Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջավախքի պահանջատիրություն

Փետրվար 15,2006 00:00

Ջավախքի պահանջատիրություն Դաշնակցությունը հերթական «ճակատն» է բացում «Հայ երիտասարդությունը չպետք է անտարբեր լինի Ջավախքի հանդեպ, չպետք է հանդուրժի միտումնավոր հայաթափությունը, չպետք է թույլ տա, որ Ջավախքը կործանվի…»,- երեկ «Ջավախքը 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ» գիտաժողովը այս ոգով բացեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա՝ «Ջավախքի ինքնավարությունը Վրաստանի դեմ պայքար չէ, այլ Ջավախքի ժողովրդի օրինական իրավունքը»: Եվ ի վերջո՝ «Ջավախքի ինքնավարությունը կնպաստի Վրաստանի կայունացմանը»: Հաջորդ բանախոսին՝ «Ա-ինֆո» լրատվական գործակալության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ջավախքահայ Խաչիկ Ստեփանյանին, Ջավախքի ինքնավարությունը պետք էր ոչ թե Վրաստանի կայունացման համար, այլ՝ որպես «Ջավախքի զարգացման նախապայման»: Պարոն Ստեփանյանը պատմեց, որ այսօր ջավախքահայերի առաջ դրվում է «ստորացուցիչ պարտադրանք»՝ սովորել վրացերեն: Ճիշտ է, նա դեմ չէր, որ հայազգի պատգամավորը կամ նախարարը պարտավոր է վրացերեն իմանալ, բայց ինչ վերաբերում է, ասենք, հայաբնակ գյուղի գրագրին, ապա նա պետք է իր գրագրությունն իրականացնի հայերեն, իսկ եթե վրացի պաշտոնյան ուզենա ծանոթանալ այդ փաստաթղթերին՝ «թող թարգմանիչ բերի»: Խ. Ստեփանյանը կարծում էր, որ ժամանակն է ինքնավարություն պահանջելու, քանի որ «պատմական ստույգ աղբյուրները հավաստում են, որ հայերը Ջավախքում բնիկ են եւ մեծամասնություն»: Ընդ որում, նա նկատեց, որ ինքնավարության չհասնելու պարագայում կարելի է նույնիսկ անկախություն պահանջել: Անձամբ ինքը հակված է ինքնավարության հասնելու ուժային մեթոդին, քանի որ «ուժն է ծնում իրավունք», սակայն հասկանում է, որ դա այնքան էլ ձեռնտու չէ, եւ մեծահոգաբար առաջարկում է հարցը լուծել իրավական ճանապարհով՝ ժողովրդի քվեով: Պետք է անցկացնել ստորագրահավաք, ապա դիմել վրացական պառլամենտ՝ «եթե Սահակաշվիլին իրոք ժողովրդավարության մունետիկ է, ապա թող անի դա, եթե չէ՝ կդիմենք եվրոպական ատյաններին»: Ընդ որում, բանախոսը չէր վախենում սեպարատիստ կոչվելուց. «Եթե ուզում ենք մեր մայրենիով կրթվել եւ դրա համար կասեն «սեպարատիստ», ապա կարող են «տեռորիստ» էլ ասել»,- հայտարարեց Խ. Ստեփանյանը: Բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազունի Ալվրցյանի հայացքները նույնպես ՀՅԴ «ծիրին մեջ էին»: Մասնավորապես, պարոն Ալվրցյանը զարգացնելով դաշնակցական հայտնի տեսակետը, թե Հայաստանը իր երեք հարեւանների հետ ունի ճակատ եւ միայն մեկի հետ սահման, նկատեց, որ այսօր մենք շրջապատված ենք թուրքերով, եւ միայն «Ջավախքն է միակ ոչ թուրքաբնակ բաց սահմանը դեպի աշխարհ»: Իսկ եթե վրացական կառավարությունն իրականացնի Ջավախքը մեսխեթցիներով լցնելու ծրագիրը, ապա վաղ թե ուշ կարձանագրենք, որ «100%-ով շրջապատված ենք թուրքերով»: Հ. Ալվրցյանը համոզված է, որ սա պանթուրքիզմի ծրագիրն է. «Իսկ Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Բաքուն կբացի պանթուրքիզմի ճանապարհը: Զենքը ուղղակիորեն կարող է Թուրքիայից Բաքու հասնել եւ ոչ մի ձեռք բռնող չի լինի»: Պրն Ալվրցյանը ասում է, որ Վրաստանի քաղաքականությունը միտված է մի բանի. նրանք հայտարարում են, որ Ջավախքը պատմական վրացական հող է ու հայերն այնտեղ հյուր են, ու ժամանակն է, որ գնան՝ «Վրաստանը՝ վրացիներին»: Ավելին, ըստ բանախոսի, Ջավախքի գյուղերում կուսանոցներ են բացվում եկեղեցիներում, իսկ հետո այդ կույսերը վերցնում են մուրճերն ու քանդում, ջարդում են հայկական հուշարձանները: Որպես ելք նա առաջարկում էր Ջավախքում բացել ԵՊՀ մասնաճյուղ, վերապատրաստել ուսուցիչներին, դպրոցները նորոգել, եւ այլն. «Այս ամենը որերորդ անգամ հիշեցնում ենք ՀՀ իշխանություններին, բայց որեւէ քայլ չի արվել: Իշխանությունները չեն հասկանում հայաթափման վտանգը, քանի որ ունեն որոշակի կլանային շահեր, որոնք վեր են իրենց համար ազգային շահերից, չունեն քաղաքական կամք: Մտածում են՝ սպասենք, տեսնենք վաղն ինչ կլինի: Իսկ մեր հակառակորդները չեն սպասում, ամեն տարի մի նոր կարեւոր ծրագիր են սկսում, եւ մենք ավելի ենք շրջափակվում»,- ահազանգեց Հայկազունի Ալվրցյանը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել