Հույս
ունեն գիտնականները, որոնք ԿԳ նախարարին մեղադրում են ԳԱԱ-ն $35000-ով վաճառելու
մեջ Ինչպիսի՞ վերաբերմունք պիտի դրսեւորի մտավորականությունը, ինչպիսի՞ միջոցներ
պետք է ձեռնարկի Գիտությունների ազգային ակադեմիայի խնդրի վերաբերյալ, որպեսզի լսելի
լինի համապատասխան օղակներին: Երեկ այս հարցն էին փորձում պարզել մտավորականները
Գրողների միությունում կազմակերպված հավաքի ժամանակ: Գիտնականները հայտարարում էին,
որ պատրաստ են անգամ փողոց դուրս գալ ու ցույցեր անել՝ միայն թե ակադեմիայի հարցը
հօգուտ ակադեմիայի լուծվի: Նրանցից ոմանք ստեղծված իրավիճակի համար մեղադրում էին
ԿԳ նախարար Սերգո Երիցյանին «ակադեմիան $35000-ով վաճառելու համար» ու պահանջում,
որ վերջինս ներողություն խնդրի իրենցից: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը հիշեցրեց, որ
ՀԳՄ նախագահությունը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին է իր մտահոգությունը հայտնել
այս առիթով: «Արդեն քանիցս բախվում ենք զանազան եվրոպական կառույցների փորձագետների՝
մեր ազգային ինքնության եւ ինքնատիպության գլխին փորձանք դարձող դրվագներին»,- ասաց
Անանյանը: «Ինձ բոլորից շատ անհանգստացրել է ՄԱԿ-ի փորձագետների հայեցակարգի
վերնագիրը՝ «Գիտության ոլորտում բարեփոխումների պետական քաղաքականության հայեցակարգ»:
Թվում է, թե պետական քաղաքականության հայեցակարգի մշակմամբ պետությունը պետք է զբաղվի
իր համապատասխան կառույցների՝ ԿԳ նախարարության եւ ԳԱԱ-ի հետ»,- նեղսրտեց ակադեմիկոս-քարտուղար
Էդուարդ Ղազարյանը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ղազարյանը
հույս հայտնեց, թե գուցե «հեռու չէ այն օրը, որ հայ ժողովուրդը փաստեր կհավաքի ու
Երիցյանին բերդ կուղարկի»: Իսկ գիտնականներին կոչ արեց Անդրանիկ Մարգարյանից ու ԱԺ-ից
պահանջել, որ գիտնականներին նորմալ ֆինանսավորեն, իսկ ակադեմիան «բարեփոխեն ոչ թե
էության, այլ բովանդակության հաշվին»: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բագրատ Ղարիբջանյանը նույնիսկ զուգահեռ տարավ, իր խոսքով, երկու սրբությունները՝
Հայաստանի ԳԱԱ-ին եւ մահմեդականների Մուհամեդ մարգարեին ծաղրելու միջեւ: «Հիմա շատերը
ներողություն են խնդրում մահմեդական աշխարհից իրենց սրբություններին կպնելու համար,
իսկ հայ գիտնականներից ո՞վ պետք է ներողություն խնդրի»,- հարցրեց գիտնականը: Սերգո
Երիցյանը՝ բացականչեցին նրա կոլեգաները: «Կարծում եմ՝ ՄԱԿ-ի գործակալները
չեն ստեղծել ակադեմիան, որ էսօր նրանց հանձնարարվի այն փակել… 39 երկրում եմ եղել,
արտերկրում բոլորը գլխարկ են հանում գիտնականի առաջ, մեր երկրի գրոշներ ստացող գիտնականի
առաջ ո՞վ գլխարկ կհանի»,- կրկին հռետորական հարց հնչեցրեց գիտնականը: Քննարկմանը
ներկա էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս
Կճոյանը եւ անգամ ՆԳ եւ ՊԱԿ-ի նախկին ղեկավար, «Անդրնավթգազշին-Պրոմեթեւս» ընկերության
ներկայիս փոխնախագահ Հուսիկ Հարությունյանը: Հավանաբար հենվելով իր ԿԳԲ-ական ինտուիցիայի
վրա, նա հայտարարեց. «Ո՞նց կարելի է օվկիանոսի այն կողմից ստացած ցուցումը առանց
որեւէ խորհուրդ անելու, բերել-դեմ տալ հասարակությանն ու ասել՝ պիտի կատարեք: Ես
հակված եմ մտածել, որ այս ամենին խառն են մեր հարեւանները: Հավանաբար՝ մեր դարավոր
թշնամիներին, որոնցով շրջապատված է փոքրիկ Հայաստանը, ձեռք չի տալիս մեր ատոմակայանի,
արագացուցիչի, աշխարհում հայտնի այլ բնագավառների գոյությունը… Նրանք կամաց-կամաց
այդ քայլերով մեր պետական այրերի շնորհիվ ուզում են ոչնչացնել մեր գիտությունը»:
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, գրականագետ Ավիկ Իսահակյանն էլ հիշեց
հայտնի առածը՝ մի հիմար քարը ձորը գցեց, 40 խելոք չկարողացան հանել: «Միայն ինտելեկտ
չունեցող մարդիկ կարող են նման քայլ անել, ովքեր չգիտեն, որ հայ ժողովուրդը աշխարհին
ներկայանում է ոչ թե իր կաղ սպորտով, կեղծ բիզնեսով, այլ գիտությամբ ու մշակույթով
ու դրանով էլ տարբերվում է բանանային երկրներից»: Պարոն Իսահակյանը ձեռքի հետ քննադատեց
ոչ միայն «հետախուզական տարբեր ծառայությունների գումարներով սնվող ՄԱԿ-ին», վերջինիս
գլխավոր քարտուղար Քոֆի Անանին ու կոռուպցիայի մեջ մեղադրվող նրա որդուն, այլեւ ԱԺ
պատգամավորներ, գրողներ Ալվարդ Պետրոսյանին ու Ռուբեն Հովսեփյանին, որ հարկ չեն համարել
ներկա գտնվել բախտորոշ հավաքին: Հետո էլ ավելացրեց. «ՀԳՄ-ն ունի հնարավորություն
դուրս գալ ԱԺ եւ գրող պատգամավորների վրա դնել պարտականություն, որ պառլամենտում
ակադեմիայի հարցը բարձրացնեն»: Միջոցառմանը ներկա բոլոր մտավորականները այն
համոզմունքն էին հայտնում, որ ակադեմիան պետք է պահպանել խորհրդային ժամանակների
մոդելով, որ ակադեմիայի լուծարումը հավասարազոր է հայ ժողովրդի վերացմանը եւ այլն:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ