային ֆեդերացիայի դահուկավազքի պատասխանատուի, Ավստրիայի իր գործընկերների
հետ: Ավստրիացիները նախապես առաջարկել են բանակցել համատեղ ուսումնամարզական հավաքներ,
մարզիկ-մարզուհիների եւ մարզիչների վերապատրաստման ծրագրեր կազմակերպելու հեռանկարների
շուրջ: Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հինգերորդ
անդամը՝ լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը, ամենայն լրջությամբ է նախապատրաստվում
իր հերթին: Մինչեւ Թուրին ժամանելը ծաղկաձորցի մարզիկն ուսումնամարզական հավաքներն
անցկացրել է Ֆրանսիայում: Նրա խոսքերով՝ այդ մարզումները շատ են օգնել իրեն վարպետությունը
բարձրացնելու հարցում: Նա Սեստրիերեում էլ շարունակում է մարզվել ամեն օր: Բայց նաեւ
ասում է, որ Թուրինում անգամ մարզումային մրցուղին չի կարելի համեմատել մեր ունեցածի
հետ: «Այստեղ դու սահում ես գրեթե մերկասառույցի վրա,- պատմում է նա:-Ավելանում է
արագությունը, դժվարանում դարպասները շրջանցելը: Պատկերացրեք, թե որքան դժվար է լինելու
եզրագծին հասնելը հիմնական մրցուղում, պաշտոնական մեկնարկի ժամանակ»: Իրոք,
որ հեշտ չի լինելու: Եվ ոչ միայն Աբրահամի համար: Սա է օլիմպիական խաղերի իմաստն
ու էությունը: Իսկ մեզ մնում է հուսալ, որ Աբրահամը իր դահուկավազորդ թիմակիցների
նման խայտառակ չի անի: