Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՆՑԱՎ

Փետրվար 17,2006 00:00

Երեկ
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին պրոռեկտոր, Սոս Սարգսյանի հիմնադրած
համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը, խորհրդի անդամների 1 դեմ,
21 կողմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ռեկտոր: «Ես սպասում էի, որ ավելի
շատ մարդ պետք է լիներ դեմ, որովհետեւ լուրջ ընտրությունը գոնե 3 դեմ պետք է ունենա,-
ընտրությունից հետո ասաց Հր. Գասպարյանը՝ ավելացնելով,- կարող է՝ այս մեկը շշկռվե՞լ
է»: Հրաչյա Գասպարյանը միակն էր, ով իր թեկնածությունն առաջադրել էր ռեկտորի
թափուր պաշտոնի համար: Խորհրդի անդամ, Տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր
Ռուբեն Բաբայանի կարծիքով, «այս թեկնածությունը բոլորի համար ամենատրամաբանականն
էր»: Նա մեզ հետ զրույցում չբացառեց, որ ընտրությունը մեծապես կախված էր Սոս Սարգսյանի
անձից, որովհետեւ Հր. Գասպարյանը նրա «աջ ձեռքն» է համարվում, եւ ինչպես հենց ինքը՝
նորընտիր ռեկտորն ասաց, «Սոս Արտաշեսովիչի հետ մենք այստեղ ամեն ինչ զրոյից ենք սկսել,
եւ դեռ շատ անելիք ունենք»: Իսկ ինչո՞ւ էր Հրաչյա Գասպարյանը միակ հավակնորդը, բոլորը
նախօրոք գիտեի՞ն, որ միեւնույն է, Ս. Սարգսյանն ունի իր թեկնածուն եւ նրան է առաջ
տանելու: (Հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Սոս Սարգսյանն այժմ բուհի խորհրդի նախագահն
է): «Այն մարդիկ, ովքեր ուզում էին առաջադրել իրենց թեկնածությունը, ի վերջո հասկացան,
որ կա մի մարդ, որ ավելի մոտ է կանգնած ինստիտուտին»,- ասվածին պատասխանեց Հր. Գասպարյանը:
Սա հաստատում է նաեւ Սոս Սարգսյանը. «Գործին ավելի տեղյակ մարդ, ըստ էության
չկար, մենք ունենք շատ հարգարժան դասախոսներ, տաղանդավոր մարդիկ, բայց մեկի տարիքը
թույլ չէր տալիս (օրինակ՝ ինստիտուտի արվեստի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ
Սուրեն Հասմիկյանը եւ այլն), մյուսներն էլ կամ թատրոնի ղեկավարներ են, կամ ջահել
ու անփորձ են, չունեն համապատասխան գիտական աստիճան»: Նշենք, որ բուհի նախկին կանոնադրությամբ
ռեկտորը պետք է ունենար դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի կոչում: Իսկ ներկայիս՝
փոփոխված տարբերակով, դոկտոր լինելը պարտադիր չէ, Հրաչյա Գասպարյանն էլ ունի միայն
պրոֆեսորի կոչում: Սոս Սարգսյանի կարծիքով, ռեկտորի պաշտոնում դրսի մարդ չէր
կարող լինել. «Սա սպեցիֆիկ բուհ է, եւ այն չգրված օրենքները, որ գործում են համալսարանում
կամ բժշկականում, այստեղ գործել չեն կարող: Զուտ մասնագիտական ինստիտուտ է, եւ պետք
է այս գործին տեղյակ լինել»: Սոս Սարգսյանն իր գործը շարունակողի մեջ ուզում է տեսնել
արդարամտություն եւ հանդուրժողականություն մարդկանց նկատմամբ, «որովհետեւ ծանր, դժվար
ժամանակներ են, մարդիկ սխալվում են, մարդիկ քիչ աշխատավարձ են ստանում, միշտ չէ,
որ աշխատանքային կարգապահությունը պահում են, բարձրության վրա են մնում: Պետք է հանդուրժող
լինել եւ հասկանալ, որ դիմացինի վիճակն էլ այն չէ՝ այդ չնչին աշխատավարձով»: Մեր
հարցին՝ արդյոք պրն Սարգսյանը նկատի ունի կոռուպցիոն երեւույթները բուհում, նա պատասխանեց.
«Մեր բուհում նման բան չկա, գուցե սխալվում եմ, բայց չէ, չկա»: Խոսքը, ըստ նրա, վերաբերում
է ընդհանրապես մարդկային հարաբերություններին ու կարգապահությանը: Հրաչյա
Գասպարյանն էլ է համոզված, որ այստեղ կոռուպցիան իսպառ բացակայում է: «Անցյալ տարի
հետազոտություն էր եղել եւ ասացին, որ կոռուպցիան ամենաքիչը մեզ մոտ է: Այդ քիչն
էլ չկա, բամբասանք է: Անտաղանդ մարդն այստեղ գործ չունի, իսկ շնորհքով մարդը այստեղ
երեւում է ակնհայտ, կուրսը գիտի, որ սա անշնորհք է, ինչպե՞ս կարող է անցնել: Ես համարյա
60 տոկոս քննություններին մասնակցում եմ, նույնիսկ բամբաներկա չի տրվում, ծաղիկն
էլ սովորաբար խիստ դասախոսներին են բերում, ում մոտ դա չի էլ անցնում»: Ի
դեպ, բուհում դասախոսի միջին աշխատավարձը 50-60 հազար դրամ է: Ինչը, պրն Գասպարյանի
կարծիքով, բարձր է համարվում, բայց «աշխատավարձը միշտ էլ քիչ է, եթե մարդը կոռուպցիոներ
է՝ 1 մլն էլ ստանա, 3 ռուբլի կաշառք կվերցնի: Մի ծիծաղելի դեպք արդեն եղել է, երբ
դասախոսն ուսանողից մեկ շիշ օղի էր ուզել»: Այդ դասախոսը, որի անունը, բնականաբար,
չնշվեց, անմիջապես հեռացվել է բուհից: Եվ պրն Գասպարյանը խոստանում է այս հարցում
հետեւողական եւ շատ խիստ լինել. «Եթե նման բան իմանամ՝ այդ մարդը մյուս օրն արդեն
այստեղ չի լինի»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել