Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԾԵԾԵԼ»

Փետրվար 15,2006 00:00

Երեկ
Երեւանում հայտարարեց Իրանի արտգործնախարարը Հայաստանը, իր կամքից անկախ,
երեկ վերածվել էր համաշխարհային քաղաքականության թատերաբեմի: Պատճառը Իրանի Իսլամական
Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի աշխատանքային այցն էր Երեւան եւ
նրա՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մատուցած մամլո ասուլիսը: Վերջին
ամիսներին Իրանի «միջուկային» նկրտումները սահունորեն վերաճել են միջազգային քաղաքականության
թիվ մեկ խնդրի, ուստի՝ միանգամայն օրինաչափ է, որ աշխարհը կրկնապատկված ուշադրությամբ
է սկսել հետեւել պաշտոնական Թեհրանից դուրս եկող ցանկացած խոսքի: Մոթթաքիի երեւանյան
ասուլիսը այս առումով բացառություն լինել չէր կարող, քանզի, ինչպես եւ սպասվում էր,
լրագրողների հարցերը, հետեւաբար եւ՝ ԻԻՀ արտգործնախարարի պատասխանները գլխավորապես
առնչվում էին այնպիսի զգայուն եւ միջազգայնորեն հնչեղ թեմաների, ինչպիսիք են՝ Իրանի
միջուկային դոսյեն առաջիկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելու հեռանկարը,
իրանական ուրանի հարստացման տեղի եւ տեխնոլոգիաների շուրջ բորբոքվող միջազգային կրքերը
եւ վերջապես՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սանձազերծվելիք պատերազմի հավանականությունը:
Մեզ՝ հայերիս համար Իրանի արտգործնախարարի այցն ու դրա ընթացքում վերջինիս
արած մեկնաբանությունները, ի թիվս վերը թվարկված հարցերի, նախ եւ առաջ հետաքրքրում
են ղարաբաղյան հակամարտության կարգավորման (կամ հակառակը՝ էլ ավելի խճճման) համատեքստում:
Պրն Մոթթաքիի «ղարաբաղյան» պատասխանները, սակայն, որեւէ նոր բան չավելացրին Թեհրանից
երբեւէ հնչած գնահատականներին: Իրանցի նախարարի խոսքից մեջբերենք թեմային առնչվող
առավել էական հատվածները: «Հուսով ենք, որ ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումները
կմերձենան, եւ հարցը կկարգավորվի խաղաղ ճանապարհով»: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների
փարիզյան հանդիպումը վկայում է հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու
քաղաքական կամքի առկայության մասին»: «Իրանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել.
ըստ այդմ, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի եւ Ադրբեջանի
նախագահների եւ արտգործնախարարների միջեւ բանակցային գործընթացի շրջանակներում՝ փոխընդունելի
լուծման հիման վրա»: «Առավոտի» հարցին, թե կարելի՞ է, արդյոք, ԼՂ հակամարտության
գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը դիտարկել իբրեւ Իրանի նկատմամբ
հեռահար ճնշում բանեցնելու միջոց, եւ առհասարակ ինչպիսի՞ն է Թեհրանի վերաբերմունքը
այդ ուժերի տեղակայման հնարավորության հանդեպ, ԻԻՀ արտգործնախարարը, մեղմ ասած, խիստ
անորոշ պատասխան տվեց. «Ցանկացած լուծում առաջին հերթին պետք է պայմանավորված լինի
Հայաստանի եւ Ադրբեջանի կամքով եւ որոշմամբ»,- կրկնեց Մոթթաքին: Իրան-ԱՄՆ
հակամարտության մասին: Բնականաբար, ոչ ոք չէր կասկածում, որ Իրանի արտգործնախարարը
թեմայի համատեքստում մի քանի թթու հայտարարություն կանի Միացյալ Նահանգների հասցեին:
Բայց այն, ինչ ասաց պրն Մոթթաքին, որեւէ կերպ չի տեղավորվում միջազգային քաղաքական
էթիկետի մասին ունեցած մեր պատկերացումներում: «Ամերիկացիները սիրում են ամերիկյան
ֆուտբոլ: Այդ սպորտաձեւում, ինչպես հայտնի է, խաղացողները ծեծում են միմյանց: Իսկ
եթե նրանք միմյանց չեն ծեծում, ապա ծեծում են մրցավարին: Մինչդեռ Իրանում նախընտրում
են շախմատը»,- ահա այս պատկերավոր համեմատությամբ փորձեց համեմել Իրանին սպառնացող
ամերիկյան ռազմական վտանգին առնչվող իր գնահատականները Մանուչեհր Մոթթաքին՝ վերստին
ընդգծելով Թեհրանի այն հայտնի տեսակետը, թե Իրանը, ինչպես եւ ցանկացած այլ երկիր,
խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր իրագործելու բնական իրավունք ունի: Նկատենք,
որ ամերիկացի պաշտոնյաները Իրանի մասին խոսելիս, որպես կանոն, ընդգծում են Իրանի
ժողովրդի նկատմամբ ունեցած իրենց հարգանքը՝ քննադատության սլաքն ուղղելով բացառապես
Ահմադինեջադի վարչախմբին: Մինչդեռ, ԻԻՀ ԱԳ նախարար Մոթթաքիի զվարճախոսությունը, փաստորեն,
հասցեագրված էր բոլոր ամերիկացիներին: Վարդան Օսկանյանի պատասխաններից, թերեւս,
առանձնացնենք Ռամբույեի տապալմանը վերաբերող հետեւյալ պարզաբանումը. «Այն, որ Ռամբույեում
ձեռք չի բերվել համաձայնություն, ստվեր չի գցում նախկին հաջողությունների եւ բանակցային
գործընթացում 2005 թ. գրանցված առաջընթացի վրա: Այդ առաջընթացը մնում է ուժի մեջ»:
Ինչպես տեսնում ենք՝ դարձյալ «առաջընթաց»: Ճիշտ եւ ճիշտ՝ Հայաստանի տնտեսական առաջընթացի
հանգույն: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել