Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավտոկանգա՞ռ,

Փետրվար 11,2006 00:00

Ավտոկանգա՞ռ, թե՞ շնանոց Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչները ավտոկայանատեղիների շներից պաշտպանվելու համար գրպանում երշիկ են պահում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասի թիվ 190 եւ 11 դպրոցների հարեւանությամբ գործում է երկու ավտոկայանատեղի: Դրանց տերերը ավտոմեքենաների անվտանգությունն ապահովելու եւ գողություններից խուսափելու համար 10-15 կատաղած շներ են պահում, որոնք գիշեր-ցերեկ տարածքը հավատարիմ հսկում են՝ հարձակվելով յուրաքանչյուր անցնող-դարձողի վրա: Հարավ-արեւմտյան Բ-1, Բ-2 եւ մոտակա թաղամասերի բնակիչների խոսքերով, հատկապես ուշ ժամերին վախենում են անցնել այդ տարածքով: Մարդիկ իրենց ուզած վայրը հասնելու համար կամ շրջանցում են վտանգավոր գոտին՝ երկարացնելով ճանապարհը, կամ՝ ռիսկի դիմում եւ շների հետ կռիվ տալիս, կամ էլ շներին խաբելու համար դիմում տարբեր հնարամտությունների: «Շները ոհմակով հասնում են մարդկանց վրա: Բոլորն էլ կատաղած են ու եթե պաշտպանիչ միջոցների չդիմես, մեծ կտորդ ականջդ կթողնեն: Ստիպված փայտ կամ քար ենք պահում դրանց քշելու համար, կամ էլ երշիկ-մերշիկ: Հենց հարձակվում են՝ սնունդը քցում ենք, որ զբաղվեն մինչեւ անցնենք: Հո կրակը չե՞նք ընկել: Հիմա էլ սովորել են՝ էն ծայրից երշիկի հոտն առնում են ու սպասում, թե երբ պետք է իրենց կերակրես: Ամեն անգամ երեխաները մինչեւ այդտեղով անցնում են՝ լեղապատառ են լինում: Եղածները քիչ են՝ ձագերն էլ մի կողմից են բազմանում»,- պատմում են հարակից շենքերի բնակիչները: Նրանց խոսքերով, ավելի հաճախ վտանգի են ենթարկվում դպրոցահասակ երեխաները, քանի որ այդ ավտոկանգառները գործում են համայնքի երկու դպրոցների հարեւանությամբ եւ ոչ բոլորը կարող են ծնողների ուղեկցությամբ դպրոց գնալ-գալ: Երեկ, երբ համայնքի բնակիչների բողոքը փոխանցեցինք Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնին, ի պատասխան մեզ հայտնեցին, որ նշյալ ավտոկանգառները մասնավոր են եւ գործում են թաղապետարանի վերահսկողությունից դուրս: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ասացին, որ «քաղաքապետի որոշմամբ ավտոկայանատեղիները հատկացված են թաղապետարաններին եւ մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերը նրանք են կնքում, հետեւաբար պետք է հոգան, որպեսզի բնակիչներին չանհանգստացնեն»: Սովորաբար մեզ մոտ ավտոկայանատեղերի անվտանգությունը վստահվում է շներին, մինչդեռ դրանց տնօրեններն իրենց բիզնեսը պաշտպանելու համար կարող են ընտրել պահպանության քաղաքակիրթ տարբերակ, ասենք՝ ներդնել անվտանգության համակարգ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել