Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԿԱՆՑ

Փետրվար 14,2006 00:00

ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՔԱՎԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ Առանց փոխհատուցման՝ վտարում են Կաքավաձորի 40-50 տարվա այգեգործներին Վերջերս Հայորսմիությունը վայրի թռչուններին կերակուր բաժանելու ակցիա էր կազմակերպել: Դա լիովին հասկանալի մարդասիրական քայլ է, ինչը, սակայն, շարժել է Երեւանի Նորքի զանգվածի Այգեգործների փողոցի կամ, տարածված անունով՝ Կաքավաձորի մի խումբ այգեգործների զայրույթը. «նույն երկրում մտածում են կաքավների՝ սովից չմեռնելու մասին, իսկ մեզ՝ ՀՀ քաղաքացիներին ընտանիքներով վտարելու դատական վճիռներ են կայացնում, գոնե կաքավ էլ չենք, որ թեւներս պարզենք ու թռչենք-գնանք»: Խմբագրություն եկած կաքավաձորցիների բողոքը հարակից բերդաձորցիների նույնատիպ բողոքի շարունակությունն է: Հիշեցնենք, որ անցյալ գարնան կեսերին «Առավոտն» անդրադարձավ նրանց խնդրին, որն առայսօր մնացել է չլուծված: Փոխարենն այս ընթացքում պարզվեց, որ երկու ձորն էլ «Հայանտառի» սեփականությունը չեն՝ ինչ պատճառաբանությամբ վտարվում են այգեգործները: Դեռեւս 1960-ական թվականներին կառավարությունը մեծ միջոցներ ներդրեց Նորքի գերեզմանատնից մինչեւ 1-ին զանգվածն ընդգրկող ձորալանջերը անտառապատելու գործում, սակայն ծրագիրը ձախողվեց՝ լանջերը խիստ թեք էին, ժայռերը՝ շատ: Ողջ տարածքը ճանաչվեց մշակման ոչ ենթակա: 70-ականներից սկսած՝ հարակից բնակիչները տարածքներ վերցրին, դույլերով հող լցրին, կանաչապատեցին եւ կամաց-կամաց ձորերը պատվեցին այգիներով եւ տնակներով: Այսպես ստեղծվեց 400 այգեգործների ընկերությունը, ու տարածքն էլ պաշտոնապես կոչվեց Այգեգործների փողոց: Նախա եւ հետխորհրդային տարիներին արդեն շատերի համար տնակները դարձան միակ ապրելու տեղը, մարդիկ բազմիցս դիմեցին՝ դրանք օրինականացնելու նպատակով ու մերժվեցին: Հիմա են հասկանում, թե ինչու: Այգեգործների 40 ընտանիքին վտարելու առաջին փորձն արվեց ամռանը, դրան հետեւեց դատախազության առջեւ նրանց ցույցը: Իսկ այդ ընթացքում Երեւանի դատախազությունը կասեցրել էր մի մասի գործն ու սեպտեմբերին Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանում գործ սկսել 14 ընտանիքի վտարման պահանջով: Թե ինչու են ընտրվել այս 14-ն ու դուրս մնացել մյուսները՝ ոչ մի տրամաբանական բացատրություն չկա: Միայն հայտնի է, որ ի սկզբանե ցուցակը կազմել են «բանից անտեղյակ անտառապետն ու թաղային տեսուչը»: Դատական քննության ընթացքում վտարվողները ներկայացրել են փաստաթղթեր «Հայանտառից» ու Երեւանի քաղաքապետարանից, որ իրենց տարածքը «անտառտնտեսության» մեջ չէ, որ «Հայանտառը» չունի իր տիրույթների սահմանագված սխեման, եւ որ իրենց տարածքներն ունեն այգեգործականի կարգավիճակ, ինչով էլ զբաղվել են: Սակայն մինչեւ վճռաբեկ դատարան՝ գործը տանուլ են տվել: Վտարման վճիռներում նշված է, որ այգեգործներն իրենց ընտանիքներով տարածքը լքելուց բացի, պետք է քանդեն տները: Չքանդելու դեպքում սահմանված են տույժեր՝ 200 հազար դրամից մինչեւ 2 տարվա ազատազրկում: Երեւանի քաղաքապետարանի գրավոր պատասխանից էլ հետեւում է, որ նշված տարածքը չի հանդիսանում անտառային տարածք, իսկ շինությունները «քաղաքաշինական առումով հատակագծային որեւէ տրամաբանությամբ չեն բաշխված, ուստի ձեռնպահ ենք մնացել դրանց օրինականացումից, որպեսզի հետագայում՝ քաղաքաշինական կանոնակարգման ժամանակ, խոչընդոտ չստեղծվի»: Հետաքրքիր է, թե ի՞նչ տրամաբանություն էր փնտրում քաղաքապետարանը՝ իրար գլխի անկանոն կիտված ժայռաբեկորների վրա: Նաեւ՝ թե այդ դեպքում ինչպե՞ս են շատերը, հենց վտարվողների հարեւանությամբ, հենց հիմա տներ կառուցում, կամ էլ առանց սեփականության վկայական ունենալու՝ գազ անցկացնում: Ինչ է, մի տունը անտառտնտեսությանն է, կողքինը՝ ո՞չ: Ի դեպ, հենց վտարվողների մեջ էլ կան մշտական գրանցում ունեցողներ, ինչը նույնպես հաշվի չի առնվել դատական ատյանների կողմից եւ փոխհատուցման մասին խոսք անգամ չի եղել: «Ի վերջո, երբ մենք քարերի հետ կռիվ էինք տալիս, երկրի ղեկավարները մեզ միայն ոգեւորում էին: Կարեն Դեմիրճյանն էլ է եղել մեր տարածքներում ու հիացել, թե ինչից ինչ ենք ստեղծել: Իսկ հիմա հանկարծ հիշեցին, որ այն ՀՀ սեփականությունն է: Բա մե՞նք ումն ենք, Ամերիկայի՞նն ենք, թե՞ Թուրքիայինը: Վճիռ կայացնելուց առաջ որեւէ մեկը չմտածե՞ց, թե ամեն մեկս մի քանի երեխա ունենք, վերցնենք՝ ո՞ւր գնանք, բոմժերի կացարա՞ն»,- այս հարցերը պատասխան չեն ստացել այս երկրի իշխանություններից: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել