Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին ինքնափլուզվում է

Փետրվար 17,2006 00:00

Վթարային շենքերի վիճակն ուսումնասիրող նախագահական հանձնաժողովը, ըստ գյումրեցիների՝ «գալիս-ֆռֆռում, թուղթ մրոտելով՝ հեռանում է»:

Հանձնաժողովը Գյումրիից հեռացել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն փաստն այն է, որ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը հիմա էլ է խորհուրդ տալիս բնակիչներին. «Գնացեք, ապրաք՝ ապրաք, մեռաք էլ՝ մեռաք»: Ինչպես այս կառույցի, այնպես էլ քաղաքապետարանի միակ «լուրջ» միջամտությունը կարմիր ժապավեն փակցնելն է, որը իբրեւ թե նախազգուշացնում է անցորդներին շենքի տվյալ հատվածի վթարավտանգ լինելու մասին: «Սրանց գործն էլ մի բան չէ, մեկ՝ կարմիր թել կկտրեն, մեկ էլ՝ կկպցնեն»,- ձեռք են առնում գյումրեցիները: Իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում առատ ձյան հետեւանքով փլուզումներն անհաշվելի են՝ «ձեն ձենի տված» քանդվում են ինչպես վթարային շենքերը, այնպես էլ պետական բնակարանային ֆոնդի միհարկանի տները:

Օրինակ, մեկ շաբաթվա ընթացքում փլվեց 1924-ին կառուցված Իսահակյան 9 շենքի կտուրը ու պատերից մեկը, որտեղ բնակվում է մոտ երկու հարյուր ընտանիք: Ավելի դաժան եզրակացություն, քան այս շենքի վերաբերյալ է, սեյսմիկ ծառայությունը հավանաբար իր գործունեության ընթացքում որեւէ կառույցի չէր տվել: Պարզվում է՝ այստեղ պիտանի ոչինչ չկա. հատակը «սնկավարակ» է, աստիճաններն ու կոյուղագծերը՝ փտած, պատերը՝ ճաքած, կտուրը՝ ձեւախեղված. մի խոսքով՝ կառույցը մահաբեր է: Ինչպես պատմում են բնակիչները, առաջին հարկում բնակվող ծեր տատիկներից մեկը արդեն առիթ ունեցել է «վայելել» սնկաշխարհը՝ «քելած տեղը հայտնվավ պադվալում»՝ ասում են բնակիչները: Զարմանալին այն է, որ շենքի պատմությունը բոլորին է հայտնի, հատկապես՝ քաղաքաշինության նախարարությանը: «Քանի հանձնաժողովներ ենք ընդունել ու ճամփել, իսկական Խաչատուր Աբովյանի բախտին են արժանացել»,- ասում են բնակիչները, միաժամանակ դժգոհելով, որ գործի գնալու փոխարեն անընդհատ կամ մարզպետարանում են, կամ էլ քաղաքապետարանում: Բնակիչների՝ գոնե կտուրը փոխելու խնդրանքին ի պատասխան, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զայրացել է, թե՝ «ո՞ր մեկի աշխատավարձը կտրեմ, որ ձեր կտուրը փոխեմ»: Նրանց տնակներ տեղափոխելու առաջարկ անգամ չի արվում:

Քաղաքաշինության նախարար Ա. Հարությունյանն էլ ուղիղ մեկ տարի առաջ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին գրել է. «Քննարկվել է Իսահակյան փողոցի 9 շենքի բնակիչների բնակարանային խնդիրների հարցը, նախարարության կողմից դիտարկվել է շենքի ինչպես ամրացման- վերակառուցման, այնպես էլ քանդման ու տեղում նոր, նույն քանակի բնակարաններով բնակելի շենքի կառուցման տարբերակները: Քանի որ «Հայսեյսմշին եւ ԿՊԳՀԻ» ԲԲԸ-ի տրված տեխնիկական եզրակացության համաձայն այն չի համապատասխանում սեյսմակայուն շինարարության ներկայումս գործող նորմերի պահանջներին, շենքի ամրացման-վերակառուցման աշխատանքների իրականացումը տնտեսապես նպատակահարմար չէ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Իսահակյան 9 վթարային շենքի բնակիչների բնակարանային խնդրի լուծումը՝ տեղում նոր բնակելի շենքի կառուցման միջոցով, ներառվել է նախարարության 2006թ. պետական բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ հայտում»:

Ի դեպ, նախագահական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է վթարային 89 շենք, սակայն աչքով տեսնելու ու համոզվելու դեպքում էլ դեռ ոչ մի քայլ չի կատարվում վայրկյան առ վայրկյան մահվան սպասող բնակիչներին փրկելու համար:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել