Մոցարտի
ծննդյան 250-ամյակի շրջանակներում այս աշնանը օպերային արվեստի երկրպագուները հնարավորություն
կունենան ներկա գտնվելու Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի բեմադրած Մոցարտի «Դոն
Ժուան» օպերային ներկայացման պրեմիերային: Այն կբեմադրի Մոցարտի հայրենակից,
ավստրիացի օպերային ռեժիսոր Նադյա Կայալին: Ռեժիսորին հանդիպեցինք երեկ, ստուդիայի
մեներգիչների համերգի ավարտին, ուր հնչեցին արիաներ ու զուգերգեր՝ բացառապես ավստրիացի
մեծ կոմպոզիտորի օպերաներից: Ն. Կայալին «Առավոտին» հաղորդեց, որ «Դոն Ժուանի»
գաղափարը արդյունք է Երեւանի պետկոնսերվատորիայի ղեկավարության եւ Հայաստանում Ավստրիայի
դեսպան Հայդե-Մարիա Գյուրերի բանակցությունների: Առաջին անգամ Երեւան այցելած
ռեժիսորը մեզ փոխանցեց, որ իր համար հայտնագործություն չէ հայաստանցի երաժիշտների
պրոֆեսիոնալիզմը: «Ոչ միայն Վիեննայում, այլեւ Եվրոպայի այլ քաղաքներում առիթ եմ
ունեցել շփվել հայ երաժիշտների հետ: Հավանաբար չկա մի սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ
հանդիպած չլինեմ հայ արտիստների: Հիացած եմ հատկապես հայկական վոկալ եւ կոմոզիտորական
դպրոցներով: Նշեմ, որ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը անցյալ դարից դուրս չի գալիս Վիեննայի
օպերայի եւ բալետի թատրոնի խաղացանկից (մինչդեռ հայ հանդիսատեսը հույսով սպասում
է այն տեսնել մեր օպերային թատրոնում-Ս. Դ.)»,- ասաց արվեստագետը: Ն. Կայալին
անդրադառնալով «Դոն Ժուանին», ոգեւորությամբ շեշտեց. «Անկախ նրանից՝ ես կբեմադրեի,
թե գործընկերներիցս որեւէ մեկը, սա եւս մեկ խթան կհանդիսանա ավստրիացի ու հայ ժողովուրդների
բարեկամական հարաբերությունների համար»: Մենք էլ, անդրադառնալով մոցարտյան տարվան,
ներկայացնելով մինչ այսօր կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակին նվիրված երեւանյան միջոցառումները,
հետաքրքրվեցինք, թե այս առիթով ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Ավստրիայում: Ռեժիսորը
մեզ ներկայացրեց մի հաստափոր կատալոգ (մոտ 500 էջանոց, տպված մանր տառատեսակով),
տեղեկացնելով, որ դրանք ընդամենը Վիեննայում կայանալիք միջոցառումներն են: Ավստրիայի
կառավարությունը տարբեր երկրներում էլ է իր դեսպանատների հետ համատեղ կազմակերպում
միջոցառումներ՝ այդպես մեծարելով Մոցարտին: Նկատի ունենալով, որ օպերային
արվեստը թանկարժեք հաճույք է ցանկացած պետության, այդ թվում եւ զարգացած երկրների
համար եւ, տեղեկություն ունենալով, որ Ավստրիայում մեկ կամերային օպերային ներկայացման
բեմադրությունը արժենում է ավելի քան 30 հազար եվրո, հետաքրքրվեցինք, թե հայկական
«Դոն Ժուանը» ի՞նչ միջոցներով պետք է բեմադրվի: «Այո, ճիշտ է, օպերային արվեստը եւ
օպերային թատրոն ունենալը թանկ հաճույք է: Մեզ՝ օպերային արվեստի ավստրիացի արվեստագետներիս
չի հետաքրքրում այս կամ այն ներկայացման «գինը». դա կառավարության ու երաժշտարվեստը
կարգավորող համապատասխան մարմնի եւ օպերային արվեստը հովանավորող բարերարների գործն
է: Հետեւաբար, Հայաստանի «Դոն Ժուանի» դեպքում էլ, ինձ, համոզված եմ՝ նաեւ ձեզ, պետք
է որ հետաքրքրի վերջնական արդյունքը: Միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես ֆինանսը,
այո, երաժշտության հետ կապ ունի, բայց այնքանով, որքանով…»,- հայտնեց Նադյա Կայալին:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ