Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցները դեռ չեն տաքացել

Փետրվար 14,2006 00:00

Ձմեռային
արձակուրդներից հետո ոչ միայն ցուրտը, այլեւ Տյառնընդառաջի տոնը նպաստավոր առիթ է
դասերից բացակայելու համար: «Մեր տոներն այնքան քիչ են, որ մենք աշխատում
ենք գոնե եղածները ինչքան հնարավոր է ճոխ նշել»,- ասաց Հակոբ Կարապենցի անվան թիվ
6 դպրոցի տնօրեն Օվսաննա Բաբայանը: Որպես կանոն, ձմեռային արձակուրդներից հետո ոչ
բոլոր ծնողներն են համաձայնում, որ իրենց փափկասուն երեխաները դպրոց հաճախեն հենց
առաջին օրվանից: «Դե, ինչ իմանաս, արդյոք մեկ ամսից ավելի ձգվող արձակուրդների ընթացքում
դպրոց մարդ մտե՞լ է, եւ արդյոք դարն ապրած տեները միացրե՞լ են գոնե 1-2 ժամով: Իսկ
հիմա վարակներն այնքան շատ են, որ չնչին մրսածության դեպքում երեխան անպայման կհիվանդանա»,-
նշեց մեզ հանդիպած 3 դպրոցական երեխաներ ունեցող մայրերից մեկը: Կիրակի Էրեբունի
համայնքի մի մասը հոսանքազրկված է եղել, ինչի պատճառով թիվ 6 դպրոցը, որի դասասենյակները
ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, բավական սառն էին: Տնօրեն Օվսաննա Բաբայանը
նշեց, որ միայն առավոտյան ժամը 7-ին են կարողացել միացնել տաքացուցիչները: «Հետո
ինչ, որ դասասենյակները այդքան էլ տաք չեն, մենք մեր ջերմությամբ ենք դրանք տաքացնում»,-
ասում էին 6-րդ դպրոցի աշակերտները: «Մենք հավանաբար մյուս շաբաթ կունենանք կաթսայատուն,
դպրոցը կգազիֆիկացվի եւ ավելի տաք կլինի մեզ մոտ: Կառավարությունը մեզ հունվարին
88 մլն դրամ էր հատկացրել վերանորոգման համար, այս գումարից 4-մլնը կհատկացնենք գազիֆիկացմանը»,-
ասաց Օ. Բաբայանը: Նա ավելացրեց, որ դպրոցն արդեն 70 տարեկան է եւ նախորդ տարի ՀՀ
կառավարության հատկացրած 86 մլն դրամով կարողացել են վերանորոգել դպրոցի 4-րդ հարկը,
եւ այս տարի վերանորոգման աշխատանքները կշարունակվեն: «Մեր դպրոցը բավականին հին
էր եւ որքան էլ ջեռուցեինք, միեւնույն է՝ պատերի եւ պատուհանների անցքերից ցուրտն
անմիջապես ներխուժում էր դասասենյակներ»,- պատմեց Օ. Բաբայանը: Թիվ 98 դպրոցի
աշակերտուհի փոքրիկ Տաթեւիկը «Առավոտին» պատմեց, որ ընդամենը 6 հոգի են եղել դասարանում:
«Մյուս դասարաններում էլ քիչ էին աշակերտները: Դպրոցում «գոլ» էր, մենք «դուբլյոնկաներով»
էինք դասի նստել: Բայց միեւնույն է, ես շատ էի ուզում դպրոց գնալ, կարոտել էի դասընկերներիս,
ուսուցիչներիս»: Այս դպրոցը գազիֆիկացված է եւ ունի լոկալ ջեռուցման համակարգ, սակայն
առաջին օրը դեռ պատերն էլ չէին հասցրել տաքանալ: Թիվ 140 դպրոցի ծնողներից
մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Ես երեխաներիս այս շաբաթ դպրոց չեմ ուղարկելու,
քանի որ դեռ դետեմբերին ջեռուցման հետ կապված խնդիրներ կային, խողովակներ էին տրաքել:
Այդ խնդիրները մինչեւ այսօր լուծված չեն, թեպետ ասում են, որ դպրոցի գազիֆիկացման
աշխատանքները շուտով կավարտվեն եւ այն լիարժեք կջեռուցվի: Իմ երեխաները լավ են սովորում,
տանը ինքնուրույն կպարապեն մի քանի օր»: Թիվ 116 դպրոցի աշակերտներից տեղեկացանք,
որ դպրոցում «տեներ» են վառում: «Բայց դրանք այնքան էլ չեն տաքացնում, դասամիջոցներին
գնում կպնում ենք տեներին, որ տաքանանք,- պատմեց աշակերտներից մեկը:- Քույրիկս փոքր
է: Նրանց դասարանում նաեւ «պլիտա են» վառում: Դասղեկն ասում է՝ իմ երեխեքին ես շատ
եմ սիրում ու չեմ թողնի մրսեն»,- ավելացրեց աղջիկը: Հակահամաճարակային տեսչության
դպրոցական բաժնի պետ Ալեքսանդր Իսրայելյանից տեղեկացանք, որ դպրոցների ուսումնասիրության
աշխատանքները սկսվել են ուրբաթ օրվանից: Սակայն ընդհանուր վիճակի մասին ամփոփ տվյալներ
դեռեւս չկան: Բաժնի պետը պատրաստակամություն հայտնեց օպերատիվ միջոցներ ձեռնարկել,
եթե ունենք ահազանգեր կամ մեր անձնական հետախուզությունից ստացված տվյալներ՝ դպրոցներում
առկա ցածր ջերմաստիճանի եւ վարակների մասին: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել