Լրահոս
Օրվա լրահոսը

Որմնանկարները

Փետրվար 16,2006 00:00

Որմնանկարները վատթար վիճակում են 1986-87թթ.-ից Հայաստանում որմնանկարների վերականգնման հետ կապված աշխատանքներ չի տարվում: «Հայաստանում եղած որմնանկարները միայն հաշվառելու համար անհրաժեշտ է համապատասխան ֆինանսավորում»,- տեղեկացրեց Հայաստանի որմնանկարչության գլխավոր մասնագետ Ալիկ Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հուշարձանների պահպանման գործակալությունը չի կարող հատկացնել նման չափի գումարներ, իսկ բյուջեից ոչինչ չի նախատեսվում: Մայր աթոռ սուրբ Էջմիածինն էլ կարծես թե որոշակի ծրագիր չունի, չնայած որմնանկարչությունը արվեստի մի առանձին ճյուղ է, որն ուղղակի կապված է եկեղեցու հետ: «Դա հսկայածավալ աշխատանք է: Մեր հուշարձաններից շատերը հայտնվել են հարեւան հանրապետություններում: Դրանց վիճակը, մեղմ ասած, այսօր անմխիթար է: Սակայն մեր երկրում մնացածն էլ պահպանման խնդիր ունի: 1986-ին բյուզանդական արվեստի առնչությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսում լավագույն ճանաչված տասը հուշարձաններից մեկը Ախթալայի 16-րդ դարի եկեղեցին է: Այնտեղ լավ պահպանված սքանչելի որմնանկարներ ունենք, որոնք պատկերում են թեմաներ Նոր կտակարանից: Ցավոք, 1987-ին սկսված վերականգնման աշխատանքները կիսատ մնացին: Հիմնականում վերանորոգման կարիք ունի տանիքը՝ ջրահոսքերը, խոնավությունը անում են իրենց սեւ գործը: Այս վիճակում են գտնվում դեռեւս պահպանված հրաշալի որմնանկարներ ունեցող մի շարք եկեղեցիներ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Հարեւան երկրներում, մասնավորապես՝ Նախիջեւանում մեր հոյակերտ եկեղեցիները (17-18-րդ դարեր), գլխավոր մասնագետի բնորոշմամբ, սքանչելի որմնանկարներ ունեն: Դրանք եղել են 12-ը, սակայն ավերվել են, վերջին տարիներին մնացած 7-ը, իրեն հասած տեղեկություններով՝ եւս հիմնահատակ քանդվել է: Այդ որմնանկարները Հովնաթանյանների տարբեր սերունդների աշխատանքներն են: Հրաշալի վանք է եղել Սուրբ Թովման, որը բազմաթիվ ուսումնասիրությունների առիթ է հանդիսացել: Մոտ 200 տարի Հովնաթանյանների սերունդները նկարազարդել են Երեւանի, Էջմիածնի, Թիֆլիսի, Ադրբեջանի ու Նախիջեւանի հայկական եկեղեցիները: «Բոլոր ժամանակներում էլ ականատես ենք եղել հարեւանների կողմից վանդալիզմի դրսեւորման երեւույթների: Ժամանակ առ ժամանակ այս վիճակը սրվում է: Երեկ՝ Սումգայիթը, այսօր՝ Ջուղան, որի խաչքարերը դասվում էին 5000 կարեւորագույն հուշարձանների շարքին: Դա պարզապես գերեզմանատան ավերում չէր, դա ծրագրված քաղաքականություն էր: Հարեւան պետության կողմից մշակութային արժեքների ոչնչացման հստակ ծրագիր է գործում ու, քանի որ, ըստ իրենց օրենքի, պետական սեփականությունը վնասողը պատժվում է, բանտարկում են ինչ-որ մեկին, որը ազատվելուց հետո վերածվում է ազգային հերոսի. գռեհիկ ու տգեղ խաղ է խաղում Ադրբեջանը: Մենք եւս անհրաժեշտություն ունենք պետական քաղաքականության: Հարկ է ստեղծել մի հանձնախումբ, որը ոչ թե կխոսի, այլ կգործի, կհավաքի փաստեր, քանի դեռ դրանք կան՝ ֆիլմեր կնկարահանի եւ այլն: Եվ մշակույթով զբաղվող հ/կ-ներն էլ կարող են ի լուր աշխարհի տարածել ճշմարտությունը: Ես համոզված եմ, որ Ադրբեջանում այս խնդիրներով մի ողջ ինստիտուտ է զբաղվում»: Վերադառնալով մեր որմնանկարներին, գլխավոր մասնագետը գտնում է, որ որպես առաջին քայլ, անհրաժեշտ է կատարել լուսանկարներ, ունենալ ֆոտոփաստաթուղթ, որով կֆիքսվի, թե ինչ ունենք այսօր, ինչ վիճակում եւ ինչպիսին պետք է լինի հաջորդ քայլը: Նա ափսոսանք հայտնեց ստեղծված բարձիթողի վիճակի համար, քանի որ մեր ունեցած որմնանկարները մեծ արժեք են ներկայացնում: Նույնիսկ հանդիպում են 4-րդ դարի որմնանկարներ, որոնք աշխարհում եզակի են: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել