Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ-բուլղարական

Փետրվար 15,2006 00:00

Հայ-բուլղարական զուգահեռներ Ըստ Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Գեորգի Պիրինսկու, իր երկրում նույնպես իշխում է կոալիցիան Բուլղարիայի խորհրդարանում եւս իշխողը քաղաքական կոալիցիան է, մի փոքրիկ տարբերությամբ՝ կոալիցիա կազմած ուժերից ամենամեծը նախկինում արմատական ընդդիմություն է եղել: Իսկ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու սովորություն ոչ միայն մեր ընդդիմությունը ունի, այլեւ՝ բուլղարները. «Նախորդ գումարման խորհրդարանում մեր ընդդիմությունը եւս բոյկոտում էր նիստերը»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ անկեղծացավ պարոն Պիրինսկին: Մենք հարցրինք նաեւ, թե բուլղարները ի՞նչ սկզբունքով են ընտրել իրենց մարդու իրավունքների պաշտպանին: Պարզվեց, որ բուլղարներն իրենց իրավունքների պաշտպանությունը վստահել են ոչ թե նախագահի ներկայացուցչին կամ իշխանության «մարդուն», այլ ընտրել են բուլղարական խորհրդարանի երկարամյա պատգամավորներից մեկին, որը բավականին լուրջ հեղինակություն է եւ հարգված մարդ: Բուլղարական եւ հայկական խորհրդարանների միջեւ, բացի այս տարբերություններից, կան նաեւ նմանություններ: Նախ, Բուլղարիայի ժողովրդական ժողովում եւս իշխողը քաղաքական կոալիցիան է, որը կազմված է դարձյալ երեք իշխանական կուսակցություններից, գործող յոթ պատգամավորական խումբ-խմբակցություններից մնացած չորսը ընդդիմադիր են, իսկ սա նշանակում է, որ 260 տեղ ունեցող խորհրդարանում 79 մարդ ընդդիմություն է: Գեորգի Պիրինսկին չթաքցրեց, որ իրենց կոալիցիայում էլ կան խնդիրներ, ինչպես ցանկացած կոալիցիայում, բայց դրանք հաղթահարելի են, իսկ խորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը նորմալ է, մասնավորապես ԵՄ-ին վերաբերող բոլոր քննարկումներում կամ քվեարկություններում խորհրդարանականները միակարծիք են: Ի դեպ, եկող տարի հունվարի 1-ին Բուլղարիան կանդամակցի ԵՄ-ին: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների առկա մակարդակը՝ նկատելով, որ միայն 2004 թվականին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմել է 57 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, հայ-բուլղարական համագործակցությունից իր գոհունակությունը հայտնեց նաեւ Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկին: Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ երկու երկրների խորհրդարանների ջերմ հարաբերությունները եւ շփումները առիթ են երկու երկրների կառավարությունների գործնական շփումների ակտիվացման: Լրագրողները փորձեցին հստակեցնել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում Բուլղարիայի դիրքորոշումը, իսկ այն հետեւյալն է. քայլ առ քայլ խաղաղ բանակցությունների միջոցով գնալ այնպիսի լուծման, որի դեպքում հարգվի նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Գեորգի Պիրինսկին, պատասխանելով մեր հարցին, թե ինքը հետեւո՞ւմ է ձմեռային օլիմպիադային, ցավով ասաց, որ գրեթե ժամանակ չի ունենում, բայց եթե հնարավորություն լիներ, կհետեւեր ձեւավոր չմշկասահքի մրցումներին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել