Այսպես են կարծում քաղաքական գործիչները
Հայաստանյան մամուլը միանշանակ չարձագանքեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած մեկօրյա այցին: Կարծիքներ հնչեցին, թե այցելության համար պահը պատահական չէր ընտրված՝ նկատի ունենալով Ռամբույեում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձախողումն ու նաեւ միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումները Իրանի վրա՝ կապված այդ երկրի միջուկային ծրագրերի հետ: Քաղաքական դաշտում այդ այցելության վերաբերյալ կան նաեւ տեսակետներ, թե այդ այցը ավելի շատ անհրաժեշտ էր Իրանին՝ ցույց տալու համար, որ այդ երկիրն այնքան էլ «իզգոյ» չէ, որքան կարծում են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, որ այդ երկիրը արդյունավետորեն հարաբերվում է իր հարեւանների, հատկապես՝ Հայաստանի հետ ու քննարկում է ոչ միայն երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, էներգետիկ եւ տրանսպորտային, այլեւ պաշտպանության ու անվտանգության ոլորտներում համագործակցության հարցեր: Ու մինչ Իրան-Հայաստան գազատարի, Իրան-Հայաստան երկաթուղու եւ ճանապարհի կառուցման հնարավորության մասին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ոգեւորությամբ է խոսում՝ համարելով, որ դա «արդեն դուրս է գալիս երկկողմ հարաբերությունների շրջանակներից եւ ձեռք է բերում տարածաշրջանային նշանակություն», քաղաքական գործիչները քննարկում են ընդհանրապես այդ այցի նպատակահարմարությունն ու Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության հարցը:
Մասնավորապես, «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանը կարծիք հայտնեց, թե՝ «բացի տհաճ ու ցուցադրական երեւույթից, որեւէ հետաքրքիր բան այդ հանդիպման մեջ» չկար ու միաժամանակ հավելեց. «Անհեթեթ է կարծել, թե Հայաստան-Իրան հարաբերությունները ի վիճակի են վերացնել Իրանի «իզգոյ» լինելու հանգամանքը: Այդ այցի մասին կարելի է խոսել այլ համատեքստում: Կարծում եմ, ԻԻՀ պատվիրակության այցելության պահն անհաջող էր ընտրված, այն էլ Ռամբույեից անմիջապես հետո, որտեղ ակնհայտ էր Պրահյան գործընթացի ձախողումը, եւ որը դժվար է լինելու նույն ձեւաչափով վերականգնելը: Բայց, բնականաբար, Իրանը մեր կարեւոր հարեւանն է ու Իրանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը ինքնաբերաբար բարդ դրություն կարող է առաջացնել նաեւ Հայաստանի համար, եթե ԱՄՆ-ն նպատակ դնի որեւէ կերպ հարվածել Իրանին: Մյուս կողմից, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական լիցքեր: Բայց դրա համար հարկավոր է որոշակի վերլուծություն անել, հասկանալ մեր պետության շահերն ու որոշակիացնել, թե որոնք կարող են լինել մեր հնարավոր շահն ու կորուստը այս իրավիճակում: Նման հաշվարկներ ՀՀ ղեկավարությունը չի անում: Դա ինքնաբերաբար հանգեցնում է նրան, որ ցուցադրական այդ փոխհարաբերություններն ավելի շատ սպասարկում են Իրանի շահերը: Իրանը ինչ-որ տեղ ձգտելու է ցույց տալ, որ ինքը լայն հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների հետ, ու այդ ձգտման համատեքստում Հայաստանը ընդամենը մի փոքր էպիզոդիկ դեր ունի, ինչը Հայաստանին օգուտ բերել չի կարող»:
ՀՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանի համար միանշանակ է, որ հիշյալ ԻԻՀ պատվիրակության այցը Հայաստան ոչ միայն պատահական չէր, այլեւ ցուցադրական էր ու նպատակ ուներ ապացուցելու, որ Իրանը միայնակ չէ:
Բացի այդ, մեր զրուցակցի համոզմամբ, «հասկանալի էր, որ եկել էին նաեւ Հայաստանին որոշակի զգուշացումներ անելու համար՝ կապված Հայաստանի հնարավոր վարքագծի ու պահվածքի վերաբերյալ, եթե հանկարծ ԱՄՆ-ն որոշի հարվածել Իրանին: Խնդիրն այս դեպքում Հայաստանի ունեցած ոչ թե կշիռն է, այլ՝ դիրքորոշումը: Հայաստանն այն տարածքն է, որը կարող է օգտագործվել Իրանի դեմ հնարավոր հարվածի դեպքում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ հիմա շատ լուրջ բանակցություններ է վարում այդ երկրի տարածքը Իրանի դեմ օգտագործելու համար: Պատահական չէր նաեւ, որ մենք անընդհատ ասում էինք, թե՝ խաղաղապահների տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում հղի է լուրջ վտանգներով: Մենք պետք է շահագրգիռ լինենք, որ Հայաստանը տարածաշրջանում հնարավոր պատերազմների թատերաբեմ չդառնա: Իսկ այցը միանշանակ ցուցադրական էր. Իրանը հիմա դրա կարիքն ունի»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ