Լրահոս
Օրվա լրահոսը

Որմնանկարները վատթար վիճակում են

Փետրվար 16,2006 00:00

1986-87թթ.-ից Հայաստանում որմնանկարների
վերականգնման հետ կապված
աշխատանքներ չի տարվում: «Հայաստանում եղած որմնանկարները միայն հաշվառելու
համար անհրաժեշտ է համապատասխան ֆինանսավորում»,- տեղեկացրեց Հայաստանի որմնանկարչության
գլխավոր մասնագետ Ալիկ Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հուշարձանների պահպանման գործակալությունը
չի կարող հատկացնել նման չափի գումարներ, իսկ բյուջեից ոչինչ չի նախատեսվում: Մայր
աթոռ սուրբ Էջմիածինն էլ կարծես թե որոշակի ծրագիր չունի, չնայած որմնանկարչությունը
արվեստի մի առանձին ճյուղ է, որն ուղղակի կապված է եկեղեցու հետ: «Դա հսկայածավալ
աշխատանք է: Մեր հուշարձաններից շատերը հայտնվել են հարեւան հանրապետություններում:
Դրանց վիճակը, մեղմ ասած, այսօր անմխիթար է: Սակայն մեր երկրում մնացածն էլ պահպանման
խնդիր ունի: 1986-ին բյուզանդական արվեստի առնչությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսում
լավագույն ճանաչված տասը հուշարձաններից մեկը Ախթալայի 16-րդ դարի եկեղեցին է: Այնտեղ
լավ պահպանված սքանչելի որմնանկարներ ունենք, որոնք պատկերում են թեմաներ Նոր կտակարանից:
Ցավոք, 1987-ին սկսված վերականգնման աշխատանքները կիսատ մնացին: Հիմնականում վերանորոգման
կարիք ունի տանիքը՝ ջրահոսքերը, խոնավությունը անում են իրենց սեւ գործը: Այս վիճակում
են գտնվում դեռեւս պահպանված հրաշալի որմնանկարներ ունեցող մի շարք եկեղեցիներ»,-
ասաց Ա. Հովհաննիսյանը: Հարեւան երկրներում, մասնավորապես՝ Նախիջեւանում մեր հոյակերտ
եկեղեցիները (17-18-րդ դարեր), գլխավոր մասնագետի բնորոշմամբ, սքանչելի որմնանկարներ
ունեն: Դրանք եղել են 12-ը, սակայն ավերվել են, վերջին տարիներին մնացած 7-ը, իրեն
հասած տեղեկություններով՝ եւս հիմնահատակ քանդվել է: Այդ որմնանկարները Հովնաթանյանների
տարբեր սերունդների աշխատանքներն են: Հրաշալի վանք է եղել Սուրբ Թովման, որը բազմաթիվ
ուսումնասիրությունների առիթ է հանդիսացել: Մոտ 200 տարի Հովնաթանյանների սերունդները
նկարազարդել են Երեւանի, Էջմիածնի, Թիֆլիսի, Ադրբեջանի ու Նախիջեւանի հայկական եկեղեցիները:
«Բոլոր ժամանակներում էլ ականատես ենք եղել հարեւանների կողմից վանդալիզմի դրսեւորման
երեւույթների: Ժամանակ առ ժամանակ այս վիճակը սրվում է: Երեկ՝ Սումգայիթը, այսօր՝
Ջուղան, որի խաչքարերը դասվում էին 5000 կարեւորագույն հուշարձանների շարքին: Դա
պարզապես գերեզմանատան ավերում չէր, դա ծրագրված քաղաքականություն էր: Հարեւան պետության
կողմից մշակութային արժեքների ոչնչացման հստակ ծրագիր է գործում ու, քանի որ, ըստ
իրենց օրենքի, պետական սեփականությունը վնասողը պատժվում է, բանտարկում են ինչ-որ
մեկին, որը ազատվելուց հետո վերածվում է ազգային հերոսի. գռեհիկ ու տգեղ խաղ է խաղում
Ադրբեջանը: Մենք եւս անհրաժեշտություն ունենք պետական քաղաքականության: Հարկ է ստեղծել
մի հանձնախումբ, որը ոչ թե կխոսի, այլ կգործի, կհավաքի փաստեր, քանի դեռ դրանք կան՝
ֆիլմեր կնկարահանի եւ այլն: Եվ մշակույթով զբաղվող հ/կ-ներն էլ կարող են ի լուր աշխարհի
տարածել ճշմարտությունը: Ես համոզված եմ, որ Ադրբեջանում այս խնդիրներով մի ողջ ինստիտուտ
է զբաղվում»: Վերադառնալով մեր որմնանկարներին, գլխավոր մասնագետը գտնում
է, որ որպես առաջին քայլ, անհրաժեշտ է կատարել լուսանկարներ, ունենալ ֆոտոփաստաթուղթ,
որով կֆիքսվի, թե ինչ ունենք այսօր, ինչ վիճակում եւ ինչպիսին պետք է լինի հաջորդ
քայլը: Նա ափսոսանք հայտնեց ստեղծված բարձիթողի վիճակի համար, քանի որ մեր ունեցած
որմնանկարները մեծ արժեք են ներկայացնում: Նույնիսկ հանդիպում են 4-րդ դարի որմնանկարներ,
որոնք աշխարհում եզակի են: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել