Լրահոս
Օրվա լրահոսը

Անհի՞մն

Փետրվար 16,2006 00:00

Անհի՞մն հայտարարություն Իշխանությունների տարանջատման խնդիրը օրակարգից դուրս չի եկել Փետրվարի 4-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հաղորդագրություն է տարածել, որում փետրվարի 3-ին «Երեւան» հյուրանոցում տեղի ունեցած «ՀՀ իշխանությունների վերաբերմունքը իրավապաշտպան գործունեության նկատմամբ» թեմայով կլոր սեղանի մասնակիցներից առանձնացնելով գործադիր իշխանության պաշտոնյա Հրանուշ Խառատյանի ներկայությունը եւ հղում կատարելով «Առավոտ» օրաթերթի փետրվարի 4-ի համարը՝ ի մասնավորի ասում է. Հրանուշ Խառատյանը հայտարարել է, որ «…դատական համակարգը կախված է իշխանությունից եւ չունի անկախություն»։ Հաղորդագրության հեղինակը անհրաժեշտ է համարում հայտարարել, «որ վերը նշված միջոցառման ընթացքում հնչեցված առանձին կարծիքներ հիմնազուրկ են եւ չփաստարկված», հատկապես տարակուսանք արտահայտելով պետական պաշտոնյայի շուրթերից նման հայտարարություններ հնչեցնելու առնչությամբ։ Հիշեցնելով իշխանությունների տարանջատման եւ դատավորների անկախության, ինչպես նաեւ դատական պաշտպանության երաշխավորված իրավունքի՝ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված սկզբունքները, Ա. Մկրտչյանը հորդորել է «զերծ մնալ դատարանների եւ դատավորների վերաբերյալ անհիմն հայտարարություններ անելուց՝ հիշեցնելով, որ դատական իշխանությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքը բարոյական պարտականությունն է յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացու, հատկապես պետական պաշտոնյայի»։ Վերոնշյալ «հորդորի» կապակցությամբ պետք է ասեմ, որ դատական իշխանության վերաբերյալ այս կարծիքի հեղինակը Հրանուշ Խառատյանը չէ։ Խնդիրը օրակարգից դուրս չի գալիս տարիներ շարունակ, բազմիցս քննարկվել է հասարակության կողմից ամենատարբեր ամբիոններում, դատական համակարգի անկախությունն ապահովելու նպատակով առաջարկվել է դատավորների նյութական շահագրգռություններով հարցի լուծումը՝ աշխատավարձի բարձրացում, սոցիալական արտոնությունների փաթեթ եւ այլն։ Նույնիսկ սահմանադրական փոփոխությունների ողջ քարոզարշավը եւ հասարակական քննարկումներն ուղեկցվում էին դատական անաչառության ապահովման եւ իրավական պետության կայացման հարցադրումներով։ Երկրորդ, «դատական իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը բարոյական պարտականությունն է հարգալից յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացու, հատկապես պետական պաշտոնյայի» պնդումը, որ չափազանց կարեւոր է, միայն օրենքով չի կարող իրականանալ։ Որեւէ անձի, կառույցի հանդեպ հարգալի վերաբերմունքը կարող է առաջացնել տվյալ անձի, կառույցի նկարագիրը, եւ ես ուղղակի երազում եմ ունենալ հարգարժան դատական իշխանություն, միանգամայն վստահ լինելով, որ հարգարժան դատական իշխանության առկայությունը միանգամից եւ կտրուկ դրական փոփոխություններ կբերի մեր հասարակության կյանքում, այդ թվում՝ կառավարման մարմիններում, օրենսդիր իշխանությունում։ Հարգարժան դատական իշխանությունը պետության ողնաշարն է, եւ եթե մեր դատական իշխանությունը դեռեւս այդչափ հարգարժան չէ, ապա այն ուղղակի վնասում է պետության կայացմանը, նրա ամրությանը։ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԱզգագրագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել