Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ

Փետրվար 14,2006 00:00

Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունները գնահատում են Հայաստանի քաղաքական գործիչները

«Չնայած այն իրողությանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք չբերվեց, այնուամենայնիվ հայկական կողմը դրական է գնահատում բանակցությունների շարունակման փաստը»,- անդրադառնալով փետրվարի 10-11-ը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ռամբույեում տեղի ունեցած հանդիպմանը, երեկ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Այդ հանդիպմանն առնչվող տեղեկությունների համաձայն, ավարտված բանակցությունների փորձաքար էին դարձել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման ու ԼՂ-ում հանրաքվեի անցկացման հարցերը: Ու թեեւ տարբեր տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ Ռամբույեի հանդիպումը, որից մեծ սպասելիքներ ունեին հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու հակամարտող երկրների նախագահներին իր երկրում ընդունած Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, այդուհանդերձ, այն, որ բանակցություններն, ըստ էության, տապալվել են՝ խոստովանում են նաեւ հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ովքեր միաժամանակ մտադիր են բանակցությունները շարունակել: Հաջորդ բանակցությունները, որոնք տեղի կունենան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով, նախատեսվում է անցկացնել մարտի սկզբին՝ Վաշինգթոնում:

Ռամբույեան հանդիպումների այսպիսի արդյունքի մասին կանխատեսում էին ե՛ւ ՀՀ-ում, եւ Ադրբեջանում: «Սպասում էինք, որ այսպես կլինի, որովհետեւ, մեր կարծիքով, ապօրինի իշխանությունները չեն կարող արժանապատիվ խաղաղության երաշխավոր լինել: Մեր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններն ավելի են տրամադրված կարգավորել ԼՂ հակամարտությունը, քան մեր երկրներում մասնավոր հետաքրքրություններ հետապնդող ռեժիմները»,- երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նրա համոզմամբ, իհարկե, վատ է, որ խնդիրը կարգավորելու համար լուծումներ չեն գտնվում, որովհետեւ Ս. Սուրենյանցի ասելով՝ «չկարգավորված հակամարտություն-շրջափակված Հայաստան-մոնոպոլ տնտեսություն» բանաձեւը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը եւ բխում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության, բայց ոչ ՀՀ քաղաքացիների շահերից»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի դիտարկմամբ եւս Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունների ձախողումը կանխատեսելի էր, բայց միանգամայն այլ պատճառաբանությամբ: «Մինչեւ բանակցությունները Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները լի էին անհանդուրժողականությամբ»,- «Արմինֆոյի» թղթակցին ասել է պարոն Հովհաննիսյանը՝ հավելելով միաժամանակ, որ դա դեռեւս բանակցային գործընթացի փակուղի համարել չի կարելի: Ըստ նրա, «Ադրբեջանում պատրաստ չեն հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին, Ռամբույեում հանդիպումից առաջ ադրբեջանական իշխանությունների հայտարարություններում բացակայում էր փոխզիջման որեւէ պատրաստակամություն»:

Մինչդեռ բանակցությունների տապալումը ադրբեջանական կողմի անզիջում լինելու հանգամանքով բացատրելը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ճիշտ չի համարում. «Ես միշտ դեմ եմ դիվանագիտության մեջ որեւէ կողմին թշնամացնելու: Դիվանագիտությունը դիվանագիտություն է, հենց այն պատճառով, որ պատերազմ չէ: Ամեն ինչ միշտ գցելով երկրորդ կամ երրորդ կողմի վրա՝ դիվանագիտական հաղթանակ չենք ունենա: Եկեք մենք մեր դիվանագիտությունն ու քաղաքական գիծն առաջ տանենք՝ հասկանալով, որ հակառակորդն էլ իր քաղաքականությունն է վարում: Սխալ է այս դեպքում փնտրել մեղավորին, հարկավոր է լուծման ուղիներ գտնել»:

Ա. Կարապետյանը հիշեցրեց, որ ինքը դեռ մինչեւ նախագահների հանդիպումն էր կարծիք հայտնել, որ հենց բանակցողները մտնեն մանրամասների մեջ ոչինչ չի ստացվի: «Կարծում եմ, ես ճիշտ էի»,- ասաց կուսակցության նախագահը, ով դեմ է Ռամբույեից հետո բանակցությունները համարել փակուղի մտած: Ըստ նրա, «դիվանագիտության մեջ փակուղիներ չեն լինում»:

Խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որ մինչեւ Ռամբույեում կայանալիք հանդիպումը եւս կարծիք էր հայտնել, թե 2006-ին ԼՂ հակամարտությունը չի կարգավորվի, միաժամանակ չէր բացառել, որ «խաղաղության մասին պայմանավորվածության վերաբերյալ կոնկրետ փաստաթուղթ կստորագրվի»: Արդեն կայացած հանդիպումից հետո նա եւս այն կարծիքին էր, որ բանակցություններում հաջողություններ չեն լինի, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները մերժում են փոխզիջման որեւէ հնարավորություն: Միակ բանը, որից գոհ է պարոն Սահակյանը, այն է, որ բանակցությունները շարունակվելու են, ինչը նշանակում է, որ կնքված հրադադարը կպահպանվի:

Ի դեպ, երեկ մեկնաբանելով Ռամբույեում տեղի ունեցած հանդիպումը՝ մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն է «Ռադիոլուրին» ասել, թե՝ «հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն ուժի պարտադրման եղանակով»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել