Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎիվաՍելլը»

Փետրվար 14,2006 00:00

«ՎիվաՍելլը» «աբիժնիկ» չէ Ընկերության բողոքն «ԱրմենՏելի» դեմ զուտ օբյեկտիվ նշանակություն ունի «ՎիվաՍելլ» ընկերությունը այս տարվա հունվարի 30-ին «ԱրմենՏելի» դեմ դիմում-բողոք էր ներկայացրել՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով: Ըստ այդ դիմումի, ընկերությունը գերիշխող դիրք ունեցող մրցակցից պահանջում է ավելի զուսպ կոմերցիոն քաղաքականություն իրականացնել եւ դադարեցնել այնպիսի ակցիաների կիրառումը, որոնցից «ՎիվաՍելլը» զգալի կորուստներ է ունենում: Մասնավորապես՝ խոսքը «ԱրմենՏելի» այն ակցիայի մասին է, որով ընկերությունն առաջարկում է իր պայմանագրային քարտի բաժանորդներին օգտվել 1 րոպեն 2 դրամ սակագնով բոնուսից: Այս ակցիան առաջարկվել է հունվարի 1-ից, եւ «ՎիվաՍելլում» գտնում են, որ դրա արդյունքում իրենց եկամուտները նվազել են եւ շատ բաժանորդներ են կորցրել, քանի որ մրցակիցը կիրառել է արհեստականորեն ցածր գներ: Հանձնաժողովին ուղղված դիմումի եւ վերջին շրջանում ծառայությունների որակի հետ կապված խնդիրների առնչությամբ երեկ «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»: Նրա խոսքերով՝ «այն, որ մեր մասնագետները վնասները հաշվարկել են, դա, անշուշտ, այդպես է, բայց եկեք մի քիչ էլ սպասենք, տեսնենք՝ հանձնաժողովն ինչ կասի: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ մենք սխալվել ենք, մենք շտապած կլինենք՝ ժամանակից շուտ որեւէ մեկնաբանություններ տալ ու դրանով իսկ ազդել նրանց գործողությունների վրա»: Վերջերս «ՎիվաՍելլի» անբարեխիղճ գովազդային հոլովակներից մեկի հետ կապված մրցակիցը դիմել էր հանձնաժողով, որն էլ ընկերությանը նախազգուշացրել էր մրցակցային օրենքի խախտման համար ու հորդորել այլեւս չցուցադրել այդ հոլովակը, ուստի մեր տեղեկություններով՝ «ՎիվաՍելլի» այս քայլը «ԱրմենՏելում» ավելի շատ «աբիժնիկություն» է դիտարկվում: Այս առնչությամբ պարոն Յիրիկյանը հավաստիացրեց, որ նման բան չկա. «Այդ ժամանակ մենք հումորիկ ուզեցինք երեւալ ու գովազդի միջոցով պարզապես հումոր արեցինք, որը չընդունվեց: Ու երբ հանձնաժողովը կապվեց մեզ հետ, մենք անմիջապես քայլեր ձեռնարկեցինք ու հանեցինք այդ գովազդը, չնայած պլանավորել էինք ավելի երկար ժամկետով այն հեռարձակել: Դա ոչ մի կապ չունի մեր դիմումի հետ, որ սխալ էինք՝ ուրեմն սխալ էինք»: Ինչ վերաբերում է «ՎիվաՍելլի» բջջային կապի որակին, որին «Առավոտի» նախորդ համարներից մեկում մենք արդեն անդրադարձել ենք, պարոն Յիրիկյանը չժխտեց, որ, իսկապես, վերջին շրջանում կապի որակն ընկել է եւ նույնիսկ ոչ «պիկ» ժամերին՝ գիշերվա ժամը 3-ին, հաճախ բաժանորդները չեն կարողանում ոչ զանգ կատարել, ոչ «sms» ուղարկել: «Բանն այն է, որ մեր մասնագետները պրոֆիլակտիկ աշխատանքները սկսում են հենց գիշերվա ժամը 2-3-ի հատվածում, ուստի հասկանում ենք, որ բաժանորդը կարող է մի քանի անգամ զանգել-չընկնել ու մեր հերը անիծել, բայց դուք էլ մեզ հասկացեք, ուրիշ հարմար ժամ չունենք, այդ ընթացքում, այո՛, «ՎիվաՍելլի» տեղը «SOS» էլ կարող է գրվել, եւ զանգերն էլ կարող են չստացվել»,- ասաց ընկերության տնօրենը: Բացի այդ, ըստ նրա, մյուս կողմից էլ կապի որակին խանգարում է այս տարվա ձյունը. «Էս ձմեռը շատ բարդ էր, շատ կայանքներում վթարներ ունեցանք, ու մինչեւ մեր տղերքը ձյունը մաքրելով կայանք կհասնեին, բաժանորդների բողոքները ականջներիս հասան»: Մեր հարցին, թե դժվա՞ր է «ԱրմենՏել» ընկերության հետ մրցակցությունը՝ պարոն Յիրիկյանը միանգամից վրա բերեց՝ «չէ-հա, ինչի՞ է դժվար, շատ հարցերում իրանք են մեզ հետեւում, ոչ թե մենք իրանց»: Ի դեպ, քանի որ «Առավոտը» հրապարակել էր, որ ընկերությունը մեկնարկի օրը խոստացել էր շուտով մատուցել «GPRS» ծառայությունը (երբ բաժանորդը հեռախոսից կարող է միանալ ինտերնետին), բայց մինչ օրս խոստումը չի կատարել, ապացուցելու համար, որ իրենց այդ ծառայությունը շատ հասանելի է, պարոն Յիրիկյանը սեփական հեռախոսից բացեց «Առավոտի» ինտերնետային կայքը ու կարդաց նյութերից մեկը՝ նշելով, որ «շատ շուտով բաժանորդներն էլ կկարողանան նույնը անել, պարզապես դեռ փորձնական փուլում է եւ որակի վրա են աշխատում»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել