Լրահոս
Օրվա լրահոսը

…ԵՎ

Փետրվար 16,2006 00:00

…ԵՎ ՁՐԻ ՈՒՂԵԳԻՐ …ՍԻԲԻՐ Երեկ, 6 տարի ընդմիջումից հետո, ԳԱԱ-ում տեղի ունեցավ միացյալ արհմիության ժողով Թե ինչպես են ԳԱԱ արհմիությունները պաշտպանում գիտնականների շահերը, ցույց էինք տվել մեր երեկվա համարում՝ կոնկրետ օրինակով, երբ ակադեմիկոս Անրի Ներսիսյանը ահազանգով դիմել էր արհմիություն՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել ԳԱԱ նախագահության աշխատաոճը, հետեւողականություն ցուցաբերել ԳԱԱ-ին տրամադրվող գումարների ծախսման հարցում: Նրա դիմումը, մեղմ ասած, արհամարհվել էր: Փոխարենը տրվել էր պատասխան, թե ինչ բարեգործություններ են անում արհմիությունները՝ այս ու այն գիտնականներին ձրի առողջարաններ ուղարկելով եւ բուժօգնություն տրամադրելով: Երեկվա ժողովին նույնը կրկնեց նաեւ միացյալ արհմիության նախագահ Կիմա Միքայելյանը՝ թվարկելով, թե քանի մարդ է «Կարմիր խաչում» բուժվել, քանիսը՝ «ֆիզիոթերապեւտիկում», իրենց իսկ դիմում-խնդրանքների շնորհիվ: Կիմա Միքայելյանն ամբիոնից ժողովականներին ցուցադրեց «Առավոտի» երեկվա համարի նշյալ հոդվածը՝ առաջարկելով վերջում քվեարկության դնել եւ գնահատական տալ հոդվածի վերնագրին՝ «ԳԱԱ արհմիությունները՝ իշխանության գրպանում»: Սակայն առաջարկն արժեզրկվեց, երբ այդ պահից սկսած՝ մի քանի համարձակ գիտնականներ տեղից ու ամբիոնից ապացուցեցին վերնագրի իսկությունը: Այսպես՝ երկրաբանական գիտությունների դոկտոր Վիլեն Աղամալյանը ամբիոնից հաստատեց, որ արհմիությունը 6 տարի է՝ ոչինչ չի անում, իսկ գիտնականներն արտաքուստ համաձայնում են բոլոր որոշումներին, իսկ հետո՝ այստեղ-այնտեղ բողոքում ու դժգոհում: Նա օբյեկտիվ գնահատեց ՄԱԿ-ի փորձագետների վերլուծություններն ու հետազոտության արդյունքները, ինչը, ըստ քիմիական գիտությունների դոկտոր Առնոս Հովհաննիսյանի, ԳԱԱ ներսի գիտնականները կարող էին անել շատ ավելի էժան գներով («եթե ՄԱԿ-ն արել է 35 հազար դոլարով, մենք 500-ով էլ կանեինք, որովհետեւ մեզ համար այս վիճակը նորություն չէր, այն, ինչ նկարագրվել է, մենք արդեն անգիր գիտեինք»): Սակավաթիվ ընդդիմացողներից այդ վիճակը նկարագրեց կենսաբանական գիտությունների թեկնածու Սոնա Մարդանյանը. «Մեզ թալանում են կառավարությունը, նախագահությունը, որոշ ինստիտուտների ադմինիստրացիաներ, որոնք չգիտենք, թե ինչպես են ծախսում հատկացվող գումարները: Կենսաքիմիայի ինստիտուտը փակված է՝ հեռախոս, ջերմություն չունենք, ինստիտուտը պարտքերի մեջ թաղված է»: Ըստ կենսաքիմիայի ինստիտուտի փոխտնօրեն Գեւորգ Գեւորգյանի, գիտնականներն իրենք իրենց վատություն արեցին՝ քաղաքականացվելով ու ԳԱԱ-ն նախընտրական շտաբի վերածելով: Այս միտքը զարգացրեց Առնոս Հովհաննիսյանը. «Գիտնականների իմիջը նրանով չի բարձրանում, որ 3 հատ լավաշ են կախում ու ասում՝ այո սահմանադրությանը: Այլ նրանով կբարձրանար, որ վեր կենայիք ու կոնկրետ կետեր քննարկեիք: Սահմանադրությունը կետ առ կետ պետք է դնեիք քվեարկության: Բայց դուք միայն կատարող եք եղել, հիմա էլ կատարելու եք ՄԱԿ-ի փորձագետների առաջարկները: Դե, եթե վատն է՝ մի կատարեք»: Ըստ պրն Հովհաննիսյանի, կատարման գործընթացն արդեն սկսված է: Նա բերեց կոնկրետ օրինակ՝ դիմելով նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Բագրատ Ղարիբջանյանին. «Պետք է մինչեւ վերջ անկեղծ լինել. ինչո՞ւ չեք ասում, որ ձեզ կանչել են նախագահություն եւ ասել՝ պետք է միավորվեք (բարեփոխումները ենթադրում են օրգանական եւ անօրգանական քիմիայի ինստիտուտների միացում- Հ. Բ.): Ինչո՞ւ եք ի կատար ածում, հրաժարական տվեք, ասեք՝ ընդունելի նախագիծ չի, վատն է, ի կատար չենք ածի, ինչո՞ւ չեք ասում»: Պրն Հովհաննիսյանն ավելի վաղ դիմեց ամբիոնում ելույթ ունեցող համաճարակաբանության ինստիտուտի տնօրեն Յուրի Ալեքսանյանին՝ «Ընդդիմացա՞ք, երբ ձեր շենքը ձեր ձեռքից վերցրին»: Պարզվում է՝ ոչ: Խոսքը Գր. Զոհրապի փողոցում գտնվող ԿԸՀ շենքի մասին է: Պրն Հովհաննիսյանը եւս մի բացահայտում արեց: Պարզվում է, կառավարությունը ՄԱԿ-ին է դիմել ԳԱԱ ոլորտում հետազոտություններ անելու եւ բարեփոխումների փաթեթ ներկայացնելու՝ այն բանից հետո, երբ ԳԱԱ-ն ներկայացել է բարեփոխումների իր անորակ փաստաթղթով: Ավելին, նա ասաց, որ ԳԱԱ փաստաթուղթն էլ մշակել է մի խումբ, որի անդամների մասին գիտնականների լայն շրջանակը տեղեկություն չունի. «Պատժվե՞լ են արդյոք այն կազմողները: Թող նախագահությունը ժողով աներ ու ասեր՝ նոր խումբ ենք ձեւավորում ու նորից աշխատում ենք փաստաթղթի վրա: Ինչո՞ւ չարեցիք: Գալիս-ժողով եք անում, գնում»: Միայն այս հորդորներից հետո արհմիության ժողովը որոշեց առաջարկներ ընդունել ինստիտուտներից, ի մի բերել դրանք ու դիմել կառավարություն: Ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի պահանջով որոշվեց նաեւ դիմել կառավարությանը՝ գիտնականների աշխատավարձերի վրա «վետո» դնելու եւ պատշաճ աշխատավարձ սահմանելու պահանջով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ նախագահության անդամ Ռադիկ Մարտիրոսյանը երեկ հերքեց իր՝ ԳԱԱ նախագահ դառնալու մասին լուրերը, ինչը, ըստ նրա, հորինել են լրագրողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել