Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետը 10 տարեկան է

Փետրվար 15,2006 00:00

Ըստ
Տեր Անուշավան վարդապետ Ժամկոչյանի, ֆակուլտետը պետք է պատրաստի վարդապետներ՝ բառիս
լայն իմաստով: Տեր Անուշավան վարդապետ Ժամկոչյանը ուսանելով Գերմանիայում,
աստվածաբանության գիտությունների թեկնածուի աստիճանով վերադարձավ Հայաստան եւ նշանակվեց
Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ: 2005-ի հոկտեմբերին նա ստացավ նոր
նշանակում՝ ստանձնելով ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Ի՞նչ ժառանգություն
է ստացել նորանշանակ վարդապետը: «Ցավոք, հիմնադիր սրբազանը` տեր Շահե արքեպիսկոպոս
Աճեմյանը, այսօր մեզ հետ չէ: Մտադիր ենք նշել տասնամյակը գիտաժողովների եւ հրատարակությունների
միջոցով: 270 ուսանող ունեցող ֆակուլտետը այսօր դրված է բավականին հետաքրքիր հիմքերի
վրա՝ թե ուսումնական, թե միջազգային կապերի առումով: Շուրջ երկու տարի Շահե սրբազանի
հիվանդության պատճառով ֆակուլտետում ձեւավորված ավանդույթները դադարել էին գործել:
Այժմ փորձում ենք վերականգնել դրանք, ինչի արդյունքում 1-2-րդ կուրսեցիները Օշականում
երդվեցին սուրբ Մաշտոցի գերեզմանին, այնտեղից մեկնեցին Էջմիածին՝ ստանալու Վեհափառի
օրհնությունը»,- պատմեց հայր Անուշավանը: Կրոնի պատմություն առարկան դպրոցներում
ուսուցանելը հսկայական դաշտ բացեց եւ ապագա աստվածաբանները կարող են դառնալ ուսուցիչներ:
Մեր այն դիտարկմանը, թե ֆակուլտետի ուսանողները չեն ուզում դպրոցում դասավանդել,
իրենց ապագայի մասին հարցին պատասխանելով. «մի բան կանենք», հայր սուրբն ասաց. «Կամաց-կամաց
այդ երեւույթը կփոխվի: Ուսանողները սկսում են հասկանալ, որ իրենց լուրջ կոչում է
վիճակված: Դարեր շարունակ մեր աստվածաբանները եղել են վարդապետներ, ուսուցիչներ,
որոնք ժամանակաշրջանին համապատասխան լեզվով ժողովրդին ուսուցանել են Աստվածաշունչը:
Այժմ ուսանողները մեր ժամանակի վարդապետները պիտի դառնան ու հոգեւորականների ու առաջնորդների
հետ միասին քարոզեն մեր եկեղեցու վարդապետությունը»: Ըստ հայր Անուշավանի,
այժմ 10-15 ուսանող սովորում է Եվրոպայում: Դա օգնում է ավելի լավ ծանոթանալ առաջադիմական
մտքերին: Վերադառնալով՝ նրանք կհամալրեն դասախոսական կազմը: «Մտավախություն չունե՞ք,
որ հոգեւոր ճեմարանի ապագա ուսանողներն ավելի հեշտ տարբերակ կգտնեն. 5 տարի ուսանողական
ազատ կյանքով ապրելուց հետո կդիմեն՝ ձեռնադրվելու հոգեւորական: Ճեմարանում մի քանի
կուրս բարձրանալուց հետո մնում է ընդունվածների կեսը» հարցին վարդապետը պատասխանեց.
«Մայր աթոռի դռները միշտ էլ բաց են մեր շրջանավարտների առջեւ: Նրանք կարող են աշխատել
քարոզչական կենտրոնում, խմբագրությունում, ճեմարանում եւ այլուր: Անշուշտ, կարող
են դառնալ նաեւ հոգեւորականներ: Սակայն ճեմարանական կրթությունը, վանքի մթնոլորտը
ձեւավորում է բոլորովին այլ մարդ: Շատերը լքում են ճեմարանը, որովհետեւ լավ չեն պատկերացնում,
թե ուր են գնում: Այնտեղ տիրող կարգուկանոնը բանակ է հիշեցնում»: Ֆակուլտետի
նորանշանակ դեկանը արդեն մի շարք ծրագրեր է կազմում. «Ստրասբուրգի համալսարանի հետ
կստորագրենք ուսանողներ փոխանակելու համաձայնագիր: Հույս ունեմ թափանցել գերմանական
կրթօջախներ: Դրանք յուրօրինակ մտածողություն ունեցող ամբիոններ են, որտեղ ես կցանկանայի
ուսանեին մեր ուսանողները: Եկեղեցական բարեգործական միությունների միջոցով հոգում
ենք այս խնդիրները, որոնք նաեւ սոցիալապես անապահով ուսանողներին հատկացնում են կրթաթոշակ:
Նախկինում ֆակուլտետը անվճար տեղեր չուներ: Այս տարի հատկացվել է 7 տեղ: Մյուս կիսամյակից
մեզ մոտ անվճար ֆրանսերեն եւ անգլերեն լեզվի դասեր կանցկացվեն: Եվրոպական դպրոցներում
պարտադիր են նաեւ հունարենի, լատիներենի եւ եբրայերենի դասերը, որոնք մեզ մոտ հետագայում
կազմակերպելու նպատակ ունենք»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել