«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾԻԼԵՐ» Վարչապետը խոստացավ քաշել այն իշխանամետ պատգամավորների ականջները, որոնք համարձակվել են դիմել ՍԴ՝ Բուզանդի փողոցի բնակիչների խախտված իրավունքների հարցով: Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունների ոդիսականը կոալիցիոն ուժերը փորձեցին օգտագործել նոր սահմանադրական փոփոխությունները գովազդելու համար՝ շեշտելով, որ այն, ինչ կատարվեց օմբուդսմենի ընտրությունների ժամանակ, նշանակում էր, որ փոփոխված սահմանադրությունը հնարավորություն տվեց «ժողովրդավարության ծիլերի» արթնացման: Սակայն առայժմ հայտնի չէ, թե խոսքը ի՞նչ ծիլերի մասին է, քանի որ մեզ հաջողվեց պարզել, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամները պարզապես չեն կարողացել մեծ քանակով կեղծիքներ իրականացնել։ Կեղծիքները բավարար չէին. հրապարակված թիվը, ըստ որի, իբր, կոալիցիայի թեկնածուն՝ Արմեն Հարությունյանը հավաքել էր 69 ձայն, մեղմ ասած՝ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա հավաքել էր ընդամենը 52 ձայն: Այնպես որ, եթե կոալիցիան կարողանար, կանցկացներ իր թեկնածուին եւ աչքն էլ չէր թարթի, բայց՝ «չբաշարեցին»: «Ժողովրդավարության ծիլերի» ծնունդը միայն իշխանական ուժերն են տեսնում, իսկ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը մեր հարցին՝ ինքը համաձա՞յն է, որ օմբուդսմենի ընտրության ժամանակ երեւացին ժողովրդավարության ծիլեր, եւ ինչպե՞ս է վերաբերում, եթե կոալիցիան Մարդու իրավունքների պաշտպանի տեղը հանձնի ընդդիմությանը, նկատեց. «Եթե ընտրեն ընդդիմության ներկայացուցչի, դա կլինի քայլ ճիշտ ուղղությամբ, սակայն ժողովրդավարության ծիլերից ես չէի խոսի, քանի դեռ կեղծվում են ընտրությունները»: Մենք հետաքրքրվեցինք՝ ժամանակին կոալիցիայի՝ միասին աշխատելու բազմաթիվ առաջարկներ նույն ընդդիմությունը մերժում էր, պահանջելով պատժել ընտրությունների կեղծարարներին, ապրիլի 12-ի կազմակերպիչներին եւ այլն, հիմա նշանակո՞ւմ է, որ ընդդիմությունը իր պահանջներին հետամուտ չի լինելու, եթե օմբուդսմենի տեղը տրվի իրեն: Պատասխանը հետեւյալն էր. «Իհարկե, մեր պահանջները ուժի մեջ են եւ դրանց միանում է նորը՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Եվ այս պահանջի կատարումը արդեն իրոք իրական ծիլեր կտա հետագայում արդար ընտրություններ անցկացնելու համար»։ «Արդարություն» խմբակցությունը հանդես եկավ եւս մի նախաձեռնությամբ, որին միացավ նաեւ «Ազգային միաբանությունը». 32 պատգամավորների ստորագրությամբ նամակ ուղարկվեց Սահմանադրական դատարան, որով պատգամավորները առաջարկում են ՍԴ-ին՝ պարզել Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի հողերի օտարման վերաբերյալ կառավարության ընդունած որոշումների սահմանադրականությունը: Այս փաստաթղթի տակ ստորագրել են ոչ միայն ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները, այլեւ խորհրդարանական բոլոր խումբ-խմբակցությունների պատգամավորներ: Միակ քաղաքական ուժը, որին, կարծես, չեն էլ հետաքրքրում Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների հանդեպ կիրառված ապօրինությունները, պարզվեց՝ ՀՅԴ-ն է, քանի որ միայն այս խմբակցությունից ոչ մի պատգամավոր չի ստորագրել: Ըստ մեր տեղեկությունների, կոալիցիայի մնացած երկու կուսակցությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավորի ներկայացուցիչների հետ արդեն «բացատրական որոշ աշխատանք» տարվել է, բայց քանի որ մարդիկ վախենում են, որ այս մասին բարձրաձայն խոսելու դեպքում կարող են նոր հարվածներ ստանալ, պարզապես խնդրեցին պահպանել գաղտնիությունը: Անցած շաբաթվա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը եւս շեշտեց, որ վարչապետը հրահանգել է պարզել ստորագրող կոալիցիոն պատգամավորների անունները եւ համապատասխան վերաբերմունք հանդես բերել: Իսկ հրապարակավ, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետն ասել էր. «Այդ փաստաթուղթը դեռ չեն ներկայացրել ինձ, որպեսզի կարողանամ կողմնորոշվել: Երբ ներկայացնեն, կպարզենք՝ ովքե՞ր են միացել ստորագրահավաքին եւ ինչո՞ւ»: Հետաքրքիր է, որ «այդ փաստաթուղթը» պետք էլ չէր ներկայացնել վարչապետին, այն պատրաստված էր միայն Սահմանադրական դատարանի համար, եւ ամենեւին պարտադիր չէր, որ վարչապետին էլ ներկայացվեր: Ստորագրահավաքի համակարգող, «Արդարություն» խմբակցության անդամ Վարդան Մկրտչյանին հարցրինք, թե ինքը մի քիչ իրեն մեղավոր չի՞ զգում, որ այդ ստորագրահավաքի պատճառով իր գործընկերներից մի քանիսին վտանգել է եւ չի բացառվում, որ նրանցից ոմանց հանդեպ որոշ «բացատրական» մեթոդներ կիրականացվեն հենց յուրայինների կողմից: Պարզեցինք, որ՝ ոչ. «Յուրաքանչյուրը, ով ստորագրել է, իրեն այդ հարցում, կարծում եմ, հաշիվ տվել է, այնպես որ՝ մեր քայլերը եղել են արդար, եւ մենք ոչ մեկին չենք խաբել, մենք պարզ ներկայացրել ենք, թե ինչի մասին է մեր ստորագրահավաքը եւ ինչ հարցեր է փորձելու պարզել, մարդիկ, կարծում եմ, իրենց հաշիվ տվել են ստորագրելուց առաջ, մանավանդ՝ իրենք էլ շատ վրդովված են Երեւանի կենտրոնի հետ կատարված վայրագությամբ»: Պատգամավորների անունները թողնում ենք գաղտնի, մանավանդ, որ փաստաթուղթը «ներկայացնելու» են վարչապետին, նա կիմանա, իզուր ինչո՞ւ մարդկանց անունները հրապարակենք: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ