Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԻՍԻ

Փետրվար 11,2006 00:00

ԳՈՐԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ Բայց քրեական գործ չհարուցվեց Գորիսի դատախազ Սուրեն Վարդանյանը Գորիսի հիվանդանոցի մանկական բաժանմունքի բժիշկների գործողություններում հանցակազմ չտեսավ եւ մերժեց քրեական գործ հարուցել Մարությանների բողոքի հիման վրա: Դատախազի որոշումը մոտ օրերս կվիճարկվի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում: «Որովայնի ցավերից մի քիչ անհանգիստ փոքրիկին զննելուց հետո՝ բժշկուհին «մասնագիտական» սրտացավությամբ հայտարարեց, որ վտանգավոր ոչինչ չկա, ուղղակի երեխայի դիմադրողականությունը մի քիչ ընկած է, անհրաժեշտ է «կազդուրիչ սիստեմ»: Ըստ կարգի, պահանջեցինք ուղեգիր՝ համապատասխան ախտորոշմամբ, տանելու «ստացիոնար» բաժանմունք: Ուղեգիր չտրվեց, որովհետեւ «բլանկ» չգտնվեց. դրանք փակի տակ էին բաժնի վարիչի աշխատասենյակում, որը քաղաքում չէր»,- պատմում է հիվանդանոցում անցյալ տարի հոկտեմբերի 28-ին մահացած 3 ամսական Միլենա Մարությանի հարազատը՝ Թեհմինա Մարությանը: Երեխայի ջերմությունը չի չափվում, քանի որ ջերմաչափն էլ գտնվում էր բաժնի վարիչի աշխատասենյակում, որը, ինչպես նշեցինք, քաղաքում չէր: Միլենային առանց ուղեգրի եւ ախտորոշման տեղափոխում են Գորիսի մանկական պոլիկլինիկա, այնտեղից նորից տեղափոխում հիվանդանոց, ուր «կազդուրման» գործընթացը ավարտվում է երեխայի մահով: «Բժշկուհի Էլմիրան ուղարկեց մեզ դեղորայք բերելու «Կամոյի ապտեկից»: Այդ պահին թերեւս նրանց անհանգստացնում էր Կամոյի եւ բաժանմունքի փոխշահավետ պայմանավորվածությունը: Բժշկուհու «չար» բախտից «ապտեկը» փակ էր: Դեղորայքը գնեցինք ուրիշ տեղից: Անձնակազմը սիստեմը նախապատրաստեց առանց ուղեգրի ցուցումների»,- շարունակում է Մարությանը. «Ոմն Արշո» (բողոքատուները նախաքննության մարմնին ներկայացրել էին նրա տվյալները) չի կարողանում դիմադրողականությունն ընկած երեխայի երակը մտնել, քանի որ հետագայում պարզվում է, որ նրա տեսողությունը սարսափելի խախտված է»: Ուրիշ բաժանմունքից բժիշկ են գտնում, սակայն այս անգամ էլ չի գտնվում նույնիսկ 2 գրամանոց ներարկիչ: Հետագայում բժիշկները բացատրություն են տվել՝ ասելով, թե չափել են երեխայի ջերմությունը, այն ցածր է եղել, այն դեպքում, երբ բժշկուհին հարազատներին ասել էր, թե ջերմություն չափելու անհրաժեշտությունը չկա: Ծննդաբերական բաժանմունքի բժշկուհի Ա. Շեգունցի եւ թաղային բժշկուհի Ն. Զիլֆուղարյանի եզրակացությամբ երեխան ծնվել էր միանգամայն առողջ եւ աճը ընթացել էր նորմալ: Սակայն բժշկական քարտում հետին թվով գրվել էր, թե երեխան ծնվել է սրտի բնածին արատով, ինչը դարձյալ վիճարկվել է դատախազին ուղղված բողոքում: Երեխայի հարազատները պահանջել են նաեւ հիվանդանոցի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Ս. Ամիրյանից «բժիշկներին գոնե հեռացնել աշխատանքից», սակայն, ինչպես ասում է Թ. Մարությանը, պրոֆեսորը քմծիծաղ էր տվել, հայտարարելով, թե ինքը ազատ է գործում: Հանցակազմը չնկատած դատախազությունը հաշվի չէր առել տուժող կողմի պահանջը՝ քրեական գործ հարուցել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այս հոդվածով առավելագույնը երեք տարի ժամկետով բուժանձնակազմը կզրկվեր որոշակի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Նշենք, որ սա առաջին մահվան դեպքը չէր Գորիսի հիվանդանոցում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել