Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Փետրվար 17,2006 00:00

ՀԱՐՑԸ
ԴԵՌ ԵՐԿԱՐ ՉԻ ԼՈՒԾՎԻ Երեկ «Հայելի» ակումբի հյուրերը՝ հայաստանյան
քաղաքական ներկապնակի գաղափարական բեւեռների՝ ՀՀՇ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ Հովհաննես
Իգիթյանն ու Լեւոն Մկրտչյանը քննարկում էին ԼՂ հարցը: Ըստ պրն Իգիթյանի, Ռամբույեում
ոչինչ տեղի չունեցավ, որովհետեւ «նրանցից (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից-
Մ. Բ.) յուրաքանչյուրը գնում էր այդ բանակցությանը՝ ձախողելու առիթ փնտրելով: Նրանց
ձեռնտու է ստատուս-քվոն: Սակայն հանուն ինչի՞ պետք է Ղարաբաղում ապրող ժողովրդին
պատանդ պահենք: Չէ՞ որ մարդիկ անորոշության մեջ են»: Պարոն Իգիթյանը կարծում է, որ
իրավիճակի ձգձգումը վնասում է մեր երկրներին, հատկապես՝ ՀՀ-ին: Խաղաղություն հաստատելու
համար, կարծում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երբեմնի նախագահը,
անհրաժեշտ է բարիդրացիական մթնոլորտ ստեղծել. «Այս իրավիճակում, երբ քարոզչությունն
ամեն ինչ անում է ժողովուրդներին միմյանց հետ թշնամացնելու համար, ի՞նչ բանակցությունների
մասին է խոսքը: Թշնամուն պետք է ոչնչացնել, թշնամու հետ չեն բանակցում: Իսկ մենք
պետք է հասկանանք, որ դիմացներս մեր հարեւաններն են, որոնց հետ մենք, այո, պրոբլեմներ
ունենք, բայց դրանք պետք է լուծել, բանակցել եւ լուծել»: Պարոն Իգիթյանը կարծում
է, որ հիմա Հայաստանի համար դժվար է նաեւ այն առումով, որ եթե առաջ մարդիկ գիտեին,
թե ինչի համար են գնում կռվի, եւ գնո՛ւմ էին, ապա հիմա պիտի մտածեն՝ գնում ենք կռվելու
ինչ-որ մեկի սխալի, ինչ-որ մեկի կոշտ դիրքորոշման, ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով,
ու չեն գնա: Այս տեսակետի հետ համաձայն չէր Լեւոն Մկրտչյանը, ով կարծում էր՝ «եթե
պատերազմ լինի, Ադրբեջանը կստանա արժանի հակահարված», թեեւ ավելացրեց նաեւ, որ «կողմերից
ոչ մեկը՝ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը իրենց վրա պատերազմ սկսելու նման ծանր բեռ ու
պատասխանատվություն չեն վերցնի»: Պարոն Իգիթյանը հիշեցրեց նաեւ, որ «ԼՂ-ն արդեն իսկ
1991թ. հանրաքվե է իրականացրել եւ ինքնորոշվել»: Նա չէր խրախուսում այն, ինչ արվել
է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 1998-ից հետո, երբ «ԼՂ-ն որպես
կողմ դուրս մղվեց բանակցությունների սեղանից, եւ ՀՀ-ի մասին սկսեցին խոսել որպես
ագրեսորի»: Այս առումով Լեւոն Մկրտչյանը ուներ միայն մի հակափաստարկ. «Ռոբերտ Քոչարյանը
ամենատրամաբանական ղեկավարն է, որ կարող է դեր խաղալ ԼՂ հարցի լուծման մեջ»: Մ.
ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել