Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Փետրվար 14,2006 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՅՍՕՐ Թուրինում ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերն աստիճանաբար թափ են հավաքում Մարզասերները, շնորհիվ օլիմպիական մրցավայրերից կազմակերպվող ուղիղ հեռարձակումների, «անձամբ ներկա են լինում» աշխարհի ուժեղագույն մարզիկների պայքարին, անմիջապես իմանում, թե հաջողությունն ում ուղեկցեց եւ ում բախտն այս անգամ չբերեց: Բնականաբար, մեզ՝ հայաստանցիներիս հետաքրքրում է, թե մեր օլիմպիոնիկները Թուրինում այս ընթացքում ինչո՞վ են զբաղված, ինչպե՞ս են նախապատրաստվում գալիք մեկնարկներին: Այդ նպատակով մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը երեկ հեռախոսազրույց ունեցավ Թուրինում գտնվող ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ գեղասահորդներ Անաստասիա Գրեբյոնկինայի ու Վազգեն Ազրոյանի հետ: – Արդեն երեք օր է, ինչ օլիմպիական խաղերը մեկնարկել են: Սակայն Հայաստանի ներկայացուցիչների առաջին մեկնարկը փետրվարի 14-ին է: Այս ընթացքում մեր մարզիկներն ինչո՞վ են զբաղվել: – Բոլորն էլ ըստ իրենց ու մարզիչների հաստատած ծրագրի օրական մի քանի մարզում են անցկացրել ու հիմա էլ մարզվում են: Կարգապահական խախտումներ չկան: Ամեն բան նորմալ է, մարզիկները հոգեբանորեն պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում հաջող հանդես գալ: – Դոպինգ օգտագործած լինելու պատճառով արդեն իսկ մի քանի երկրների որակազրկված մարզիկներ կան: ՄՕԿ-ի հակադոպինգային համաշխարհային գործակալության՝ ՎԱԴԱ-ի ներկայացուցիչներն այցելե՞լ են, արդյոք, մերոնց: – Այո, գրեթե մեր բոլոր մարզիկներին էլ դոպինգային ստուգման ենթարկել են: Եվ ուրախությամբ պետք է ասեմ, որ բոլորն էլ «մաքուր են» ու մեկնարկի ելնելու թույլտվություն են ստացել: – Օլմպիական խաղերը նաեւ տարբեր երկրների մարզական ղեկավարների հանդիպման, հետագա համագործակցության հիմքեր դնելու հիանալի առիթ են: ՀԱՕԿ-ի ղեկավարները նման հանդիպումներ ունեցե՞լ են: – Անշուշտ: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանն ու ես հանդիպել ենք Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովի, Ղազախստանի սպորտի ղեկավարների հետ ու քննարկել համագործակցության հնարավոր հեռանկարների հետ կապված հարցեր: Փետրվարի 14-ին հանդիպելու ենք Ռուսաստանի սպորտի դեպարտամենտի ղեկավար Վյաչեսլավ Ֆետիսովին: Խոսելու ենք Ծաղկաձորից ռուս մարզիկների օգտվելու հնարավորությունների մասին: Բանն այն է, որ դուաթլոնում Թուրինի օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Եվգենի Դեմենտեւը Խաղերի նախապատրաստության վերջին ու ամենավճռական փուլում եղել է հենց Ծաղկաձորում: Սա արդեն երկրորդ տարին է, որ Ռուսաստանի դահուկորդները մեզ մոտ ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո հաջող մրցելույթներ են ունենում. անցած մրցաշրջանում՝ աշխարհի առաջնությունում, հիմա էլ՝ Թուրինում: Արմեն Երիցյանը նախատեսում է այս տարվա մինչեւ մարտ-ապրիլ ամիսները Ծաղկաձորում միջազգային մեծ մրցաշար կազմակերպել: Հավանաբար, մասնակցել ցանկացողները շատ կլինեն: Վազգեն Ազրոյանին ու Անաստասիա Գրեբյոնկինային հարցրինք, թե գո՞հ են իրենց համար ստեղծված պայմաններից: «Ամեն բան շատ լավ է,- պատասխանեցին նրանք:- Դժգոհելու ոչ մի առիթ չունենք: Մարզվում ենք, հանգստանում: Սպասում ենք մեր մրցելույթների հերթին»: – Ի՞նչ նպատակներով եք մտնելու սահադաշտ: Հայաստանում ձեզանից լավ մրցելույթներ են սպասում: – Գիտենք, որ բոլորն էլ փետրվարի 17-ին լինելու են հեռուստաէկրանների առջեւ: Խոստումներ տալ չենք կարող: Բայց որ աշխատելու ենք հուսախաբ չանել՝ հաստատ է: Դե, ինչ: Մնում է սպասել: Այսօր հայաստանցիների մեկնարկի սկիզբն օլիմպիական խաղերում կդնեն դահուկավազորդներ Հովհաննես Սարգսյանն ու Էդմոնդ Խաչատրյանը, որոնք կմասնակցեն թիմային արագավազքի մրցումներին: Հուսանք, որ նրանք որքան հնարավոր է լավ հանդես կգան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել