Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈՆ

Փետրվար 14,2006 00:00

«ԶՈՆ ՆԱՅՈՂԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԷ» Պնդում է ԱՆ քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը «Գյումրի» քրեակատարողական հիմնարկում սպանվեց կալանավոր Ռոման Բրուտյանը: Երեկ ԱՆ ՔԿ վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ավարտվել է ծառայողական քննությունը, իսկ Շիրակի մարզի դատախազությունում շարունակվում է նախաքննությունը: Առայժմ հաջողվել է պարզել, որ ժամը 24-ի սահմաններում, հեռուստացույց դիտելիս (ինչը ներքին կանոնակարգի խախտում է) Ռ. Բրուտյանը փորձել է արթնացնել խցում գտնվող ընկերներին, կատակներ արել: Երբ Մկրտիչ Մեսրոպյանը հասկացրել է, որ իր հետ կատակ չանի, Ռ. Բրուտյանը հարվածել է նրա ուսին, իսկ Մկրտիչ Մեսրոպյանը՝ Ռոմանի գլխին, ականջին: Գիշերվա ժամը 3.40-ին Ռ. Բրուտյանը սրտխառնոց է զգում, իսկ այնուհետեւ մահանում է, քանի որ, ըստ ծառայողական քննության, ստացել էր ականջի շրջանում լուրջ վնասվածք: Մարզի դատախազության նախապատրաստվող նյութերում դեռեւս վիճարկվում է՝ մահացու հարվածը ձեռքո՞վ է, թե՞ ոչ: Վկաները՝ Արթուր Սեթյանն ու Արտյոմ Կրբաշյանը տեսել են վեճն ամբողջությամբ եւ բացատրություններ էին տվել: Նկատողություն էին ստացել «Գյումրիի» պետի տեղակալ Աշոտ Սուվարյանն ու անվտանգության մի քանի աշխատակիցներ: Ինչ վերաբերում էր Սեւանի գաղութում դեկտեմբերի դեպքերին, երբ պաշտոնանկ արվեց պետը՝ Յուրի Ջամալյանը, իսկ մի քանի կալանավորներ տեղափոխվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, պարոն Հովհաննիսյանը ասաց. «այնտեղ տեղի են ունեցել ռեժիմային միջոցառումներ, այլ ոչ թե բունտ է նախապատրաստվել՝ ինչպես արձանագրել էր «Առավոտը»: 8 դատապարտյալ տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ փորձել էին խոչընդոտել մեր աշխատակիցների գործողությունները: Իմիջիայլոց, այդ միջոցառումներին մասնակցել են նաեւ ոստիկանության ներքին զորքերի 1035 զորամասի եւ դատախազության աշխատակիցներ»: «Սեւանում» այս պահին վիճակը գնահատում է բավարար: Իսկ կարգազանցները շարունակում են մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: ՔԿՀ ութ աշխատակից տարբեր տույժերի է ենթարկվել: «Առավոտի» այն հարցին՝ արդյոք այս դեպքերի հե՞տ էր կապված պետի փոփոխությունը, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ մինչ այս դեպքը, սեպտեմբերի 13-ին «Սեւանից» փախուստի էր դիմել երկու դատապարտյալ՝ Լեւոն Գեւորգյանն ու Կարեն Իսաջանյանը: Այս պահին ազատազրկման վայրերում է գտնվում 2850 ազատազրկված: 2004-ին 19 հանցագործություն է գրանցվել հանրապետության ՔԿՀ-ում եւ նույնքան էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, 2005-ին: Ըստ պրն Հովհաննիսյանի, 19 հանցագործությունից 5-ը եղել է փախուստի անհաջող փորձ եւ 2-ը՝ թմրանյութերի փոխանցման փորձ: «Գյումրի» ՔԿՀ-ում 1 դեպք է գրանցվել՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Ինչ վերաբերում է սոցիալ-կենցաղային քաղաքականությանը, պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մտադիր են Էջմիածնում նոր ՔԿՀ կառուցել՝ եվրոչափանիշներին համահունչ՝ 1000 հոգու համար: Նորություններից մեկն այն էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ բերվելու է նոր տեխնիկա՝ հանձնուքների ստուգման համար (200 հազար դոլարին համարժեք): Եթե 2003-ին 2383 ազատազրկվածից տուբերկուլյոզով հիվանդ են եղել 203-ը, ապա 2005-ին՝ 246-ը: Ըստ Ս. Հովհաննիսյանի, հիվանդությունը ավելի շատ դրսից է թափանցվում: «Օրենքով գողերը» եւ «զոն նայողները» ի՞նչ ազդեցություն են ունենում հիմնարկների աշխատանքի վրա» մեր հարցին նա պատասխանեց. «Օրենքով գող» չկա, տրադիցիոն զոն նայողը հանցաշխարհի համար է հեղինակություն, մեզ համար հանցագործ է եւ, եթե հեղինակություններ էլ կան, նրանք չեն կարող խոչընդոտել մեր աշխատանքներին»: Մեր այն տեղեկությանը, թե դրսի «օրենքով գողերը» կարողանում են ՔԿՀ-ների ներքին կյանքին ակտիվ մասնակցություն ունենալ, նա ժխտեց, ասելով. «2001-ի նոյեմբերից ոչ մի օրենքով գող նույնիսկ տեսակցելու համար մուտք չի գործել հիմնարկ»: Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե արտոնյալ պայմաններում են պահվում որոշ դատապարտյալներ (օրինակ, «Ֆառը», Արմեն Սարգսյանը), Ս. Հովհաննիսյանը ժխտեց, ինչպես եւ բացառեց «Ռաֆի» դուրս գրվելը Դատապարտյալների հիվանդանոցից: «Մաքրակենցաղ մարդու մոտ միշտ էլ պայմանները բարվոք են, դատապարտյալներ ունենք, որ շաբաթներով բաղնիքում չեն լողանում»,- ասաց նա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել