Էլեկտրիկներն
այս դասական սպառնալիքով շարունակում են ահաբեկել ու վիրավորել բնակիչներին «Առավոտին»
հասցեագրված երկու բողոքն էլ վերաբերում է բաժանորդների նկատմամբ էլեկտրիկների եւ
ցանցերի պետերի կամայական ու գռեհիկ վերաբերմունքին: Դատելով վերջին ժամանակներս
խմբագրության ստացած ահազանգերից, այդ տեսանկյունից իրենց «լավագույնս» դրսեւորում
են հատկապես գյուղական էլեկտրիկները: Արտաշատի շրջանի Մրգավան գյուղի բնակիչ
Էդուարդ Հարությունյանը վերջին մեկ ամիսն անցկացրել է ցրտի ու խավարի մեջ: Նրա տան
դիմացի էլեկտրասյան վրա տեղակայված է երկու հաշվիչ՝ միաֆազ եւ եռաֆազ: Ըստ նրա պնդումների՝
ինքն օգտվում է միաֆազից՝ փոքրիկ տնակի համար եռաֆազը, ցանկության դեպքում անգամ՝
պետք չի գա: «Հունվարի 14-ին էլեկտրացանցի աշխատողները իմ մոտ ստուգեցին ու հայտնաբերեցին,
որ եռաֆազը չի աշխատում, բայց ակտ գրեցին, որ հաշվիչի կողքով լարանցում է արված,
եւ ես, իբր թե, օգտվել եմ ձախ հոսքագծից: Իմ բողոքին ի պատասխան, էլցանցի պետ Կորյունը
ասաց՝ «տականք, ինչո՞ւ ես հոսանք գողացել» ու պահանջեց 50 հազար դրամ: Իսկ երբ գյուղապետը
միջնորդեց՝ ասաց, թե 100 հազար եմ վառել, ինքն էլ 30-ն է ուզել»,- ներկայացրեց խմբագրության
այցելուն: Դա դեռ ոչինչ՝ էլցանցի պետին բարկացրել է նաեւ քաղաքացու կոշիկների ցեխը,
հետո էլ՝ հընթացս իմանալով, որ բողոքարկուն տառապում է երեւանյան հիվանդությամբ,
ասել է՝ «որ հիվանդ ես, ինչի՞ չես սատկում»: Այն, որ բնակիչները դեռեւս պահպանել
են «լեւի գծից» օգտվելու սովորույթը՝ կասկած չկա: Դա՝ ընդհանրապես, ոչ թե՝ կոնկրետ
դեպքի առումով: Բայց ինչպե՞ս հասկանալ քաղաքացու հետ շփման այդօրինակ «լեզուն», թեկուզեւ՝
«հոսանքագողի» հետ: Իսկ հոսանքագծերը պարբերաբար ստուգելն ու ձախ լարանցումները ժամանակին
հայտնաբերելը էլեկտրիկի պարտականությունը չէ՞: Տվյալ դեպքում ինչքա՞ն ժամանակ ստուգումներ
չեն եղել, որ սպառումը հասել է 50-100 հազար դրամի: Եթե իրոք քաղաքացին հաջողացրել
է հոսանք «թռցնել», հայտնաբերելուց հետո էլցանցը պարտավոր էր կազմած ակտին իրավական
ընթացք տալ, ոչ թե՝ վիրավորել քաղաքացուն: Ի դեպ, Է. Հարությունյանը ցույց տվեց «Հայէլցանցին»
եւ դատախազությանը գրած դիմումները, որոնց առայսօր ընթացք չի տրվել: Մյուս
բողոքարկուն Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղից Անահիտ Սիմոնյանն է. «Ես բարեխիղճ վճարող
եմ: 2003-ի փետրվարի 14-ին հաշվիչս հանեցին-տարան լաբորատոր զննման, երբ ցուցիչի
վրա 531 կվտ/ժամ էր: Վերադարձրին ապրիլի 20-ին, իրենց ասելով՝ զրոյացված: Բայց մայիսին,
երբ գնացի ծախսածս 130 կվտ-ը մուծելու, պարզվեց՝ իմ վրա 2734 կվտ-ի հաշիվ կա: Ու
պարտադրեցին, որ մուծեմ՝ հոսանքազրկելով տունս: Դրանից հետո շատ անգամ եմ դիմել էլցանցի
մեր «Ղարս» մասնաճյուղին, բայց վիրավորանքներից ու խուլիգանական արտահայտություններից
բացի ոչինչ չեմ լսել»: Տիկինը դիմել է նաեւ Շիրակի մարզի դատախազություն: Վերջինս
քրգործ չի հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ, սակայն նրա հետազոտության
մեջ կան հետաքրքիր մանրամասներ: Օրինակ, որ վերոհիշյալ մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ
«քեզ ինչքա՞ն թիվ գրեմ» թեմայով բանակցությունների մեջ են եղել բնակիչների հետ, հետո
ազատվել կամ՝ հեռացվել են գործից: Նրանց սեւ գործերի պատճառով հավելավճարներ են բարդվել
այլ քաղաքացիների վրա: Իսկ նախկին դարձած էլեկտրիկների հետքն անգամ չկա: Ընդհանրապես,
ըստ մեր ստացած այլ տեղեկությունների, Պեմզաշեն գյուղում այս օրերին շատերն են հայտնվել
էլցանցի հետ «բազարների» մեջ: Փաստեր կան, որ գյուղացին չի ապրել իր տանը, այդ մասին
տեղեկանք էլ ունի գյուղապետարանից, բայց նրա հաշվիչն այդ ժամանակահատվածում անխնա
պտտվել է: Իսկ ամենագլխավոր խնդիրն այն է, որ էլեկտրիկներն իրենց վերադասի հետ միասին
ոչ թե աշխատում են օրենքով սահմանված կարգով՝ ժամանակին հայտնաբերել խախտումն ու
դրան տալ օրինական ընթացք, այլ գերադասում են բաժանորդների հետ հարցերը լուծել՝ «էսքան
հեչ եմ անում, էսքանն էլ պիտի մուծես» սկզբունքով: Հակառակ դեպքում «քաշում են ռուբիլնիկը»:
Իսկ հաշվարկն այն է, որ ձյուն-ձմեռով գյուղացին չի նախընտրի մնալ անհոսանք ու փող
ծախսել մարզկենտրոն կամ Երեւան գնալ-գալու վրա: Հատկապես որ՝ արդյունքում նույնիսկ
մեղավոր ճանաչված էլեկտրիկին լավագույն դեպքում հեռացնում են աշխատանքից, իսկ բաժանորդի
կրած բարոյական ու նյութական վնասի փոխհատուցման մասին մտածող չկա: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ