Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԱ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆՈՒՄ

Փետրվար 15,2006 00:00

Այսօր ԳԱԱ-ում տեղի կունենա արհմիության հերթական նիստը։ Այն, ըստ մեր տեղեկությունների, պատասխանն է վերջերս տեղի ունեցած՝ Հայաստանի գիտնականների հասարակական խորհրդի կազմակերպած ֆորումի, որտեղ քննարկվում էին ԳԱԱ բարեփոխումներին վերաբերող հայեցակարգերը։

Դեռեւս հոկտեմբերին ԳԱԱ ակադեմիկոս Անրի Ներսիսյանը պաշտոնական նամակով դիմել է ԳԱԱ միավորված արհկոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանին եւ կրթության ու գիտության արհկոմիտեի նախագահ Ռաֆայել Նալբանդյանին՝ առաջարկելով արհմիությունում քննարկել շրջանառության մեջ դրված ԳԱԱ բարեփոխումների հայեցակարգերը։ «ԳԱԱ միավորված արհկոմիտեի հիմնական գործն է գիտնականների շահերի պաշտպանությունը, սակայն տպավորություն է ստեղծվում, որ միավորված արհկոմիտեի ղեկավարությունը առաջին հերթին պաշտպանում է ԳԱԱ նախագահության բոլոր քայլերը, անկախ դրանց հետեւանքներից՝ արհմիության հազարավոր անդամների համար: Միայն աշխատավարձի ժամանակին տրման հարցով չէ, որ պետք է սահմանափակվի արհկոմիտեի դերը: Արդյո՞ք միայն կառավարությունն է մեղավոր, որ այդ աշխատավարձը այդ աստիճանի խղճուկ է (իհարկե՝ ոչ Նախագահության ղեկավարների համար)»,- ասվում է դիմում-նամակում։

Ակադեմիկոսը նաեւ հիշեցրել է ԳԱԱ ընդհանուր ժողովում հնչեցրած իր բոլոր կասկածներն ու փաստերը՝ կապված ԳԱԱ նախագահության չարաշահումների հետ. «Փաստորեն գիտնականները կողոպտված են, քանի որ, որպես հետեւանք, նրանց աշխատավարձը խիստ կրճատվել է, իսկ աշխատանքային հնարավորությունները՝ նվազել: Ինչպե՞ս կարող է միավորված արհկոմիտեն լռել, երբ խոսքը գնում է կոռուպցիոն երեւույթների մասին ԳԱԱ նախագահությունում: Ինչպե՞ս կարելի է լռել, երբ ԳԱԱ ծախսերը եւ անշարժ գույքի վաճառքից առաջացած եկամուտները բացահայտորեն թաքցվում են նույնիսկ ԳԱԱ անդամներից»։

Ա. Ներսիսյանը նաեւ հարց է ուղղում. «ԳԱԱ պրեզիդենտը, Ձեր ներկայությամբ, խորհուրդ է տվել ԳԱԱ հիմնարկների արհկոմիտեների նախագահներին ուշադրություն չդարձնել մամուլում հայտնվող քննադատություններին: Մի՞թե Դուք էլ եք կիսում այդպիսի «հայրական խորհուրդը»:

Ակադեմիկոս Ա. Ներսիսյանի նամակին, ի դեպ, մի պատասխան է եկել։ Ռ. Նալբանդյանն այդ պատասխան-նամակում նրան առաջարկում է ակադեմիայում կատարվող չարաշահումների մասին դիմել իրավասու մարմիններին։ Միաժամանակ հասկանում է, որ՝ «Արհմիությունը, այո, աշխատողների, այդ թվում նաեւ գիտնականների շահերի պաշտպանն է, եթե նրանց նկատմամբ որեւէ ոտնձգություն է կատարվում»։ Ռ. Նալբանդյանի կարծիքով, «գործող օրենսդրության համաձայն, այսօր արհմիությունները չեն առնչվում ԳԱԱ-ում կատարելիք կառուցվածքային փոփոխություններին»: Հետաքրքիր է՝ այսօրվա նիստում այդ փոփոխություններին ինչպե՞ս են «առնչվելու»:

Իսկ ԳԱԱ արհկոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը ոչ միայն մինչեւ այժմ գրավոր չի պատասխանել Ա. Ներսիսյանի դիմումին, այլեւ նույնիսկ մերժել է նրա խնդրանքը՝ ներկա լինել դիմումի քննարկմանը՝ միայն փաստաթղթեր ներկայացնելու եւ հարցերին պատասխանելու համար: Ակադեմիկոսը համարում է, որ կատարվում է ԳԱԱ պրեզիդենտի հերթական կարգադրությունը, եւ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մեր երկրում այսօր փաստորեն արհմիությունները ենթարկվում են այս կամ այն իշխանության ատյաններին՝ բացահայտորեն խախտելով հենց իրենց կանոնադրության հիմնական կետը:

Ավելին՝ «մեր արհմիությունները շարունակում են հավատարիմ մնալ Լենինին՝ հանդես գալով որպես բոլորիս լավ ծանոթ «կոմունիզմի դպրոց»: Ա. Ներսիսյանը գուշակում է, որ այսօրվա նիստում արհմիության ղեկավարները կփորձեն իրականացնել ԳԱԱ ղեկավարության հերթական կարգադրությունը՝ ամեն կերպ ուշադրությունը շեղելով ակադեմիայի ներսում կատարվելիք չարաշահումներից:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել