Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐԻՆ-2006».

Փետրվար 11,2006 00:00

«ԹՈՒՐԻՆ-2006». ԹՎԵՐ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ Թուրինի ռեկորդները Ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերին մասնակցում են աշխարհի 85 երկրի 2,5 հազար մարզիկ-մարզուհիներ: Մրցումները սպասարկելու համար արտերկրից հրավիրվել են 650 մրցավար եւ մրցավարի օգնական: Խաղերի օրերին Թուրին է ժամանել ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչպես նաեւ հովանավորական կազմակերպությունների եւ ընկերությունների շուրջ 6 հազար ներկայացուցիչ: 15 մարզաձեւերում խաղարկվելու է մեդալների 85 հավաքածու: Մրցումները լուսաբանելու համար հավատարմագրվել են 10 հազար լրագրող, օպերատոր եւ լուսանկարիչ: Մամուլի կենտրոնում միաժամանակ աշխատել կարող է հազար լրագրող: Խաղերի բացման արարողությանն ամբողջ աշխարհում հեռուստացույցով հետեւել է շուրջ 2 միլիարդ մարդ: Անվտանգության ապահովման բացառիկ միջոցառումներ Միջազգային ահաբեկչության՝ վերջին շրջանում հայտնի պատճառներով մուսուլմանական աշխարհում ահագնացած բողոքի ցույցերի ալիքի ֆոնի վրա Իտալիայի իշխանությունները օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման աննախադեպ միջոցառումներ են իրականացնում: Այդ գործի պատասխանատու պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ սկսած Խաղերի բացման օրից՝ Թուրինի երկինքը ինը կիլոմետր շառավղով փակ է օդանավային թռիչքների համար: Ձմեռային օլիմպիական խաղերի երկնային սահմանները շուրջօրյա պաշտպանում են Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները: Քաղաքի շրջակա սարերում հատուկ պատրաստություն անցած ու լրիվ սպառազինված 300 զինծառայող ձնագնացներով ու դահուկներով հերթապահում է 24 ժամ: Իսկ օլիմպիական օբյեկտներում՝ հյուրանոցներում, մրցումների անցկացման վայրերում, օդանավակայաններում, երկաթգծի կայարաններում, փողոցներում մշտական պարեկություն է անում ամբողջ Իտալիայից ժամանած տասը հազար ոստիկան: Առաջին սկանդալները Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ձմեռային օլիմպիական խաղերի բացման նախօրյակին մամուլի հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացվում է, որ արյան մեջ կարմիր գնդիկների բարձր տոկոսի պատճառով ութ դահուկորդ մրցումներից հինգ օրով հեռացվել է: Նրանք են. տղամարդիկ՝ ամերիկացիներ Շոն Կրուքսը եւ Լեյֆ Ցիմմերմանը, ֆրանսիացի Ժան-Մարկ Գալյարդը, բելառուսցիներ Սերգեյ Դոլիդովիչը եւ Ժան-Ալեքսանդր Լազուտկինը, կանայք՝ Նատալյա Մատվեեւան (Ռուսաստան), Կիկկան Ռենդալը (ԱՄՆ), Էվի Զահենբահերը (Գերմանիա): Իտալիայի հեռուստաընկերությունները լուրերի բաժնում ազգաբնակչությանը տեղեկացրել են, որ Թուրինի Մայիսի 1-ի փողոցում, որը տանում է դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ, երեկոյան գործել է պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգը: Հատուկ որսիչը, որ տեղադրված է այդ գոտում, արձանագրել է կասկածելի նյութ, որը գտնվելիս է եղել ինչ-որ մեկի թողած ճամպրուկում: Անմիջապես ժամանած սակրավորները բացել են ճամպրուկը: Բարեբախտաբար՝ պայթուցիկ չի հայտնաբերվել: Ճամպրուկում եղել են լուսանկարչական սարքի սովորական մարտկոցներ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել