Լրահոս
Օրվա լրահոսը

Սատկած

Փետրվար 14,2006 00:00

Սատկած աղավնին Երեկ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ թռչնագրիպի թեմայով «Չգիտեմ, էդ ձեր թերթերում կտպեք, թե չեք տպի, բայց «Կիկոսի մահը» հիշո՞ւմ եք. գնացի մարդի, ունեցա որդի, վայ Կիկոս ջան, վայ»,- փորձելով բացատրել, որ Հայաստանում թռչնագրիպ չկա, երեկ «թռչնագրիպային» թեմաներով խորհրդարանական լսումների ժամանակ այսպիսի հեքիաթներ էր պատմում «Արզնի» թռչնաֆաբրիկայի հիմնադիր Մարատ Ջանվելյանը: Նա բացառում է թռչնագրիպի առկայությունը, նույնիսկ հավանականությունը եւ բացատրում է, թե ինչո՞ւ են ուրիշ երկրներ աղմուկ բարձրացրել, իբր իրենց մոտ «մի չորս հատ կարապ է սատկել, էդ չորս հատ կարապի համար տեսա՞ք Ադրբեջանին ինչքա՞ն փող տվեցին, հինգ միլիոն տվեցին»: «Դուք ձեր արտադրանքը մի գովազդեք, եւ մի ասեք` թե չկա, դա ես պետք է ասեմ»,- իր խոսքի կշիռը կարեւորեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նաեւ հաստատեց, որ Հայաստանում այսօր թռչնագրիպ չկա: «Բայց ես ո՞վ եմ, ես քառասուն տարի ազգը կերակրողն եմ, ես Սովետաշենի քանդված ֆաբրիկան եմ վերականգնել, ես քսան տոկոս ձայն ունեմ: Մենք տավարաբուծություն չունենք, տապալված է, խոզաբուծություն չունենք, տապալված է, միայն թռչնաբուծություն ունենք, Աստված մի արասցե` մենք էլ վարակվենք: Ու ամեն օր թուրքի կողմից հայտարարում են՝ մենք կհարձակվենք եւ այլն, իսկ ես երեք տարի պատերազմում եմ եղել եւ տեսել եմ, թե զինվորը ի՞նչ է ուզում, առաջին հերթին սնունդ է ուզում»,- դիտողությունը չէր ընդունում Մարատ Ջանվելյանը: «Այսօրվա դրությամբ թռչնագրիպի վիրուս չկա»,- իր հերթին հավաստիացրեց ՀՀ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգորի Բաղիրյանը: Պարոն Բաղիրյանն ասաց նաեւ, որ վերջին շրջանում 230 թռչուն՝ բադեր, սագեր, հավեր են սատկել, բայց դրանցից ոչ մեկի սատկելու պատճառը թռչնագրիպի վիրուսը չի եղել: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լեւոն Ռուխկյանի ասելով՝ արգելված է թռչնամսի ներկրումը Հայաստան: Բայց պարզվում է, որ մինչեւ հունվարի 1-ը Կանադայից եւ ԱՄՆ-ից շարունակվել է Հայաստան ներկրվել թռչնամիս: Ըստ Ռուխկյանի՝ դրանք առավել անվտանգ երկրներ են: «Թույլատրել ենք, որովհետեւ նախնական պայմանագրեր են եղել, բացի այդ, ներկրվածը նրբերշիկ է, որից ընդհանրապես վտանգ չկա»,- արդարացավ պարոն Ռուխկյանը: Լսումներին մասնակցող պատգամավորներին հետաքրքրում էր՝ ինչքանո՞վ ենք մենք պատրաստ կանխարգելել թռչնագրիպը: Պարզվեց, ամբողջ 100 տոկոսով չեն կարող ասել, որ մենք պատրաստ ենք կանխարգելել. «Քանի որ, եթե վիրուսը ներթափանցի Հայաստան, չենք կարող ասել, որ նրա դեմը կառնենք»,- ասաց փոխնախարարը: Իսկ «Արզնի» թռչնաֆաբրիկայի հիմնադիր Մարատ Ջանվելյանը բուռն արձագանքելով՝ հայտարարեց, որ ինքը ամեն օր իր թոռների հետ ձու է ուտում եւ իր հետ ոչինչ չի պատահել: «Սա ինչ հիմարություն է, ինչի՞ համար է այս մեծ պանիկան»,- զայրանում էր պարոն Ջանվելյանը: Իսկ խորհրդարանում դեռեւս շարունակվում է «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի ակցիան՝ անվճար ձու եւ թռչնամիս պատգամավորներին եւ խորհրդարանի աշխատակիցներին: Բոլորն էլ ուտում են առանց աչքն իսկ թարթելու: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել