Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ

Փետրվար 11,2006 00:00

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐԻԱՑԻՆԵՐԸ ՏՈՆԵԼ ՏՐՆԴԵԶԸ Տոնին այսօր մասնակցում են նաեւ քրդերն ու եզդիները Պատմական Հայաստանի շատ վայրերում այն համարվել ու այսօր էլ համարվում է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Տրնդեզ՝ մեծ խարույկ, կրակի դեզ, հրե դեզ: Արիական ցեղի ազգերից միայն հայերն ունեն այս տոնը ու այն միշտ էլ նշվել է այսօրվա օրացույցով՝ փետրվարի 13-ին: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ: Նշեմ մի քանի սովորույթներ՝ քիչ թե շատ պահպանված իմ հայրենի Գողթան գավառում: Որպես լեռնային գավառ, այնտեղ ավելի շատ են պահպանել ազգայինը: Նաեւ՝ չէ՞ որ Հուրիներ ցեղախմբի արմատը Գողթանի լեռնային շրջանի հայերն են, իսկ Հուրիների նախահայրը Վահագն աստվածն է: Կարճ շարադրեմ Տրնդեզի տոնակատարությունը Գողթանում: Փետրվարի 12-ին երիտասարդների մի փոքրաթիվ մաս լուսաբացին շարժվում էր դեպի Նավասարդի լանջին գտնվող Վահագնի խաչ կամ Սուրբ խաչ կոչվող մեծ ժայռաբեկորի մոտ: Այդ վայրը շատ դժվարամատչելի տեղ է, այնտեղ կարող են հասնել միայն հմուտ լեռնագնացները: Փառաբանելով իրենց աստծուն ու նախահորը, վառում էին մեծ խարույկ, կրակի վրա պահում էին իրենց հետ բերված դաշույնները, կարճ թրերը՝ մինչեւ շիկանար, որից հետո բոլորը շուրջպար էին բռնում Տրնդեզի շուրջը ու երգում մեր աստվածներին փառաբանող երգեր: Հիշեցնեմ, որ պատմահայր Խորենացին Գողթանի երգիչներից է գրի առել Վահագնի երգը: Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ: Այդ բոլորը, իրենց օջախները վերադառնալուն պես, նրանք բաժանում էին, իսկ աղի գաթան տալիս էին սիրահարներին: Բերում էին նաեւ կիսավառ փայտածուխի կտորներ, որպեսզի այդ օրը վառվեր տան օջախը, թխվեր լավաշ, գաթա ու եփվեր կերակուրներ տոնի ու հետագա օրերի համար: Մի քանի կտոր փայտածուխ՝ բերված Տրնդեզի խարույկից, ինչպես նաեւ օջախում վառված կրակից, պահվում էին մինչեւ մարտի 21-ը՝ մեր Ամանորը: Փետրվարի 13-ին լավաշը այնքան էր թխվում, որ հերիքեր մինչեւ մարտի 22-ը: Իսկ օջախի մոխիրը ցանվում էր գյուղի աղբյուրի շուրջն ու արտերում: Մյուս գյուղացիները, որոնք չէին կարող գնալ Վահագնի խաչ, իրենց Տրնդեզը նշում էին Կարմիր վանքի մոտ գտնվող մի վայրում, որը կոչվում էր Վիշապի անձավ կամ փոս: Տարիներ առաջ հայրս կազմակերպել էր մի արշավ դեպի այդ խոր փոսը՝ 8-10 մ խորությամբ: Նա միայնակ, պարանների օգնությամբ իջել էր, հետո՝ որպեսզի մենակ չմնա, կատակել էր, թե՝ կճուճով ոսկի կա այստեղ: Այդ պահին շատերը արագ իջել էին անձավ, բայց այնտեղ տեսել էին միայն մարդկանց ու կենդանիների գանգեր, ոսկորներ, կենցաղային իրեր: Այդ վայրում էր նշվում տոնը, քանի որ, ըստ ավանդության, հենց այդ անձավի մեջ ապրող վիշապին է խեղդել Վահագնը ու կոչվել Վահագն Վիշապաքաղ: Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով՝ Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ, ինչպես գաղափարի, այնպես էլ մարմնի, իսկ նորահարսները լույս աշխարհ կբերեն Վահագնի, Աստղիկի նման օծված զավակներ, սիրահարվածները ավելի ջերմ կսիրեն ու կջերմացնեն միմյանց: Իսկ Հայաստան գալուց հետո գրեթե նույն ձեւով տոնը նշում էինք Գառնիի տաճարում: Բայց վերջին տարիներին տաճարի մոտ կրակվառոցն արգելվեց, որովհետեւ հրապարակի սալաքարերը փչանում էին: Մենք էլ արորդիների հետ Տրնդեզն անում ենք Կարմիր բլուրում: Պատմական տեղեկություններով, այդտեղ է գտնվում կրակի եւ ռազմի ուրարտական աստված Թեյշեբայնի տաճարը: Տոնակատարությանը մասնակցում է 100-150 հոգի, նաեւ՝ մարզերից: Հաճախ ուրախությանը մասնակցում են քրդեր ու եզդիներ՝ ընտանիքներով, բայց կրակի վրայով չեն թռչում: Տոնը կազմակերպում է «Արորդիների ուխտը»: Օգտվելով առիթից, որ մոտենում է Տրնդեզը, շնորհավորում եմ բոլոր արիներին, ցանկանում եմ հաղթանակ ու հզորություն Հայաստանին, նորապսակներին՝ պինդ ու ամուր օջախ, երիտասարդներին՝ սեր ու գեղեցկություն, բոլորս լինենք մեր հայրենիքի զինվորները: Փառք Վահագնին: ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԴԱԼՅԱՆԳողթան գավառի արեւորդիների առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել