Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Փետրվար 14,2006 00:00

Որովհետեւ պետական դահլիճներ վերջիններիս տրվում են ընդհանուր հիմունքներով

Ժամանակին ընդունված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի որոշ կետեր մշակույթի ոլորտի համար արդեն տարիներ շարունակ իսկական պատուհաս են դարձել, ինչին «Առավոտը» քանիցս անդրադարձել է՝ մեջբերելով մշակութային այս կամ այն կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի կամ տնօրենի խոսքը: Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) մասին օրենքի կետերից մեկը, որը այդպես էլ չվերանայվեց, ինչի համաձայն, մշակութային օջախի տնօրենը կարող է մեկ ստորագրությամբ հեռացնել մասնագետ գեղարվեստական ղեկավարին: Կարելի է առանց երեւակայությունը ծանրաբեռնելու պատկերացնել, թե ինչ կլիներ հայ թատրոնի հետ, երբ ժամանակին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը հեռացներ, օրինակ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Վարդան Աճեմյանին:

ՊՈԱԿ-ի մասին օրենքի մեկ այլ կետի համաձայն էլ, պետական, ավելին՝ նախարարության ենթակայության երաժշտական կոլեկտիվները մենահամերգի համար մուծում են դահլիճների վարձավճարներ: Թեպետ պետական կոլեկտիվների համար սահմանված է նվազագույն գումար, բայց դա էլ հոգս է, պարզ պատճառով՝ այսօր ոչ մի նման երաժշտախմբի համերգին անշլագ չի լինում: Ինչպես «Առավոտին» հայտնեց «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը. «Ստացվում է, որ ցանկացած մեծ սրահում մուծելով, օրինակ, 1000 դոլար վարձավճար, տոմսի գինը դնելով ընդամենը 1 դոլար, անշլագ լինելու դեպքում հազիվ կարողանանք վարձը վճարել, իսկ կոլեկտիվին ոչինչ չի մնա: Այսպես շարունակելը դժվար է: Պետք է հարցը օրենքով կարգավորվի»:

Ըստ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի, թեեւ մեր երկրում, այսպես կոչված՝ արենդան նորմալ գին ունի, բայց մեր կյանքը համարժեք չէ այդ «արենդային»: Պարոն Թոփիկյանը տեղեկացրեց նաեւ, որ մեզանում շատ կոլեկտիվներ հենց այդ պատճառով հայտնվում են փակուղու առջեւ, ու եթե չեն գտնում հովանավոր, այդպես էլ բեմ դուրս չեն գալիս: «Անխոս, կան դահլիճներ, որ նախարարությանն են պատկանում: Ես այդ խոհանոցին այդքան ծանոթ չեմ, բայց գտնում եմ, որ հարցն արդիական է եւ պետք է լուծում ստանա»,- նշեց երգչախմբի ղեկավարը:

«Բարեկամություն» պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանն էլ այս առիթով հիշեց, որ հարցը բարձրացվել է դեռ նախկին նախարար Հակոբ Մովսեսի օրոք, բայց լուծում չի գտել. «Եթե դահլիճի վարձավճարի հարցը լուծում ստանա, կոնկրետ մենք՝ կկարողանանք մեր եկամուտների հաշվին տարազներ կարել: Իսկ այս հարցը նախարարությունը պետք է վճռի կառավարության հետ»:

«Ճիշտ է, մուծում ենք նվազագույն վարձ, բայց դա միանշանակ սխալ է: Չէ՞ որ դահլիճն էլ պետական է, ինչպես, օրինակ, մեր կոլեկտիվը: Այստեղ հարցը ոչ այնքան վարձավճարի չափի մասին է, որքան սկզբունքի»,- կարծում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի տնօրեն Գեղամ Մելիքսեթյանն էլ համոզված է, որ, ըստ օրենքի, ՊՈԱԿ-ը իրավունք ունի գումար գանձել, քանի որ ինքը տնտեսական ծախս է կատարում՝ լույս, միկրոֆոն եւ այլն, որը պետք է փոխհատուցվի ինչ-որ բանով. «Մյուս կողմից էլ ճիշտ կլիներ, որ պետությունն իր վրա վերցներ այդ ծախսերը»:

Խնդրի առնչությամբ մշակույթի նախարարության տեսակետը, որն «Առավոտին» հայտնեց հասարակայնության հետ կապի պատասխանատու Գայանե Դուրգարյանը, հետեւյալն է. «Այդ հարցը կարգավորվում է հարկային օրենսդրությամբ, ինչը բացառություն չէ մշակույթի ոլորտի ՊՈԱԿ-ների համար»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել