Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր

Փետրվար 16,2006 00:00

Ո՞Ր ՀԱՍՑԵՈՒՄ Է ՍԻՆՈԴԻ ՇԵՆՔԸ Մայր աթոռի եւ Սախկալյանների ընտանիքի վեճը շարունակվում է Մեկ ամիս առաջ «Առավոտն» անդրադարձավ Էջմիածնի բնակիչ Սախկալյանների ընտանիքի բողոքին. 1993-ից նրանք վարձակալել են քաղաքի թիվ 6 գիշերօթիկ դպրոցի ննջարանային մասնաշենքը, վերանորոգել այն ու տեղում ստեղծել մի շարք կազմակերպություններ՝ հեռուստաընկերություն, թերթ, մանկական երգչախումբ եւ այլն: Սախկալյանները միաժամանակ գրանցվել եւ ապրում են նույն շենքում: Սակայն անցյալ տարվա ամռանը տեղեկացել են, որ կառավարության որոշմամբ Արարատյան 5ա հասցեի իրենց զբաղեցրած շենքը Արարատյան 6 հասցե դարձած եւ անհատույց սեփականության իրավունքով տրվել է Մայր աթոռին: Կառավարության 2001թ. հիշյալ որոշման մեջ այն նշված է որպես Սինոդի շենք: Երեկ նրանք խմբագրությանը ներկայացրին փաստաթղթեր՝ ապացուցելով, որ Սինոդի շենք կոչվածը բոլորովին էլ իրենց զբաղեցրածը չէ՝ ոչ հասցեով, ոչ էլ՝ զբաղեցրած մակերեսով: Ազգային արխիվից ձեռք բերված տեղեկանքով եւ հատակագծով երեւում է, որ Սինոդի շենքը միահարկ շինություն է, իսկ Սախկալյանների զբաղեցրածը երկհարկանի է: «Սինոդի շենքը գտնվում է Մայր աթոռի պարսպի ներսում՝ Մայր տաճարի ձախակողմյան հատվածում, որը մեր զբաղեցրած շենքից շուրջ մեկ կիլոմետր հեռու է: Կառավարության թիվ 330 որոշումը վերաբերում է Արարատյան 6 հասցեում գտնվող Սինոդի շենքին, իսկ մեր վարձակալության պայմանագրում ու անձնագրերում անգամ նշված է 5ա հասցեն: Բացի այդ, որոշման մեջ նշված է, որ Սինոդի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի հաշվեկշռում է գտնվում եւ զբաղեցնում է 3600 քմ տարածք, իսկ մեր շենքը կրթության նախարարությանն է պատկանում եւ ունի 451 քմ տարածք, պլյուս՝ 3375 քմ հողամաս: Այս փաստերը անտեսելով, իրենց չպատկանող շենքի հատակագիծը չունենալով՝ Էջմիածնի քաղաքապետարանը կարճ ժամանակում չափագրումներ է արել, փոխել շենքի հասցեն՝ այն հարմարեցնելով կառավարության որոշման մեջ նշված հասցեին ու նվիրել Մայր աթոռին»,- կատարվածը բացատրեցին խմբագրություն եկած Սախկալյանները: Նրանց զարմացրել էր, թե ինչպես Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ավարտած եւ եկեղեցական պատմությունն ուսումնասիրած Մայր աթոռի միաբանությունը մինչ օրս տեղյակ չէ, թե իրականում որտե՞ղ է տեղակայված Սինոդի շենքը. «Կարծում ենք, որ Վեհափառը իր ծառայողներին պետք է մեղադրի սխալ տեղեկատվության համար, ոչ թե պահանջի, որ մենք սուսուփուս ենթարկվենք պատմությունը աղավաղող «մասնագետներին»: Այս ամենի արդյունքում Սախկալյանների ընտանիքը խնդրում է երկրի իշխանություններից՝ կամ կայացնել նոր որոշում եւ իրենց թողնել զբաղեցրած տարածքում, կամ էլ տրամադրել համապատասխան մակերեսով նոր տարածք: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել