Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԱԽԵՑԱՆ «ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒՑ»

Փետրվար 17,2006 00:00

Իշխանության ճնշման տակ 5 պատգամավորներ
ետ վերցրին ՍԴ-ին ուղղված իրենց դիմումները, որոնցում փորձում էին վիճարկել Բուզանդի
փողոցից բնակչության դեպորտացիան: Մենք արդեն մի քանի անգամ գրել ենք այն
մասին, որ «Արդարություն» խմբակցությունը, որին միացել էր նաեւ «Ազգային միաբանությունը»,
հավաքել էր 32 պատգամավորի ստորագրություն եւ համապատասխան նամակ էր ուղարկել Սահմանադրական
դատարան, որով պատգամավորները առաջարկում են ՍԴ-ին՝ պարզել Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային
պողոտայի հողերի օտարման վերաբերյալ կառավարության ընդունած որոշումների սահմանադրականությունը:
Այս փաստաթղթի տակ ստորագրել են ոչ միայն ընդդիմադիր եւ անկախ պատգամավորներ, այլեւ
ՀՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչներ: Ինչպես եւ կանխատեսել էինք,
վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հայտարարությունից հետո, թե «այդ փաստաթուղթը դեռ չեն
ներկայացրել ինձ, որպեսզի կարողանամ կողմնորոշվել: Երբ ներկայացնեն, կպարզենք՝ ովքե՞ր
են միացել ստորագրահավաքին եւ ինչո՞ւ», հինգ պատգամավոր «վազել է» Սահմանադրական
դատարան եւ իրար հերթ չտալով՝ խնդրել իրենց ստորագրությունը համարել ետ վերցված:
Փաստորեն, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ «ականջ քաշելու» մասին սպառնալիքը իր ազդեցությունը
թողնում է անմիջապես։ Ի պատիվ ՄԱԿ եւ ՕԵԿ խմբակցությունների՝ պետք է ասել,
որ նրանց անդամ պատգամավորները չեն վախեցել եւ իրենց ստորագրությունները ետ չեն վերցրել:
Իսկ ՀՀԿ անդամներ Ռաֆիկ Պետրոսյանը, որը նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի
նախագահն է, Ռաֆիկ Գրիգորյանը եւ «Ժողպատգամավոր» խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանը,
Լյովա Խաչատրյանը եւ Արծրունի Ղալումյանը ետ են վերցրել իրենց ստորագրությունները:
ՀՀԿ անդամները նաեւ փորձել են արդարացում գտնել եւ ավելի հիմար վիճակում են հայտնվել,
իրենց վարքագիծը կապելով նոր սահմանադրության հետ, եւ երկար-բարակ նամակ են գրել
այդ կապակցությամբ: Կատարվածի մասին երեկ փորձեցինք ստանալ ստորագրահավաքը նախաձեռնող
«Արդարություն» խմբակցության անդամ Վարդան Մկրտչյանի կարծիքը: Պարոն Մկրտչյանը նկատեց,
որ հատկապես Ռաֆիկ Պետրոսյանի նամակը «շատ ցածր մակարդակի հիմնավորումներ էր պարունակում,
եւ եթե մարդը ցանկություն ունի իր ստորագրությունը ետ վերցնել, կարող էր ուղղակի
գալ եւ նախաձեռնողներին ասել այդ մասին եւ ոչ թե հասնել ՍԴ: Եվ հետո, ուզում եմ շեշտել,
որ ես բոլորին էլ տեղեկացրել եմ, թե ինչի համար ենք կազմակերպել ստորագրահավաքը եւ
նույնիսկ ձեւաթղթի վրա պարզ գրված է, որ այն ներկայացվելու է ՍԴ՝ գույքի օտարման
օրինականությունը ստուգելու խնդրանքով: Այնպես որ, եթե կգտնվեն մարդիկ, որ կհայտարարեն,
թե տեղյակ չեն եղել, թե ինչի տակ են ստորագրում, ուզում եմ հիշեցնել, որ դեռ մայիսին
ես հայտարարությամբ հանդես եկա ԱԺ-ում եւ ասացի, որ շրջանառության մեջ եմ դնում այդ
ձեւաթուղթը, եւ հարցի բնույթը ձեւակերպված ներկայացվել է բոլոր խումբ-խմբակցություններին:
Այնպես որ, բավականին ժամանակ կար, որ մեր գործընկերները կարդային եւ հասկանային,
թե ինչի տակ են ստորագրում»: Սակայն այս հինգ ստորագրությունը ոչինչ չի փոխում, քանի
որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 ստորագրություն, եւ նույնիսկ այս դեպքում այդ
թիվը պահպանվում է, եթե չհայտնվեն նոր անսկզբունքայիններ եւ սեփական «ականջի» համար
վախեցողներ: Նույնիսկ եթե նոր «հրաժարվածներ» հայտնվեն, հունիսի 1-ից ուժի
մեջ է մտնում նոր սահմանադրական նորմը, որով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել
ՍԴ։ Հետեւաբար, հարցը այսպիսով չի կարող փակված համարվել։ Վարդան Մկրտչյանը անդրադարձավ
նաեւ մամուլում այն հրապարակումներին, որ «Արդարությունը» իբր հիմա է միայն հիշել
Բուզանդի եւ Երեւանի Կենտրոնի բնակիչների ոտնահարված իրավունքների մասին, երբ մարդիկ
վաղուց են պայքարում սեփական իրավունքների համար։ Նա հիշեցրեց, որ «Արդարություն»
դաշինքը, մանավանդ՝ ՀԺԿ-ն հենց առաջին օրվանից թե՛ հայտարարություններ է արել, թե՛
կոնկրետ, ֆիզիկապես կանգնած է եղել մարդկանց կողքին եւ աջակցել է ցանկացած հարցով,
այնպես որ՝ այդ հարցը մեզ համար մեկ օրվա հարց չէ»։ ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել