Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ

Փետրվար 11,2006 00:00

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ ՁՄԵ՞ՌՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ Շիրակցիները հիացած չեն բնապահպանների աշխատանքով Ինչպես հայտնի է, թռչնագրիպի տարածման վտանգից զգուշանալու նպատակով բնապահպանության նախարարությունը վերջերս խիստ հանձնարարական էր տվել բնապահպանական մարզային տեսչություններին՝ արգելել թռչնաորսը մարզերում: «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք հսկո՞ւմ են որսորդներին վարակի տարածման առումով ամենավտանգավոր՝ Թուրքիային սահմանամերձ մարզում՝ Շիրակում: Բնապահպանության նախարարության հանրապետական բնապահպանական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետ Արտուշ Մովսիսյանի ասելով, իրենք ստուգայցերը սկսել են սահմանամերձ գյուղերից, շատ համայնքներ էլ չեն կարողացել գնալ՝ ճանապարհների փակ լինելու պատճառով: «էս բնակլիմայական պայմաններին կարո՞ղ ենք հասնել Արփա լճի ինչ-որ արեւմտյան հատված»,- մեզ էր հարցնում մարզի գլխավոր բնապահպանը: Այդ դեպքում ինչպե՞ս են կանխելու որսորդների՝ թռչնորսի գնալու գայթակղությունը, համայնքի ղեկավա՞րն է «պահակ կանգնելու»: «Մեր մարզն ունի 119 համայնք, ես ունեմ ընդամենը 5 տեսուչ»,-արդարացավ պարոն Մովսիսյանը: Վերջինիս ասելով, իրենց կառույցին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինքը հանդիպել է բոլոր համայնքապետերի հետ ու խնդրել՝ որսագողության դեպքում իրենց տեղյակ պահել: Չի բացառվում, որ համայնքապետը որսորդների ու որսի դեպքերի վրա աչք փակի, բնապահպանական մարզային տեսչությունը շուկաներում ստուգումներ անցկացնո՞ւմ է: Ըստ Արտուշ Մովսիսյանի՝ շուկաներում առայժմ վաճառքի հանված են տներում պահված թռչունները, իսկ ամենակարեւորը՝ Ախուրյանի լիճը սառցակալված է, այսինքն՝ որսագողության առումով վտանգ չկա, մարզում վայրի թռչունների անկման դեպքեր չեն արձանագրվել, բնակչության մոտ էլ առհասարակ խուճապ չի նկատվում: Ի տարբերություն պաշտոնյայի ասածի, վերջին օրերին շիրակցիները իրոք խուճապի մեջ են, չվող թռչունների գալու օրերը մոտեցել են, իսկ թաղերից մեկում արձանագրվել են նաեւ ճնճղուկների սատկելու դեպքեր: Այլ հարց է, որ գյումրեցիներից շատերը անասնաբուժական լաբորատորիայի մասին նոր-նոր են լսում, իսկ բնապահպանական տեսչության մասին իրոք գաղափար չունեն ու միշտ առաջինն օգնության են կանչում լրատվամիջոցներին: Իսկ թռչնագրիպի թեմայից դուրս ի՞նչ լուրջ խախտումներ են հայտնաբերվել բնապահպանության տեսչության կողմից: Օրինակ՝ մարզում ծառահատման բազմաթիվ դեպքեր են եղել, որոնց դարձյալ արձագանքել են միայն լրատվամիջոցները: Ինչո՞ւ է բնապահպանական տեսչությունն իրեն պաս իվ պահում. օրինազանցությունները կանխելն իր գործառույթների մեջ չի՞ մտնում: Ըստ մարզի գլխավոր բնապահպանի՝ իրենց նախկինում հանձնարարված էր հսկել միայն անտառային գոտիները, իսկ անցած տարվանից՝ նոր օրենքի համաձայն, իրավունք է վերապահվել վերահսկել նաեւ հասարակական վայրերը, բնակավայրերը: Նախկինում, պաշտոնյայի ասելով՝ վարչական տույժի ենթարկելու իրավունք չունեին ու այս առումով հսկողությունը թույլ էր: Սակայն այժմ էլ գյումրեցիները հիացած չեն բնապահպանների հսկողության որակով, հատկապես որ երբեմն ստիպված են լինում անձամբ կռվել կանաչ գոտի ներխուժողների հետ: Բացի այս, որոշ մասնագետներ էլ այն կարծիքին են, որ Շիրակի դաշտավայրում խայտառակ վիճակում են հանքավայրերը, ոչ մասնագիտական մոտեցում է ցուցաբերվում քարհանքերի նկատմամբ, այն լրիվ «փչացնում» են: Անգամ խիստ գնահատական է հնչում, որ տուֆը Հայաստանի քար անվանելու իրավունք այլեւս չունեն, հանքատերերից շատերն էլ օրինական փաստաթղթեր չունեն: Հիշեցնենք, որ այս խնդիրները ժամանակին «կրախի» առջեւ էին կանգնեցրել Վահագն Հովնանյանի ֆինանսավորմամբ հիմնադրված «Հովբիլթ Բրիկ» քարամշակման արտադրությանը եւ այս, ինչպես նաեւ ծառահատումների մասին հրապարակումներ եղել են: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել