Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾՍ

Փետրվար 15,2006 00:00

«ԳՈՐԾՍ ՎՍՏԱՀԵԼ ԵՄ ԿԱՄԵՐԱՅԻՆԻՆ» Պարսկաստանում ծնված, ԱՄՆ-ում ապրած, Եվրոպայումհաստատված կոմպոզիտորի՝ Ժան Սարգսյանի ստեղծագործությունը առաջին անգամ կկատարվի Հայաստանում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) համերգը՝ նվիրված Մոցարտի ծննդյան 250 եւ Էդվարդ Միրզոյանի 85-ամյակներին: Առաջին անգամ կհնչի Ժան Սարգսյանի Կոնցերտը՝ գրված դաշնամուրի, լարայինների եւ հարվածայինների համար: Երեկ գերմանաբնակ կոմպոզիտորը հարցազրույց տվեց «Առավոտին»: – Ինչո՞ւ որոշեցիք ձեր ստեղծագործության պրեմիերան վստահել ՀՊԿՆ-ին եւ դաշնակահար Արմեն Բաբախանյանին: – Ես երկար տարիներ, դեռ արտերկրից եմ ճանաչում ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանին: Իսկ այս համագործակցությունը սկսվել է դաշնակահար Արմեն Բաբախանյանի միջոցով: Երեք տարի առաջ նա կատարեց իմ «Թեմա եւ վարիացիաներ» ստեղծագործությունը, այնուհետեւ խորհուրդ տվեց մի կոնցերտ էլ գրել դաշնամուրի եւ նվագախմբի համար, ի սկզբանե նկատի ունենալով հենց կամերային նվագախումբը, որի բարձր մակարդակին վաղուց էի ծանոթ: – Քիչ առաջ նվագախմբի փորձից մի կտոր ունկնդրեցիք, ձեր տպավորությունը: – Ընդամենը 2 րոպե Մոցարտ լսեցի, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դա Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ բարձր մակարդակի ներկայացում էր: – Միայն կամերային նվագախմբի՞ հետ եք համագործակցելու, թե՞ այլ նվագախմբերի ու անհատ կատարողների հետ եւս: – Կամերայինի հետ սկսված համագործակցությունը, հուսով եմ, կշարունակվի, նոր կապեր էլ եմ ակնկալում: Մանավանդ ունեմ սիմֆոնիկ գործեր, ներկայումս աշխատում եմ օպերայի վրա, թեեւ ոչ հայկական թեմատիկայով, բայց հուսով եմ, որ ինքնատիպ գործ է լինելու եւ միգուցե հետաքրքրի Երեւանի օպերային թատրոնին: Ընդ որում, այդ օպերայի թեման ռուսական արքայական ընտանիքն է: Այն ընդգրկում է 1905-ից մինչեւ ռուսական հեղափոխությունն ընկած ժամանակաշրջանը: Կարճ ասած՝ գործը Ալեքսանդրա թագուհու եւ Ռասպուտինի հարաբերությունների մասին է լինելու: – Դուք ծնվել եք Պարսկաստանում, տեղափոխվել ու գործունեություն ծավալել ԱՄՆ-ում, իսկ այժմ Բեռլինում եք հաստատվել… – Բեռլին տեղափոխվելուս պատճառն այն է, որ ստեղծագործելու համար շատ ազատ ժամանակ ունեմ, մինչդեռ Բոստոնում շաբաթվա 7 օրերին էլ զբաղված էի: ԱՄՆ քաղաքացի լինելս էլ օգնեց Բեռլինում հաստատվելուս: – Բոստոնում եւ Բեռլինում կապեր ունե՞ք Հայաստանից եկած արվեստագետների հետ: – Բոստոնում շատ ծանոթներ ունեմ, այդ թվում համբավավոր՝ երգչուհիներ Էլվիրա Ուզունյան, Նունե Կարապետյան եւ այլք: Նունեի հետ այսօր էլ համագործակցում եմ՝ երգաշար եմ գրում Չարենցի խոսքերով, որը պիտի կատարվի մայիսին: Նկատեմ, որ Հայաստանից եկած տաղանդավոր արտիստներից շատերը արտերկրում մի կերպ են գլուխները պահում, եւ եթե առիթ է լինում տարին գոնե մեկ անգամ փոքրիկ համերգ ունենալ հայկական գաղութի համար, դա արդեն լավ է: Ի դեպ, իմ վիճակն էլ նույնն էր ԱՄՆ-ում՝ երգեհոն էի նվագում ոչ հայկական եկեղեցում, 3 տարբեր դպրոցներում հարմոնիա, դաշնամուր ու նույնիսկ իտալերեն էի դասավանդում: Գերմանիայում, բարեբախտաբար, ամեն ինչ փոխվեց դեպի լավը: Արվեստը այնտեղ պետականորեն է հովանավորվում: Օրինակ՝ մի քանի փաստ նշեմ. միայն Բեռլինն ունի 3 օպերային թատրոն, 4 գլխավոր սիմֆոնիկ նվագախումբ: Աշնանային սեզոնին արդեն 5 օպերայի պրեմիերա է եղել: Մշակութային կյանքն այստեղ ուղղակի եռում է, դրան գումարած տոմսերն էլ բավականին մատչելի են՝ 8-12 եվրո: Ափսոս, օրեցօր հանդիսատեսը «ճերմակում» է, այսինքն՝ նման վայրեր հաճախող երիտասարդների թիվը գնալով պակասում է: Իսկ Ամերիկայում բացարձակապես ծերերն են դասական երաժշտության համերգների գնում: Մի նկատառում եւս. ամերիկացիները առակ ունեն. «Հարեւանի դաշտն ավելի կանաչ է»: Նրանք մեծ տեղ են տալիս Եվրոպայից եկած երաժիշտներին: Իսկ Գերմանիայում ԱՄՆ-ից եկածներին են ավելի քաղցր աչքով նայում: Բացի այդ, Գերմանիայում օտար երկրներից եկած արվեստագետներն ավելի շատ են պետական հովանավորչությունից օգտվում, քան տեղացիները: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել