Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվար 16,2006 00:00

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՎԱԾ ՉԵՆ Ե՛վ «Արդարություն» դաշինքում մնալու, ե՛ւ ընտրություններով իշխանափոխության հասնելու մասին ասում է ԱԺԿ վարչության անդամ Վարդան Պողոսյանը: – Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններն այդքան քննադատած ընդդիմադիրներն այժմ օգտվում են դրա բարեփոխված դրույթներից, ինչն արտահայտվեց ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության, ե՛ւ Սահմանադրական դատարան ավելի հեշտությամբ դիմելու ժամանակ: – Շատ անբնական կլիներ կրկնել առաջին սխալը՝ սահմանադրական բարեփոխումներին չմասնակցելը, եւ այժմ էլ հայտարարելը, թե այդ Սահմանադրության ընձեռած հնարավորություններից ընդհանրապես չենք էլ ցանկանում օգտվել: Ընդդիմությունն, իմ կարծիքով, ողջախոհ գտնվեց, որ այդ առաջին սխալից հետո ընկալեց, թե փոփոխված Սահմանադրությունը նաեւ խորհրդարանական փոքրամասնությանն է ընձեռում որոշակի կարեւոր հնարավորություններ, եւ այժմ փորձում է օգտվել դրանցից: – Հայտնի է, որ իբրեւ GTZ ընկերության իրավական ծրագրի համակարգող՝ Դուք եք նախապատրաստում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք հնարավորություն կընձեռեն ավելի լայն շրջանակի դիմել ՍԴ: – Այո: Դրանք բխում են սահմանադրական փոփոխություններից: Խոսքը մասնավորապես ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ՍԴ դիմելու իրավունքի մասին է: Բացի դրանից՝ փոփոխություններ են կատարվում այն դրույթներում, որոնք ոչ ճիշտ կերպով էին ամրագրված «ՍԴ մասին» օրենքում: Հիշեցնեմ մեր դիրքորոշումը, որ հեղափոխության համար չկան ակնհայտ նախադրյալներ: Եվ կարծում ենք, թե ընտրական ինստիտուտների դերն ու նշանակությունը դեռեւս ամբողջությամբ սպառված չեն մեր երկրում: Եթե հեղափոխական հնարավորություն չկա, ապա այլ ճանապարհ չի մնում, քան ընտրությունների միջոցով քաղաքական իշխանության հասնելու համար պայքարելը: Ելնելով այդ գիտակցումից՝ իմ ղեկավարած «Ժողովրդավարություն» հ/կ-ն նախաձեռնելու է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ: Մշակելու ենք այնպիսի առաջարկներ, որոնք բխում են Հայաստանի առանձնահատկություններից ու վերջին 10 տարիների քաղաքական փորձից: Համոզված ենք, որ գործող «Ընտրական օրենսգիրքը», առնվազն ընտրական հանձնաժողովների կազմի շուրջ իր լուծումներով, բացառո՛ւմ է ժողովրդավարական ընտրությունների հնարավորությունը: – ԱԺԿ վարչությունը 2005-ի դեկտեմբերի 20-ի իր հայտարարությամբ առկախեց մասնակցությունը «Արդարության» աշխատանքներին, քանի դեռ այն չի վերագնահատել արածն ու չարածը եւ ընդունել սեփական սխալները: Սակայն դաշինքը չանցկացրեց նման քննարկում: Որքա՞ն է ԱԺԿ-ն մտադիր սպասել իր հայտարարության արձագանքին՝ վերջնական որոշում կայացնելու համար: – Շատ բարդ է ասելը: Ժամկետներ չենք սահմանել, թե ասենք փետրվարի x օրվանից հետո պետք է արդեն կատարենք ինչ-որ գործողություններ: Հասկանում եմ, որ «Արդարության» համար բավական բարդ է նախաձեռնել նման քննարկում: Այնուամենայնիվ, կարծում եմ, դաշինքի յուրաքանչյուր անդամ կուսակցություն ոչ պաշտոնապես, գոնե իր ներքին կառույցներով քննարկել է ստեղծված իրավիճակը: Ու գրեթե համոզված եմ, որ շատ-շատերը մտովի համաձայն են այդ հայտարարությամբ մեր հրապարակայնորեն հնչեցրած քննադատությանը: Այնպես որ՝ չեմ կարծում, թե սպառված են բոլոր հնարավորությունները: Մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, թե կլինի նման քննարկում: Իսկ եթե իսկապես որոշ ժամանակ հետո պարզ դառնա, թե չկա ցանկություն վերագնահատելու անցյալը՝ մեր կուսակցության վարչությունով պետք է անենք համապատասխան հետեւություններ: – Արդեն իսկ ակնհայտ է, որ դաշինքը վերանայել է հանրահավաքային գործելակերպը, չի փորձում իրականացնել զուտ ինքնանպատակ իշխանափոխություն, ինչը հայտարարությամբ կարեւորել էր ԱԺԿ-ն, նաեւ կա Սահմանադրության բարեփոխումն արդյունավետ օգտագործելու միտում: Այս ամենը վկայություննե՞ր չեն, որ ԱԺԿ արծարծած խնդիրներն արդեն իսկ լուծվել են՝ առանց ինչ-որ քննարկումների, եւ կարելի է վերադառնալ ի շրջանս «Արդարության»: – Հենց դա էլ նկատի ունեի, երբ պնդում էի, թե դաշինքի մաս կազմող կուսակցությունները կատարել են նման վերագնահատում: Բայց շատ բան պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, թե այնուամենայնիվ՝ նրանք այդ վերագնահատումը որքանո՞վ հետեւողական կիրականացնեն ու հետեւություններ կանե՞ն կատարված սխալներից: Մենք չենք փորձում արագացնել իրադարձությունները: – Առջեւում ԱԺ ընտրություններ են, եւ դաշինքի լինել-չլինելու հարցը թերեւս որոշվի ավելի շուտ, քան ԱԺԿ-ն հստակեցնի իր դիրքորոշումը: – Խորհրդարանական ընտրություններն այս տարվա մայիսին չեն: Դեռ բավական ժամանակ կա, եւ կարծում եմ՝ մինչ ընտրությունները տեղի կունենան մեծ վերադասավորումներ: Համենայնդեպս՝ մինչեւ գարնան ավարտը մեր դիրքորոշումն «Արդարություն» դաշինքին հետագա մասնակցության վերաբերյալ հստակեցված կլինի ամբողջությամբ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել