Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր ՀԱՍՑԵՈՒՄ Է ՍԻՆՈԴԻ ՇԵՆՔԸ

Փետրվար 16,2006 00:00

Մայր
աթոռի եւ Սախկալյանների ընտանիքի վեճը շարունակվում է Մեկ
ամիս առաջ «Առավոտն» անդրադարձավ Էջմիածնի բնակիչ Սախկալյանների ընտանիքի բողոքին.
1993-ից նրանք վարձակալել են քաղաքի թիվ 6 գիշերօթիկ դպրոցի ննջարանային մասնաշենքը,
վերանորոգել այն ու տեղում ստեղծել մի շարք կազմակերպություններ՝ հեռուստաընկերություն,
թերթ, մանկական երգչախումբ եւ այլն: Սախկալյանները միաժամանակ գրանցվել եւ ապրում
են նույն շենքում: Սակայն անցյալ տարվա ամռանը տեղեկացել են, որ կառավարության որոշմամբ
Արարատյան 5ա հասցեի իրենց զբաղեցրած շենքը Արարատյան 6 հասցե դարձած եւ անհատույց
սեփականության իրավունքով տրվել է Մայր աթոռին: Կառավարության 2001թ. հիշյալ որոշման
մեջ այն նշված է որպես Սինոդի շենք: Երեկ նրանք խմբագրությանը ներկայացրին փաստաթղթեր՝
ապացուցելով, որ Սինոդի շենք կոչվածը բոլորովին էլ իրենց զբաղեցրածը չէ՝ ոչ հասցեով,
ոչ էլ՝ զբաղեցրած մակերեսով: Ազգային արխիվից ձեռք բերված տեղեկանքով եւ հատակագծով
երեւում է, որ Սինոդի շենքը միահարկ շինություն է, իսկ Սախկալյանների զբաղեցրածը
երկհարկանի է: «Սինոդի շենքը գտնվում է Մայր աթոռի պարսպի ներսում՝ Մայր տաճարի ձախակողմյան
հատվածում, որը մեր զբաղեցրած շենքից շուրջ մեկ կիլոմետր հեռու է: Կառավարության
թիվ 330 որոշումը վերաբերում է Արարատյան 6 հասցեում գտնվող Սինոդի շենքին, իսկ մեր
վարձակալության պայմանագրում ու անձնագրերում անգամ նշված է 5ա հասցեն: Բացի այդ,
որոշման մեջ նշված է, որ Սինոդի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի հաշվեկշռում է գտնվում
եւ զբաղեցնում է 3600 քմ տարածք, իսկ մեր շենքը կրթության նախարարությանն է պատկանում
եւ ունի 451 քմ տարածք, պլյուս՝ 3375 քմ հողամաս: Այս փաստերը անտեսելով, իրենց չպատկանող
շենքի հատակագիծը չունենալով՝ Էջմիածնի քաղաքապետարանը կարճ ժամանակում չափագրումներ
է արել, փոխել շենքի հասցեն՝ այն հարմարեցնելով կառավարության որոշման մեջ նշված
հասցեին ու նվիրել Մայր աթոռին»,- կատարվածը բացատրեցին խմբագրություն եկած Սախկալյանները:
Նրանց զարմացրել էր, թե ինչպես Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ավարտած եւ եկեղեցական
պատմությունն ուսումնասիրած Մայր աթոռի միաբանությունը մինչ օրս տեղյակ չէ, թե իրականում
որտե՞ղ է տեղակայված Սինոդի շենքը. «Կարծում ենք, որ Վեհափառը իր ծառայողներին պետք
է մեղադրի սխալ տեղեկատվության համար, ոչ թե պահանջի, որ մենք սուսուփուս ենթարկվենք
պատմությունը աղավաղող «մասնագետներին»: Այս ամենի արդյունքում Սախկալյանների
ընտանիքը խնդրում է երկրի իշխանություններից՝ կամ կայացնել նոր որոշում եւ իրենց
թողնել զբաղեցրած տարածքում, կամ էլ տրամադրել համապատասխան մակերեսով նոր տարածք:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել