Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակով

Փետրվար 14,2006 00:00

Թոշակով Ծաղկաձոր չես գնա Իսկ քննաշրջանի ավարտից հետո ուսանողները հանգստանալու կարիք ունեն Բուհերում սկսվել է ուսումնական երկրորդ կիսամյակը, սակայն ուսանողներից շատերը դեռ մտովի Ծաղկաձորում են, սարերում, ճոպանուղու վրա… Կան նաեւ ուսանողներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ձմեռային արձակուրդներին չեն կարողացել հանգստանալ։ Արժե՞ մեղքը գցել ուսանողական խորհուրդների կամ որեւէ այլ կառույցի վրա։ «Իհարկե, եթե ուսանողական խորհրդում կապեր ունեցար, լավ էլ կհանգստանաս»,- դժգոհեց Գյուղատնտեսական ակադեմիայի ուսանող Նարեկ Գասպարյանը։ Շատ ուսանողներ էլ դժգոհում են, որ բուհերում կա ինֆորմացիայի պակաս, միջոցառումների մասին միշտ չէ, որ իմանում են։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լուսինե Գրիգորյանը այս առիթով պարզաբանեց. «Այդպես մտածում են այն մարդիկ, ովքեր ջանք չեն գործադրում որեւէ տեղեկություն ինքնուրույն ճշտելու համար։ Կարծում են, թե ուսխորհուրդը պետք է իրենց ականջին գա ասի, որ այսինչ ժամին, այսինչ տեղում այսպիսի հանգիստ է կազմակերպվելու»։ Իսկ իրականում բուհերն ինչպե՞ս են կազմակերպում ուսանողների ձմեռային հանգիստը։ Չէ՞ որ մի ամբողջ եռամսյակ տանջված, քննություններ հանձնած ուսանողներն իսկապես օդափոխության ու հանգստի կարիք ունեն։ Երեւանի Մանկավարժական համալսարանի մամուլի քարտուղար Սիլվա Ասրյանից տեղեկացանք. «Աղավնաձորում բազա ունենք, բայց այն շուրջտարյա չէ։ Այնտեղ ուսանողները հանգստանում են ամռանը, իսկ ձմեռային հանգիստն ինքնուրույն են կազմակերպում»։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտը (ԵՏԻ) այս առումով ավելի հնարամիտ է: «Ծաղկաձորում բազա չունենք, ունենք Դիլիջանում։ Այդ պատճառով էլ ուղեգրեր ենք վերցնում տարբեր կազմակերպություններից։ Օրինակ՝ այդպիսի կազմակերպություն է ԵՊՀ-ի «Անի» տուրիստական, ուսումնական կենտրոնը»,- ասաց ԵՏԻ ուսանողական խորհրդի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը։ ԵՏԻ-ից ետ չի մնում նաեւ ԵՊՃՀ-ն։ Նրանք էլ Ծաղկաձորում բազա չունեն, բայց փորձում են, այնուամենայնիվ, ուսանողներին տուրիստական կազմակերպությունների միջոցով հանգստյան ուղեգրեր ապահովել։ ԵՊՀ-ի «Անի» տուրիստական, ուսումնական կենտրոնը ուսանողներին տրամադրում է եռօրյա ուղեգրեր Ծաղկաձորում, գինն էլ 13.500 դրամ։ Վերոնշյալ տուրիստական կենտրոնի ներկայացուցիչ, ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ Հարություն Երանոսյանը, օրինակ, ուսանողական խմբերի հանգիստը կազմակերպում է Ծաղկաձորի «Կեչի» հանգստյան տանը, որտեղ պայմանները գերազանց չեն, բայց վատ էլ չեն։ Ուսանողներից շատերին մատչելի չէ 13.500 դրամը, եթե նկատենք, որ կրթաթոշակն ընդամենը 5000-6000 դրամ է։ «Ավելի էժան գնով ոչ մի տեղից չես կարող նման ուղեգիր ձեռք բերել։ Այստեղ պետք է խոսել նաեւ հսկողության, պատշաճ միջավայրի մասին։ Իսկ ուսանողի համար կարեւորը սենյակների շքեղությունը չէ, այլ բազմաբնույթ եւ բովանդակալից ժամանակ անցկացնելը»,- կարծում է ԵՊՀ ուսանողուհի Անի Սահակյանը։ Ծաղկաձորյան թարմությունը եւ հասակակիցների հետ երեք օր այնտեղ անցկացնելու մեծ ցանկությունը ուսանողներից շատերին ստիպել է մինչ հանգիստը կազմակերպելը որոշ «զրկանքներ» կրել։ Օրինակ՝ ԵՊՀ ուսանողուհի Նաիրա Հովակիմյանը համբերատար հավաքել է երեք ամսվա ուսանողական թոշակը։ Չի զվարճացել, իր համար ոչինչ չի գնել, բայց մտածել է, որ առջեւում ծաղկաձորյան հանգիստն է։ Հարց է առաջանում, իսկ եթե թոշակ չե՞ս ստանում… ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել