Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՐԵՆՔ՝

Փետրվար 11,2006 00:00

ՍԻՐԵՆՔ՝ ԱՌԱՆՑ ՍԻՐԱՀԱՐՎԵԼՈՒ Սուրբ Վալենտինի տոնը հորինել են բիզնեսմեննե՞րը Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների եւ սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը։ Վերջին տարիներին մեր եկեղեցին բավական մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի երիտասարդները նշեն հենց այս տոնը եւ մոռանան կաթոլիկների Սուրբ Վալենտինի տոնը, որը, պարզվում է, եկեղեցական տոն չէ։ Այն, մեր «Աղի բլիթի» նման, ժողովրդական ավանդույթ է, եւ կաթոլիկ եկեղեցին բնավ էլ չի ընդունում Վալենտինի տոնը, ինչպես Հայ առաքելական եկեղեցին՝ Աղի բլիթը։ Մեր շատ քահանաներ նույնիսկ կարծիք են հայտնել՝ արգելել այս սովորույթը կամ գոնե թույլ չտալ, որ այն կապեն Սուրբ Սարգսի տոնի հետ։ Որովհետեւ եկեղեցին մերժում է ցանկացած տեսակի գուշակություններ, իսկ աղի բլիթն ուտելով երիտասարդներն ակնկալում են երազում տեսնել իրենց ապագա սիրեցյալին։ Այս մասին օրերս երիտասարդների հետ մի հանդիպման ժամանակ ասաց տեր Տաճատ քահանա Դավիդյանը։ Հետո այս հարցը քննարկվել է, եւ որոշվել, որ մեկը մյուսին բնավ էլ չի խանգարում. պետք է հարգել ժողովրդական ավանդույթները։ Հավատացյալների համար ընդունելի մեկ այլ սովորույթ կա, ըստ որի՝ փոխինդով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասում, թե ում մատուցարանի վրա հետք կթողնի Սուրբ Սարգսի ձիու պայտը, որ մաքրության, անաղարտության խորհրդանիշն է, նրա նվիրական երազանքն էլ այդ տարի կիրականանա։ Իսկ ո՞վ է Սուրբ Սարգիսը: Նա հայ չէ՝ կամ հույն է, կամ կապադովկիացի, բայց քրիստոնյա է, ինչի համար էլ Պարսկաստանում Շապուհ արքան հրամայում է սպանել նրան՝ այն բանից հետո, երբ Սարգիսը հրաժարվում է հավատափոխ լինել: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի, ուր կառուցվում է Ս. Սարգիս եկեղեցին։ Ըստ ժողովրդական պատումներից մեկի էլ՝ Սարգիսն իր 39 զինվորների հետ կայսերական պալատում հերթական հաղթանակը նշելուց հետո քուն է մտնում։ 40 աղջիկներին կայսրը հրամայում է սպանել 40 քաջերին։ 39 աղջիկները կատարում են հրամանը։ Իսկ 40-րդը քնած Սարգսին սիրահարվելով՝ համբուրում է ու արթնացնում նրան։ Սարգիսն էլ հեծնում է ձին ու իրեն սիրահարված կույսի հետ հեռանում է քաղաքից։ Ու դառնում է երիտասարդների, սիրող սրտերի հովանավորը: Ասում են, որ նրա անունից Աստծուն դիմելու դեպքում ձայնդ հաստատ տեղ կհասնի: Այս տարի փոխվել է այն բոլոր ցուցապաստառների բովանդակությունը, որ գովազդում էին Վալենտինի տոնը։ Եվ այն համերգները, որ պետք է նվիրվեին Վալենտինին, կնվիրվեն Սուրբ Սարգսին: Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կայանալիք փետրվարի 12-13-ի համերգներից առաջ հանդիսատեսին կբաժանվեն բացիկներ եւ սրտաձեւ զարդեր՝ Սուրբ Սարգսի անունով: Այսպիսով, մենք կամաց-կամաց ունենում ենք մերը եւ հավատում ենք մերին: Իսկ ինչպե՞ս Վալենտինը գրավեց ողջ կաթոլիկ աշխարհը: Այս մասին հետաքրքիր մեկնաբանություն տվեց տեր Տաճատը. «Դեկտեմբերի 25-ի՝ Սուրբ ծննդյան տոներից հետո կտրուկ դադարում էր առեւտուրը եւ բիզնեսմենները մեծ վնասներ էին կրում, երբ հանկարծ օգնության եկավ Վալենտինի օրվա հետ կապված սովորույթը, որ պետք է սիրահարները միմյանց նվերներ մատուցեն: Թե չէ՝ խանութները դադարել էին առեւտուր անել»: Այսինքն՝ տոնը նախեւառաջ մարքեթինգային նշանակություն ունի. այդ օրերին ընդունված է ծաղիկներ, շոկոլադ նվիրել, կանանց՝ ներքնազգեստ, եւ ընդհանրապես այն ամենը, ինչ հաճելի է սիրելի մարդուն: Ըստ տեր Տաճատի, սիրահարվելը մեղք է, իսկ սիրելը՝ ոչ: Որովհետեւ սիրահարվելիս կորցնում ես խելքդ ու միտքդ, կորցնում ես քեզ: Իսկ անշահախնդիր սերը, սիրած մարդու համար զոհողությունների գնալը առաքինություն է: Այլ կերպ ասած՝ սիրահարվելն ավելի շատ ֆիզիկական երեւույթ է, իսկ սերը՝ հոգեւոր: Տեր հայրը տալիս է ընտանիքի ամրության եւ հավերժ համերաշխ ապրելու դեղատոմսը, որ երեք պայման ունի՝ կարողանալ ներում հայցել, ներել եւ գնահատել դիմացինին: Վերջին պայմանի հետ կապված նա մի դեպք պատմեց իր կյանքից: Խանութներից մեկում հանդիպել է իր ծանոթ քահանաներից մեկին՝ կնոջ հետ եւ վերջինիս ասել. «Ինչ լավ տեսք ունեք, իրիցկի՛ն, ձեր նոր սանրվածքը շատ է սազում ձեզ»: Իրիցկինը դարձել է ամուսնուն եւ հանդիմանել. «Ես արդեն 2 շաբաթ է՝ փոխել եմ սանրվածքս, իսկ դու չէիր նկատում, տեսա՞ր՝ տեր Տաճատն անմիջապես նկատեց»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել